Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը կաջակցի՞ ՀՀՇ-ին

Մարտ 27,2007 00:00

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ակնկալում է ապագա ԱԺ-ում 10-15 տոկոս ձայն ստանալ:

Կիրակի օրը՝ մարտի 25-ին, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀՇ 15-րդ համագումարը, որը թեեւ մոտ մեկ ժամ ուշացումով, բայց իր ներկայությամբ պատվեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս համագումարի պատվիրակների կողմից, ինչպես միշտ, ավելի քան ջերմ ընդունելության արժանացավ:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, թե կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավակնում է եւ իրապես կարող է ստանալ նվազագույնը 10-15 տոկոս քվե, եթե, իհարկե, իշխանություններն այս անգամ պակաս ցինիկություն դրսեւորեն: Ա. Զուրաբյանը նաեւ հավելեց, թե կուսակցությունն այս ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունենալու: Համագումարում անդրադարձ եղավ նաեւ ընդդիմադիր դաշտում գործող այլ քաղաքական ուժերի հետ ՀՀՇ-ի համագործակցության հարցին: Այս կուսակցությունն առայժմ հակված չէ միանալ ընդդիմադիր որեւէ ուժի, այդ թվում՝ «Այլընտրանք»-ի նախաձեռնություններին, բայցեւ չի բացառում համագործակցությունը այդ եւ այլ ուժերի հետ հետընտրական շրջանում, եթե նրանց նպատակը լինի Հայաստանում օրինական իշխանությունների ձեւավորումը: Որ ընտրություններից հետո նման զարգացումներ կծավալվեն՝ ՀՀՇ-ն չի կասկածում: Ավելին, Ա. Զուրաբյանը կարեւորեց հետընտրական զարգացումները՝ ասելով, թե ՀՀՇ-ն այդ ընթացքում հանրության համախմբման եւ պայքարի առաջամարտիկ կլինի: Նա նաեւ կասկած հայտնեց, թե հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների մի մասը իշխանությունների մտահղացման արգասիքն է: ՀՀՇ վարչության նախագահի ասելով, կուսակցությունն առաջիկայում հանդես կգա բազմաթիվ նախաձեռնություններով: Թե ինչպիսի՝ Ա. Զուրաբյանը չցանկացավ «գաղտնազերծել»:

ՀՀՇ համագումարն այս անգամ նախատեսվածից ավելի կարճ տեւեց, որովհետեւ ստացվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը: Կուսակցությունն իր համագումարում նախ մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ վարչապետի հիշատակը, ապա շատ արագ կարգով ընդունեց ՀՀՇ կանոնադրության եւ ծրագրի մեջ կատարված փոփոխությունները, բանաձեւը, ընտրեց ՀՀՇ 25 հոգուց բաղկացած վարչության անդամներին, որոնց թվում է նաեւ Վանո Սիրադեղյանը, եւ շտապեց ՀՀԿ գրասենյակ՝ ցավակցելու այդ կուսակցությանն ու Ա. Մարգարյանի զինակիցներին:

Կուսակցության համագումարում հնչած տեսակետներն ու դիրքորոշումներն ամփոփված են ՀՀՇ համագումարում ընդունված բանաձեւում, որտեղ մասնավորապես ասված է, որ «ՀՀՇ իշխանությունը եղել է հստակ քաղաքական բնույթի՝ դրանով իսկ լինելով պատասխանատվություն կրող եւ հասցեատեր: ՀՀՇ-ն երբեք չի հրաժարվել եւ չի հրաժարվում 1988-1998թթ. Հայաստանի պատմության համար պատասխանատվությունից եւ հպարտանում է, որ այդ տարիներին ձեռք բերվեց շարժման ամենամեծ ու ամենակարեւոր հոգեբանական արժեքը՝ ապրել առանց հովանավորի՝ արժանապատիվ ու անկախ, ձերբազատված զոհի ու թույլի բարդույթից: 1998թ. գրանցեց պետականության եւ ժողովրդավարության ետընթացի սկիզբը: Շանտաժի արդյունքում, ինչպես նաեւ նպատակ ունենալով պահպանել այդ տարիների համար մեր ամենանվիրական արժեքներից մեկը՝ երկրի ներքին կայունությունը, հրաժարական տվեց Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանությունից կամավոր հեռացավ ՀՀՇ-ն: 1998թ. ի վեր ՀՀ իշխանությունների գործունեության հիմքում դրված մոտեցումները տրամագծորեն հակադիր են ՀՀՇ-ի դավանած ազատականության ու ժողովրդավարության հանրահայտ սկզբունքներին»: Համարելով, որ պետականության փլուզման ընթացքը կանխելու ելքը վարչախմբի հեռացումն է եւ Հայաստանում օրինական, բնույթով քաղաքական, իրատես լուծումների ունակ իշխանության հաստատումը, ՀՀՇ-ն հույս ունի, որ՝ «ժողովուրդը կաջակցի մեզ՝ տեսնելով իրական ընդդիմություն, որի հետ միասին կարող է իրականացնել այս փուլի առաջնահերթ խնդիրը՝ ապօրինի իշխանություններից ազատվելը, եւ համատեղ շարունակելու մեր երազած անկախ ու արժանապատիվ Հայաստանի կայացման, կառուցման գործը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել