Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՎԻՐԸ «ՉԲԱՐԳԱՎԱՃԵՑ»

Մարտ 27,2007 00:00

\"\"Քաղաքապետի ընտրություններում վերընտրվեց հանրապետականների թեկնածուն

Կիրակի օրը Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված էր երկու թեկնածու: Նրանցից մեկը գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանն էր, մյուսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը: 25 հազար 884 ընտրող ունեցող Արմավիրում ընտրությանը մասնակցեց 15 հազար 791 մարդ: Ռ. Խլղաթյանը՝ հավաքելով 8 հազար 322 ձայն, վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում: Ա. Աղաբաբյանը ընտրողներից ստացել է 6 հազար 844 քվե:

Արմավիրում քաղաքապետի ընտրությունների օրը համընկավ

ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրվա հետ: Որպեսզի հանրապետական թեկնածուի դիրքերը չթուլանան, Ռ. Խլղաթյանի կողմնակիցներն ամեն կերպ փորձում էին արմավիրցիներից իրենց խուճապը թաքցնել, որ դա չանդրադառնար ընտրությունների ընթացքի վրա՝ ի վնաս հանրապետականների: Այդուհանդերձ, Ռ. Խլղաթյանը, կուսակցության նախագահի մահվան լուրը լսելուն պես, սլացել էր Երեւան՝ ընտրություններով զբաղվելու գործը թողնելով իր նախընտրական շտաբի պետ Սամվել Ավագյանին: Դեռեւս ընտրություններից առաջ Արմավիրում կանխատեսվում էր թեժ պայքար: Այդպես էլ կար: Բոլոր ընտրատեղամասերում էլ երկու թեկնածուների կողմնակիցները ուշի ուշով հետեւում էին ընտրությունների ընթացքին: Եթե նույնիսկ մեկ մարդու անուն ինչ-ինչ պատճառներով ցուցակից բացակայում էր, եւ ընտրողը պետք է դատարանով վերականգներ ընտրելու իր իրավունքը, թեկնածուների կողմնակիցները մեքենաներով կազմ ու պատրաստ սպասում էին՝ այդ բոլոր հարցերը լուծելու եւ ամեն ջանք գործադրում էին, որպեսզի ընտրողների համակրանքը շահեն: Մեր այցելության պահին թիվ 21/4 ընտրատեղամասում մի քանի խախտում նկատեցինք: Նախ ընտրությունը կազմակերպվել էր դպրոցի փոքր դասարաններից մեկում, ինչի պատճառով մարդկանց կուտակումներ էր առաջանում: Ժամը 11-ի դրությամբ ընտրատեղամասում միանգամից մոտ երեսուն մարդ կար: Քվեախցիկներն իրար շատ մոտ էին՝ առանց վարագույրների եւ ընտրողները հնարավորություն ունեին իրար հետ խորհրդակցելու: Ավելին, մարդկանց դեպի քվեախցեր ուղեկցում էին Ռ. Խլղաթյանի կողմնակիցները եւ ցուցումներ տալիս, թե քվեաթերթիկում որ համարի օգտին քվեարկեն: Թեեւ արմավիրցի Աիդա Մարտիրոսյանի ընտրատեղամասը թիվ 21/4-ն էր, բայց տիկին Աիդան իր անունն այդպես էլ ցուցակներում չգտավ. «Ամեն ընտրության իմ անունը ցուցակում չի լինում, արդեն զզվել եմ»: Նա հայտնեց, որ չի պատրաստվում ընտրելու համար գնալ դատարան: Ընդհանրապես այս ընտրություններում ամենաշատը դժգոհում էին ընտրացուցակների անկատարությունից: Արմավիրի ոստիկանության անձնագրային բաժինը ցուցակները կազմել էր բազմաթիվ անճշտություններով: Զանգվածային բնույթ էին կրում ցուցակներից քաղաքացիների անունների բացակայության դեպքերը, իսկ ով էլ իր անունը ցուցակում հայտնաբերում էր, պարզվում էր, որ նա այդ ընտրատարածքում քվեարկելու իրավունք չունի, քանի որ իր հասցեն այլ ընտրատարածքի էին կցել:

Թիվ 21/1 տեղամասում Ա. Աղաբաբյանի վստահված անձ Արտյոմ Եղոյանը ամեն անգամ, երբ հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրում էր մարդկանց կուտակումների եւ այլ խախտումների փաստի վրա, հանձնաժողովի հանրապետական նախագահ Արթուր Սարգսյանը հակադարձում էր. «Դու վստահված անձ ես, սուս ու փուս նստիր տեղդ, դա հանձնաժողովի գործն է»: Թիվ 21/14 տեղամասում ԲՀԿ թեկնածուի վստահված անձ Վրեժ Մուսոյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքեր են արձանագրել, երբ այլ տեղամասերում գրանցվածները փորձել են այս ընտրատեղամասում կրկին քվեարկել կամ ընտրության գալ ժամկետանց անձնագրերով. «Սակայն դա մենք կանխել ենք: Այստեղ ամենածանրաբեռնված տեղամասն է՝ 1973 ընտրող, ոչ մի տեղամասում նման բան չկա»: Քաղաքապետի թեկնածու Արայիկ Աղաբաբյանից հետաքրքրվեցինք, թե ինքն անձամբ խախտումներ նկատե՞լ է եւ իր վրա ճնշումներ եղե՞լ են, նշեց. «Խախտումներ եղել են, շտաբի ղեկավարությունը դրանց մասին տեղյակ է, մենք լավ պատկերացնում էինք, որ նրանք կօգտագործեին իրենց վարչական լծակները»:

Ռ. Խլղաթյանի շտաբի պետ Սամվել Ավագյանն էլ վստահեցրեց, որ իրենց վստահված անձինք որեւէ խախտում չեն նկատել. «Ակտիվությունը մեծ է, ընտրությունն էլ ընթանում է օրենքով»:

Ողջ օրվա ընթացքում թեկնածուների շտաբների առջեւ հավաքված էին հոծ բազմություն եւ համերների շարասյուն: Օրվա վերջում երկու թեկնածուների շտաբներում էլ մեքենաների պակաս կար, քանի որ մարդկանց մեքենաներով էին բերում ընտրության: Այս առնչությամբ արմավիրցիները կատակում էին. «Ձեռքները ճար լինի՝ տասն օրվա մահացածներին էլ ընտրության կբերեն»: Դեռ ընտրությունները չավարտված, Ռ. Խլղաթյանի շտաբում նրա կողմնակիցները կերուխում էին կազմակերպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել