Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ԽԼՈՒՄ ԵՔ ՄԵՐ ԲԱԺԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Մայիս 18,2007 00:00

\"\"«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Աղասի Արշակյանը սաստիկ զայրացած էր մեր զրույցի ընթացքում:

«Այս ընտրություններից հետո իմացանք, որ Քոչարյանն ու իր վարչակարգը վերջապես հասան իրենց նպատակին՝ այնքան բարոյալքեցին ու այլասերեցին մեր ժողովրդին, որ մարդիկ ծախեցին խիղճը՝ իրենց ձայնը: Քոչարյանի բացած աշխատատեղերում՝ Բաղրամյան, Բագրատունյաց եւ Լենինգրադյան փողոցների վրա, հայ կինն իր մարմինը վաճառում է 20 հազար դրամով, իսկ մեր ընտրողներն իրենց խիղճը 5 տարով վաճառեցին 5 հազար դրամով»,- ԺՈՒԿ-ի ցուցակում 3-րդի՝ Աղասի Արշակյանի այս նախաբանն ընդհատեցինք՝ նկատելու համար, թե մայիսի 12-ից հետո նորաձեւ է դարձել ժողովրդին մեղադրելը: Մինչդեռ ոչ ոք չի անդրադառնում, որ սա նաեւ ընդդիմադիրների մեղքն է՝ մարդիկ նրանցից էլ ակնկալիքներ ու փոփոխությունների հույսեր չունեին, ուստի ընտրություններին վերաբերվեցին ընդամենը որպես մի միջոցառման, որի ընթացքում կարելի է մի քանի հազար դրամ շահել: «Համաձայն եմ,- ասաց Աղասի Արշակյանը:- Բայց Մանուկ Գասպարյանն այն միակ գործիչն էր, որ հաջողեց միավորել ընդդիմության գոնե մի մասին»: Դարձյալ ընդհատեցինք՝ հիշեցնելու համար, թե ԺՈՒԿ-ի գործիչներն էլ էին կոչ անում կաշառք վերցնել, սակայն քվեարկել խղճի թելադրանքով: Ուրեմն՝ հիմա ինչի՞ց եք բողոքում՝ հարցին պրն Արշակյանը պատասխանեց. «Մենք այդպես չենք ասել: Ե՛վ Մանուկ Գասպարյանը, ե՛ւ ես ասել ենք՝ մի՛ վերցրեք, բայց եթե այդ 5-10 հազար դրամի հույսին եք ու առանց դրա չեք կարող ապրել՝ վերցրեք ու քվեարկեք ձեր ցանկացած ուժի օգտին: Սակայն պարզվում է, որ այդպես են ասում մարդիկ, որոնք ո՛չ կաշառք են տվել, ո՛չ էլ վերցրել: Հիմա հասկացա, որ դա հոգեբանորեն անհնար բան է՝ կաշառք վերցնելն ու չանելը: Այսինքն՝ կաշառք վերցնողը հասկանում է, որ ինքը կեղտոտվեց, վարկաբեկվեց ու չի ուզում կրկնակի սրիկա դառնալ, եւ կատարում է խոստումը: Ռոբերտ Քոչարյանի վարչակարգի շնորհիվ նաեւ իմացանք, որ մեր բարեկամների ու հարազատների մեջ կան շատ ստախոս մարդիկ: Իմացանք, որ մեր հարեւանների մեջ կան լիքը ստոր մարդիկ եւ մեր ընկերների մեջ էլ՝ լիքը դավաճաններ: Բայց ինձ համար գլխավոր ողբերգությունն այդ չէ: Երեկ առավոտյան կինս ասաց, որ մեր 18-ամյա որդին (քաղաքագիտություն է ուսանում ԵՊՀ-ում եւ առաջին անգամ էր մասնակցում ընտրությանը: Նրան վստահել էի, որ իր իսկ սովորած դպրոցում իրականացնի վստահված անձի լիազորություններ) իրեն ասել է՝ «Սկսում եմ կասկածել, որ 15 թվին թուրքերն են կոտորել հայերին»: Այ, իմ ողբերգությունը դա է: Ես հասկացա, որ հավատի գողերը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, եւ հայրենիք խլողներն ինձնից ու իմ ընտանիքից խլում են մեր բաժին հայրենիքը»:

Մեջբերեցինք ասուլիսում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերը. «Ասում են՝ մեքենայով կաշառք են բաժանում: Բա ընդդիմությունն ո՞ւր է, թող գնա այդ մեքենան ջարդի, այդ մարդու վզից բռնի կամ դատարան տանի»: Աղասի Արշակյանն արձագանքելով այս հարցադրումներին՝ ասաց. «Ես դա, իմ հարեւանների մասով, իմացել եմ մայիսի 15-ին եւ Վազգեն Մանուկյանի խորհրդից չհասցրի օգտվել՝ ինքնուրույն դատաստան տեսա իմ մի քանի հարեւանների նկատմամբ: Ու ասացի՝ տականքնե՛ր, ես մեր թաղում ստացել եմ 62 ձայն, եթե իմ ընտանիքի 6 ձայնը, անմիջական հարեւաններիս ձայները հանեմ՝ տակը մնում է 2 տասնյակի չափ ձայն, մինչդեռ միայն 2 տասնյակի չափ ես միջնորդել եմ, որ պատվերով ձեր սրտերն ու մյուս օրգանները վիրահատեք, 2 տասնյակի չափ՝ ես ձեզ դատարաններից ու դատախազությունից եմ դուրս հանել: Իսկ դուք նախընտրեցիք ձեր խիղճը ծախել 5 հազար դրամով մեր թաղի քրեականներին, որոնք էլ հենց թաղապետի եւ փոխթաղապետի հույսն էին, քանի որ նրանք էլ իրենց վզին պլան ունեին: Երբ նրանք ընտրվում էին՝ կուսակցական չէին, եւ ես էլ նրանց ամենաակտիվ ընտրողներից էի: Իսկ հիմա կամավոր կամ բռնի հանրապետականացել են ու տեղի քրեական տարրերին օգտագործում էին՝ հիվանդներին, մոլորյալներին, կիսագրագետներին ու խղճուկներին հավաքում-լցնում էին երթուղայինները ու նրանց խիղճը գնելով՝ ձայն հավաքում»:

ԺՈՒԿ-ի ցուցակում այլ ընդգրկվածները, սակայն, կուսակցության մեղքն են համարում, որ ստացան ընդամենը 8468 ձայն: Ասենք, ցուցակում 4-րդը՝ Էդուարդ Աղաջանովն ասուլիսում հայտնել էր, թե կուսակցությունը չուներ անհրաժեշտ ռեսուրսներ եւ վատ աշխատեց նախընտրական շրջանում: Իսկ ցուցակում 2-րդը՝ Արշակ Սադոյանը մատնանշել էր ընտրատեղամասերում սակավաթիվ վստահված անձինք ունենալու փաստը. «ԺՈՒԿ-ն իր հնարավորությունների նույնիսկ գերլարված օգտագործման դեպքում չկարողացավ 15 շտաբ ունենալ»: ԺՈՒԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարը վրդովվեց այս մեղադրանքներից. «Ուրեմն, Աղաջանովն այստեղ աքլոր է եղել. ընդամենը մասնակցել է մատերի վրա հաշված հանդիպումների, այն էլ՝ երբ որ զոռով են նրան բերել: Թող Մանուկ Գասպարյանը պատասխանի այդ հարցերին, թե ո՞նց եղավ, որ Աղաջանովը հայտնվեց այդպիսի տեղում, պորտաբույծի պես պահեց իրեն: Իսկ սիրտն ընդամենը 2 ամիս առաջ վիրահատած Աղասի Արշակյանն այս ընթացքում 187 բնակավայր այցելեց, 7200 կմ մեքենա վարեց անձամբ եւ ունեցավ 253 հանդիպում, որ Էդիկ Աղաջանովը հանկարծակի վերածվի պատգամավորի: Թող ինքն իր մասին ասի, որ, այո՛, չի աշխատել, քանի որ ծույլի մեկն է: Իսկ ինչ է ասում Արշակ Սադոյանը՝ իր գործն է, ինքն է դաշինք կազմել: Այո, շատ տեղերում վստահված անձինք չունեինք, քանի որ, օրինակ, Ապարանում՝ 14-րդ ընտրատարածքում ես մինչեւ վերջ վստահել էի իմ գործընկեր Լյովա Խաչատրյանին ու նրան խնդրել պահել մեր ձայները: ԺՈՒԿ-ի քարոզարշավին զուգահեռ՝ 14-րդ ընտրատարածքի 22 բնակավայրից 20-ում ես քարոզել եմ Լյովա Խաչատրյանի համար, Հնաբերդ գյուղում էլ կռվի մեջ ընկել՝ իրեն պաշտպանելու պատճառով: Հույս ունեի, որ ինքն այդքան հաստատակամություն եւ ընկերական հավատարմություն կունենա, որ հաշվի առնելով, թե ընտրական հանձնաժողովի կեսն իր մարդիկ էին, վստահված անձինք էլ ուներ՝ կպահի մեր ձայները: Եվ հիմա վերահաշվարկի ժամանակ պարզվում է, որ ՀՀԿ-ի կառքին լծված Մյասնիկ Մալխասյանի ծննդավայրում կամ Օֆիկ Պետրոսյանի հայրենի՝ Վարդենիս գյուղում ԺՈՒԿ-ի ձայները գտնվել են ՀՅԴ-ի, Արագած գյուղում՝ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի փաթեթների մեջ: Այսպես իմ ընկերը տիրություն արեց մեր ձայներին: Դրա համար եմ ասում, որ այս ընտրությունների արդյունքը դա է՝ իմացա, որ ընկերներիս ու առանձնապես հայրենակիցներիս մի մասը, որոնց հետ ընկերությանն անմնացորդ նվիրվել եմ՝ ինձ հետ «արջի ընկերություն» արեցին կամ դավաճանեցին, հարեւաններիս մեծ մասը սրիկա դուրս եկավ, բարեկամներիս մի մասն էլ՝ խաբեբա: Չգիտեմ՝ կդիմանա՞մ մինչեւ նախագահական ընտրություններ, հույս ունենալով, որ մեր երկրում բան կփոխվի: Բայց եթե այսպես է շարունակվելու՝ սա վերջի սկիզբն է մեր ժողովրդի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել