Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԻԴԵԱ-ՖԻՔՍ ՉԴԱՐՁՆԵԼ

Հուլիս 05,2007 00:00

\"\"«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, գեներալ Սուրեն Աբրահամյանը վստահեցնում է, որ ընդդիմությունը ճշգրիտ եւ հաղթող քայլեր է անելու:

– Ակնհայտ է, որ իշխանությունները գիտեն, թե ինչ են անում՝ նախապատրաստվում են 2008-ի նախագահական ընտրություններին: Կարելի՞ է արդյոք նույնն ասել ընդդիմադիր ուժերի մասին:

– Սկսեմ նրանից, որ ընդդիմադիր ուժերը լավ վիճակում են: Հայաստանյան «քաղաքական» իրականության մեջ ազնիվ ընդդիմադիր լինելը խիզախության նման բան է, որովհետեւ այդ մարդիկ իրենց եւ իրենց հարազատների վրա կոնկրետ են զգում ճնշող, դաժան իրողությունները: Ցավոք, երբ գնահատականներ են տրվում ընդհանրապես ընդդիմադիր դաշտին, ապա դրանք վերացական գնահատականներ են, որովհետեւ գնահատական տվողներից շատերը իրենց մաշկի վրա չեն զգացել՝ ինչ է նշանակում իրական ընդդիմադիր լինելը: Այնպես որ, եթե հարցնում եք «Հանրապետություն» կուսակցության մասին, ապա մեզ մեղադրել չի կարելի ո՛չ իշխանությունների հետ քաղաքական համաձայնությունների, կոպիտ ասած, ծախվածության մեջ, ո՛չ էլ հասարակության եւ ժողովրդի հանդեպ անազնվության մեջ: Մենք մեր սկզբունքներին հավատարիմ՝ ճիշտ ուղի ընտրած մեր հերթական քայլերն ենք անում: Ի տարբերություն մյուս տարիների ամառային պարտադրված պարապուրդի, այս ամառ կարծես շատ ավելի ակտիվ գործընթացներ են գնում հատկապես միասնական թեկնածուի շուրջը համախմբվելու ուղղությամբ: Եկեք միասնական թեկնածուի գաղափարը իդեա-ֆիքս չդարձնենք եւ չկենտրոնանանք դրա վրա: Ուղղակի ուզում եմ ասել, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք մինչ այժմ բացի իրենցից ուրիշ ոչ մեկին չէին ուզում տեսնել, հիմա իրենց ամբիցիաները մի կողմ են դրել եւ այն պարզ տրամաբանությամբ են առաջնորդվում, որ այն, ինչ մեկն է անում՝ 5-6-ով ավելի հեշտ կարող են անել:

– Ուզում եք ասել՝ ընդդիմությունը վերջապես իր սեփական սխալներից հետեւություննե՞ր է արել եւ սովորե՞լ է ճիշտ գործել: Այսինքն՝ նախագահական ընտրություններին կլինի ընդդիմության բոլորովին ա՞յլ պատկեր՝ խորհրդարանականի հետ համեմատ:

– Այն, ինչի մասին խոսեցի, նախնական պայմանավորվածություններ են, հուսադրող եւ շատ ավելի շահեկան, քան նախկինում: Բայց դա չի նշանակում, որ ընտրություններին կլինի մեկ իշխանական թեկնածու եւ մեկ ընդդիմադիր թեկնածու, այդպես նույնիսկ տեսականորեն կանխատեսելի չէ, ուր մնաց գործնականում:

– Արդեն կա՞ այդ միասնական թեկնածուն:

– Թեկնածուների մասին առայժմ անա ռարկայական խոսակցություններ են ընթանում, եւ այդ պատճառով ես ձեռնպահ կմնամ սեփական կարծիք ասել: Չնայած, մենք մեր թեկնածուն ունենք՝ հանձին մեր կուսակցության նախագահի, սակայն պատրաստ ենք գնալ նաեւ միասնական թեկնածուով:

– Սակայն կարծես թե իշխանության թեկնածուն այս պահին շատ ուժեղ է, եթե չասեմ՝ ամենաուժեղն է, ապացույցն են մայիսի 12-ի ընտրությունների պատկերը եւ դրանց հետեւած զարգացումները:

– Երբ իշխանությունների հասցեին գնահատականներ են հնչում, միշտ ուզում եմ հարցնել՝ ասածների՞, թե՞ արածների գնահատականն է դա, որովհետեւ դրանք միշտ տրամագծորեն հակառակն են լինում: Համոզված եմ, որ նույն Սերժ Սարգսյանն իր իսկ ստեղծած կիսակրիմինալ, կիսաօլիգարխիկ համակարգի ընդամենը մի մասնիկն է, ուժեղ մասնիկը, գլխավոր մասնիկը, եւ վերջում, չեմ ուզում չարախոսել, բայց ինքն էլ դառնալու է այդ համակարգի զոհը: Հնարավորություն ուներ, չէ՞, գոնե այդ մականունավոր նախարարներից կամ հասարակության մեջ արդեն ատելի եւ զզվելի դարձած որոշ անուններից ազատվել, բայց չարեց: Դրա համար էլ ուզում եմ ասել, որ ասածը եւ արածը բոլորովին տարբեր բաներ են: Համոզված եմ, ընդդիմության լիդերը, միասնական թեկնածուն շատ ավելի շահեկան վիճակում է գտնվելու, քան Սերժ Սարգսյանը:

– Սովորաբար ասում ենք՝ որեւէ ընտրության արդյունքում կընտրվի այն մարդը, որին կընտրի հասարակությունը, այսինքն՝ կարեւորում ենք հասարակության դերը: Բայց համաձայն չե՞ք, որ մեր հասարակությունն այսօր, ավելի քան երբեւէ, պասիվ դիտորդի կարգավիճակում է: Ասվածի ապացույցը, կարծում եմ, «Ազատություն» ռադիոկայանի դեմ օրինագծերի քննարկումների ժամանակ նույն այդ հասարակության պահվածքն էր:

– Ձեր գնահատականներին, զուտ հասարակական կարծիքի կամ ընկալման հետ կապված, համաձայն եմ, ճիշտ եք ասում: Ես իմ գնահատականներում մի անգամ ասել եմ, որ այս երկրի ողբերգությունը ոչ թե կեղծված ընտրություններն են, ոչ թե ոչ լեգիտիմ նախագահն է, դրանք այնքան սարսափելի չեն, որքան հասարակական անտարբերությունը: Ամենամեղմ գնահատականներով, սեփական պետությունից օտարված, սեփական երկրում գաղթականի կարգավիճակում գտնվող մարդկանց խմբեր, որոնք ոչ մի արժեհամակարգ չունեն, քաղաքացուն բնորոշ պահանջներ չունեն սեփական իշխանությունից: Ամենադաժանն ու ողբալին այս իրականության մեջ դա է, ես համամիտ եմ: Բայց պետք է ասեմ նաեւ հետեւյալը: Մեր իրականության մեջ դուք տեսաք, որ բռնաբարված հասարակական կարծիքի պայմաններում ժողովրդին հերթական անգամ ոտքի հանելը օբյեկտիվ պատճառներ ունի, եւ գալու է այդ պահը: Այստեղ արդեն կարեւոր է, թե ինչքան ուժեղ է ծանրության կենտրոնը եւ թեկնածուն: Անձից շատ բան է կախված լինելու: Նույնիսկ այս փոքր երկրի համար մեկ-երկու ամիսը բավարար է, որ կրքերը բորբոքվեն:

– Եթե ճիշտ հասկացա, դուք կարծում եք, որ Հայաստանում հնարավոր է իշխանություն փոխել ընտրությունների արդյունքում, ոչ հեղափոխական ճանապարհով:

– Չէ, ընդհակառակը, ուզում եմ ասել, որ ընտրությունները լինելու են այն միջոցը, որոնցով կարելի է հեղափոխական մթնոլորտ ստեղծել Հայաստանում եւ գնալ իշխանափոխության: Այսինքն՝ մեկը մյուսին լրացնում է: Ես հո այդքան միամիտ չեմ, ես պատկերացնում եմ, թե, ասենք, Էրեբունի համայնքի կրիմինալ տականքներին ասածը տեղ չի հասնում, նրանք իրենց որոշակի խնդիրներն են լուծում, եւ խնդիրը այդ մեխանիզմը ջարդելու մեջ է, հեղափոխական մթնոլորտը այդ սրիկաներին ջարդելու մեջ է: Բավականին դաժան եւ ծանր պայքար է լինելու, որովհետեւ իրենք կորցնելու բան շատ ունեն, մենք, բացի շղթաներից, ուրիշ ոչինչ չունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել