Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորը «վերափոխվել» է

Ապրիլ 04,2007 00:00

\"\"Երկու տարվա ստեղծագործական դադարից հետո (առողջության հետ կապված) Էդգար Գյանջումյանը վերադառնում է հոգեւոր երգերով:

– «Առավոտի» հետ զրույցներում երգարվեստի ոլորտում ճանաչված կոմպոզիտորներից շատերը (Ռ. Ամիրխանյան, Ե. Երզնկյան, Ա. Սաթյան եւ այլք) եւ հայկական շոու-բիզնեսի ճանաչված երգիչների «պապան»՝ Ա. Գրիգորյանը, դժգոհում են երգերի որակից, որովհետեւ «ստեղծագործում» է՝ ով ասես, բացի պրոֆեսիոնալներից…

– Համամիտ եմ: Հրամցվող երգերի գերակշիռ մասը արվեստի հետ բացարձակ կապ չունի: Էլ չ

եմ խոսում դրանց հաճախ հանդիպող լկտի տեքստերի ու անճաշակ տեսահոլովակների մասին: Մշակույթի կրողներից ոմանք էլ երգերի մատուցման հարցում անցել են թույլատրելի բոլոր սահմանները: Մինչդեռ մեղեդին պետք է ծնվի որպես հոգու պահանջ: Երգը արվեստներից ամենամասսայականն է, եւ այն պետք է լինի լույսի կրողը, մինչդեռ մեր օրերում դարձել է խավարի հպատակը: Մարդկությունը չի կարող չերգել, քանի դեռ սիրում է, հիշում, գտնում, ինչու չէ՝ կորցնում: Աշխարհում կան կործանարար երեւույթներ՝ մարմնավաճառություն, թմրամոլություն, ինչպես ընդունված է ասել՝ էժան հաճույքներ: Իսկ ինչո՞ւ արվեստում մենք էլ ընտրենք դրանք, ընկնելով սատանայական խաղերի որոգայթը: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չկա մեկը, որ մեղք չի գործել: Ես էլ իմ մեղքերն եմ ունեցել, որոնցից, սակայն, ապաշխարելով ազատվել եմ: Սկսել եմ ստեղծագործել հոգեւոր երգեր, իսկ արվեստի կոչումն է՝ մաքրել մարդկային հոգիները: Ստեղծված իրավիճակից ելքը տեսնում եմ միայն պետական շահագրգռության, հսկողության մեջ: Անհրաժեշտ է մշակել հայեցակարգ, այդ աշխատանքներում ներգրավել պրոֆեսիոնալների, մարդկանց, ովքեր չունեն անձնական ամբիցիաներ:

– Անցել եք հոգեւոր երգերին: Ձեր կարծիքով կա՞ն մաքրամաքուր երգիչներ, ովքեր ի զորու են ձեր ասելիքը հասցնել հանդիսատեսին:

– Ես քրիստոնյա եմ եւ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, գիտեմ՝ ում եմ վստահում հոգեւոր երգերս: Օրինակ, Շուշան Պետրոսյանը, հուսով եմ, կկատարի աղոթք առ Աստված գրված երգերիցս մեկը՝ «Վերջում հիշիր դու ինձ»: Կան կատարողներ, որոնց անունները դեռ ոչինչ չեն ասում, բայց նրանց էլ վստահել եմ երգերս:

– «Եվրատեսիլի» համար ինչո՞ւ երկրորդ տարին է՝ երգ չեք ներկայացնում եւ ի՞նչ կարծիքի եք Հայկոյի «Anytime You Need» երգի մասին, որով երգիչը ներկայանալու է Հելսինկիում:

– Ստացել էի երգ գրելու նամակ-առաջարկ, բայց միայն ժամանակի սղության պատճառով չստեղծագործեցի: Ինչ վերաբերում է Հայկոյի երգին, հավատացնում եմ, այն մինչ օրս չեմ լսել: Ինչպես յուրաքանչյուր հայ, ես էլ երազում եմ, որ հայ երգը հայտնվի եվրատեսիլյան առաջին հորիզոնականներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել