Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 12-ը՝ ազատության օր

Փետրվար 16,2007 00:00

Երեկ ԳԽ պատգամավորներ Արամ Մայիլյանը, Վարդան Պետրոսյանը, Վարդան Զուռնաչյան, ՄԱԱ նախագահ, «Ամբիոն» թերթի գլխավոր խմբագիր Նարինե Մկրտչյանը, ՄԱԱ վարչության անդամ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը եւ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Վարազդատ Վարդազարյանը հանդես եկան հայտարարությամբ.

«Հայրենակիցնե՛ր,

Մայիսի 12-ը քոչարյան-սարգսյանական բռնատիրական ռեժիմի կողմից հայտարարված է «ընտրությունների» օր:

Վերջին տարիների փորձն ու առաջիկա «ընտրությունների» նախապատրաստական փուլը ցույց են տալիս, որ իշխանությունները պատրաստվում են մայիսի 12-ին ամեն գնով, հերթական անգամ, բռնադատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, վերահաստատել իրենց անօրինական իշխանությունը, շարունակել ժողովրդի կեղեքումը:

Իշխանությունների կողմից ստեղծված բարոյահոգեբանական աղտոտված մթնոլորտը, կաշառակերությունը, կեղծիքն ու անկումը հասել են վտանգավոր սահմանի՝ զոհասեղանին են մեր ազգային եւ պետական շահերը, մեր ապագան: Փրկության ճանապարհը մեկն է. հանուն մեր սերունդների պետք է վճռականորեն մերժենք բռնապետության կողմից մեզ հրամցվող անպատվաբեր խաղը եւ պետք է ոտքի ելնենք հանուն ազատության, ազատ մարդու, ազատ հասարակության:

Սա մեր պատվի գործն է:

Բոլորին՝ Հայաստանի քաղաքացիներին, կոչ ենք անում թոթափել անտարբերությունն ու երկյուղը, տեր կանգնել մեր երկրին, հեռացնել ինքնակոչներին:

Եկել է ազատության ժամը:

Մտավորականին՝ կոչ ենք անում դառնալ հասարակության խիղճը, ոգեւորել ու առաջնորդել մարդկանց դեպի ազատ կամք ու պատիվ:

Եկել է ազատ մտքի ու կամքի ժամը:

Աշխատավոր ժողովրդին՝ կոչ ենք անում տեր կանգնել ձեր արդար վաստակին: Ձեր վաստակով կառուցենք ազատ երկիր ու արդար հասարակություն:

Եկել է արդար վաստակի ժամը:

Գործարարներին՝ կոչ ենք անում նեցուկ լինել մարդկանց, հեռացնել ձեռներեցությունը խեղդող համակարգը, լծվել ազատ տնտեսության կերտման գործին:

Եկել է կապանքները թոթափելու ժամը:

Երիտասարդությանը՝ կոչ ենք անում դառնալ ապագայի ազատության փարոսը, որը մեր ժողովրդին կառաջնորդի դեպի հաղթանակներ ու արժանապատիվ ապագա:

Եկել է արժանապատիվ ապրելու ժամը:

Բոլոր առաջադեմ քաղաքական, հասարակական եւ ժողովրդավարական ուժերին ու գործիչներին՝ կոչ ենք անում հաշվի առնել պահի լրջությունն ու պատմական կարեւորությունը, միավորվել նոր ընդդիմության ու սկզբունքների շուրջ, ձախողենք իշխանությունների նշանակած «ընտրությունները» եւ մայիսի 12-ը դարձնենք բռնապետության մերժման օր:

Հայրենակիցնե՛ր,

Հայ ժողովուրդը մայիսին տարել է պատմական հաղթանակներ: Բռնապետությունը նշանակել է իր հեռացման օրը: Մեր հաղթանակների օրացույցում ավելացնենք հաղթության մեկ օր եւս՝ ազատության օրը՝ մայիսի 12-ը: Այդ օրը գնանք ոչ թե ընտրատեղամասեր, այլ հավաքվենք Ազատության հրապարակում՝ հաստատելով մեր կամքն ու վճռականությունը:

Մայիսի 13-ը դիմավորենք առանց բռնապետության՝ ազատ ու ժողովրդավարական Հայաստանում:

Հանուն ազատ մարդու, ազատ հասարակության, ազատ մտքի ու խոսքի:

Աստված զորավիգ մեր պայքարին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728