Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈԽՈՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԳՐՎԵՑ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

Ապրիլ 04,2007 00:00

\"\"Բայց չի թաքցնում, որ ցանկանում է խաղալ եվրոպական որեւէ թիմում

Երեկ ֆուտբոլի հանրապետության բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր կնքեց Հայաստանի ազգային հավաքականի եւ Սամարայի «Կռիլյա Սովետովի» արդեն նախկին պաշտպան Կարեն Դոխոյանի հետ, ով գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում:

Այդ առիթով հրավիրված լրագրողների ներկայությամբ պայմանագիրը ստորագրեցին ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը եւ ինքը՝ ֆուտբոլիստը, որից հետո Կարեն Դոխոյանին հանձնվեց 14 համարի մարզաշապիկը: «Մենք այսուհետեւ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու պաշտոնական արարողությունները կատարելու ենք հանդիսավոր պայմաններում, լրատվամիջոցների ներկայությամբ, որպեսզի մարզասերներն ամեն բանի մասին ժամանակին տեղեկանան եւ ավելորդ խոսակցություններ չլինեն, թե տեղեկատվություն հաղորդելիս ԶԼՄ-ների միջեւ խտրականություն ենք դնում,- ասաց Կարեն Հարությունյանը:- Կարծում եմ, որ մյուս ակումբները նույնպես այդպես կվարվեն: Դոխոյանի հետ պայմանագիրը ստորագրվեց մեկ տարով: Բայց եթե այդ ընթացքում նրա համար լավ առաջարկներ լինեն, ակումբը կանի ամեն բան, որպեսզի Կարենը հանդես գա ավելի բարձրակարգ թիմերում»: Այնուհետեւ նորաթուխ փյունիկցին պատասխանեց լրագրողների հարցերին:

– Ինչո՞ւ որոշեցիր հանդես գալ հենց «Փյունիկում»:

– Հանրապետության այն ակումբները, որոնք տեղեկացել են, որ ազատ խաղացողի կարգավիճակ ունեմ, ակնարկել են խաղալ իրենց թիմում: Սակայն ընտրեցի «Փյունիկը» եւ այստեղ նյութական պայմաններն առաջնային չեն եղել: Պատճառները մի քանիսն են: Նախ, թիմն ամենաբարձրակարգն է Հայաստանում եւ այս ակումբում է հանդես գալիս մեր ազգային հավաքականի հիմնական կորիզը: Երկրորդ՝ «Փյունիկը» միշտ էլ մասնակցում է եվրագավաթների խաղարկություններին:

– Այսինքն, «Փյունիկը» դիտարկում ես որպես եվրոպական թիմեր տեղափոխվելու ամենահավանական ոստնա՞կ:

– Հենց միայն չեմպիոնների լիգային մասնակցող թիմում հանդես գալն ինձ համար պատիվ է թեկուզ Հայաստանի ներքին առաջնությունում: Այո, չեմպիոնների լիգայում ֆուտբոլիստների խաղը մշտապես ուշադրության կենտրոնում է: Ինձ հիմա խաղային պրակտիկա է պետք՝ ու լավ թիմում: Հույս ունեմ, որ «Փյունիկում» շատ երկար չեմ մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել