Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլը»՝ իրար դեմ

Մարտ 07,2007 00:00

\"\"Այս երկու ընկերություններն էլ իրար մեղադրում են դեմպինգային գներ կիրառելու մեջ \"\"

«ԱրմենՏելն» օրերս դիմում-բողոք է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ իր մրցակցի՝ «ՎիվաՍելլի» դեմ: Ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը հանձնաժողովին բողոքել է, որ բջջային կապի շուկայում «ՎիվաՍելլն» այնպիսի ցածր սակագներ է կիրառում եւ բաժանորդային այնքան ցածր վարձեր է սահմանում, որոնք դուրս են ընկերության՝ պաշտոնապես հրապարակած սակագնային փաթեթից: Բլիզնյուկը հանձնաժողովին խնդրել է միջոցներ ձեռնարկել եւ մրցակցին կարգի հրավիրել, որպեսզի չխախտի ազատ եւ առողջ մրցակցությունը: Ի հակադրումն Բլիզնյուկի այս բողոքի, մի քանի օր անց «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր հերթին հանձնաժողովին բողոք է ներկայացրել «ԱրմենՏելի» դեմ՝ բողոքելով գրեթե նույն քաղաքականությունից: Ըստ Ռ. Յիրիկյանի, բջջային կապի շուկայում իր մրցակիցն է «հակաօրինական սակագներ կիրառում»՝ այս տարվա մարտի 1-ից կորպորատիվ փաթեթներից մեկի բաժանորդներին առաջարկելով դեմպինգային (ինքնարժեքից ցածր) սակագներ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «ԱրմենՏելն» ինքնարժեքից ցածր սակագներ է կիրառում՝ օգտվելով մենաշնորհային դիրքերից: 2006-ի մարտին էլ «ԱրմենՏելն» իր «սիմ» քարտի բաժանորդների համար բոնուսային նվեր էր սահմանել՝ 1 րոպեի դիմաց պահանջելով վճարել 2 դրամ՝ 40-ի փոխարեն: Այս ակցիան «ԱրմենՏելի» վրա շատ թանկ նստեց, որովհետեւ հանձնաժողովը նրան տուգանեց՝ բջջային կապի շուկայում նախորդ 1 տարվա ընթացքում ստացված հասույթի 1 տոկոսի չափով: Այդ ժամանակ հանձնաժողովը նաեւ «ԱրմենՏելին» պարտավորեցրել էր սահմանել այնպիսի պայմաններ, որ մյուս մրցակիցն էլ հնարավորություն ունենա համանման զեղչեր կիրառել (տես «Առավոտ», 04.03.2006 եւ 11.03.2006): «Թույլ տվեք կայանանք»,- «ԱրմենՏելի» տնօրինությանը պարզապես խնդրում էր «ՎիվաՍելլը»: Սակայն, ինչպես երեւում է, առաջին օպերատորն իր միակ մրցակցին այսօր էլ շարունակում է «ճնշել»:

Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն «ԱրմենՏելի» դիմումի հիման վրա հարուցել է վարույթ, իսկ «ՎիվաՍելլի» դիմումը դեռ ընթացքի մեջ է: Ինչպես երեկ «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց «ՎիվաՍելլի» իրավաբան Վահան Հարությունյանը՝ «ԱրմենՏելի» բողոքը հիմնավոր չէ, մենք հակամրցակցային քայլ չենք արել եւ օրենքը չենք խախտել»:

Ինչ վերաբերում է «ՎիվաՍելլի» բողոքին՝ Վ. Հարությունյանը հայտնեց, որ իր կարծիքով «ԱրմենՏելը» թույլ է տվել ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների ոլորտում մենաշնորհային դիրքի չարաշահում. «Մենք չէինք ցանկանա տալ լրացուցիչ մեկնաբանություններ, որպեսզի դրանք չդիտվեն որպես հանձնաժողովի աշխատանքի վրա ազդելու փորձ»: Մեր հարցին, թե «ՎիվաՍելլի»՝ հանձնաժողովին բողոքելու փաստը կարո՞ղ ենք դիտարկել որպես «ԱրմենՏելի» բողոքի պատասխան, որովհետեւ նա ավելի շուտ էր դիմել հանձնաժողովին, Վահան Հարությունյանը վստահեցրեց, որ անկախ մրցակցի բողոքից, իրենք, միեւնույն է, պատրաստվում էին դիմել եւ մեկը մյուսի հետ կապ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել