Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոեզիայի ծառը չորացել է, ջրող չկա»

Հուլիս 27,2007 00:00

Դերասան Ազատ Գասպարյանը այս վիճակի համար երեկ մեղադրեց նաեւ ԶԼՄ-ներին

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին դերասան Ազատ Գասպարյանն ու ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, թեման պոեզիան էր: Ա. Գասպարյանի ձեւակերպմամբ՝ նախկինում պոեզիան երիտասարդների համար գրականության ամենակրքոտ ու սիրելի ճյուղն էր, իսկ այսօր երիտասարդությունը հեռացել է պոեզիայից, գրականությունից ու գիտությունից: «Երիտասարդները մնացել են չոր ու ցամաք: Նրանց միակ արժանիքը տարիքն է: Ախր պոեզիան երիտասարդ է պահում մեծահասակներին»,- նշեց Ա. Գասպարյանը: Դերասանը դժգոհեց մերօրյա երգերի տեքստերից: Փաստեց, որ ով ինչպես ուզում՝ երգում է: Խոսքը համեմելով Չարենցի տողով՝ Ա. Գասպարյանն ասաց. «Եվ բանն էր ճիգ ու ջանք, եւ ջանքին առընթեր էր երգը: Հիմա էլ երգն առանց բանի՝ առաջ է ընկել, փչացնելով բանը՝ խոսքը»: Դերասանը համոզված է, որ այսօր էլ լավ գրողներ ունենք, սակայն նրանց չեն կարդում: Գրականության եւ պոեզիայի դերի մասին խոսելիս էլ Ա. Գասպարյանն ասաց, որ շփվելով երիտասարդների հետ՝ հասկացել է, որ «մեր գրականության ու պոեզիայի ծառը ցամաքել է, տերեւները խեղճացել են ու ջրողներ չկան»:

Ս. Յուզբաշյանն էլ պաթետիկ տոնով ասաց, որ երբ հուսո բոլոր դռները փակվեն, մարդիկ ստիպված նորից կդիմեն Նորին մեծություն պոեզիային: Նրա խոսքերով՝ «Այսօրվա բանաստեղծները հեռացել են ազգային ակունքներից, չսնվելով մեր դասական պոեզիայի հարստությունից՝ աչքները հառել են դեպի արեւմուտք»: Նաեւ հիշեց մի դեպք, երբ մի առիթով ականատես է եղել, թե ինչպես են պարսիկ գործարարները 1 ժամ շարունակ փառաբանում իրենց պոետներին: «Արդյոք, մեր գործարարներից որեւէ մեկը կարո՞ղ է Թումանյանից 4 տող ասել»,- հռետորական հարց հնչեցրեց Ս. Յուզբաշյանը: Անդրադառնալով իր մենահամերգներին, Ս. Յուզբաշյանը նշեց, որ դրանք հիմնականում արտերկրում են կայանում, որովհետեւ այնտեղ պոեզիայի կարիք կա. «Ես գոյատեւում եմ մինչեւ հիմա, որովհետեւ ինձ սփյուռքն է պահում»:

Ըստ Ա. Գասպարյանի, ընթերցողների թվի կտրուկ պակասի պատճառն այն է, որ «սերնդափոխության անցումը կոպիտ, ոտքի տակ գցելով եւ վայրենի ձեւով է եղել»: Տարեցները իրեն հաճախ են հարցնում. «Ո՞ւր են մեր կինոները»: «Մարդիկ կարոտախտ ունեն դեպի մեր մշակույթի գանձերը: Իսկ կինո կոչված այսօր ցուցադրվող տեսահոլովակներն ու արտասահմանյան ֆիլմերը մերը չեն: Միջին տարիքի մարդկանց դրանք չեն գրավում: Բավարարում են միայն թռի-վռիներին, որոնք չունեն ինտելեկտուալ մտածողություն»,- նկատեց նա: Ա. Գասպարյանը մեղադրեց նաեւ ԶԼՄ-ներին, որ չեն զբաղվում պոեզիայի պրոպագանդմամբ. «ԶԼՄ-ները չարությամբ, տգիտությամբ, անտարբեր ու անուշադիր են աշխատում: Մեր մաքրամաքուր գրականության ու պոեզիայի հանդեպ բացակայում է նրանց ամենօրյա հոգատարությունը»(՞): Ինչ վերաբերում է մտավորականությանն ու նրա դերին, ապա Ա. Գասպարյանի խոսքով. «Մենք, իհարկե, ունենք մտավորականություն, սակայն Հայաստանում նրա պահանջը չկա, որովհետեւ ամենուր փողի պաշտամունք է: Մյուս կողմից՝ բոլոր ժամանակներում տիրող դասը մտավորականությանը միշտ էլ իրենով է արել: Օրինակ, երբ զոհվեց ԱԺ փոխնախագահ Յուրա Բախշյանը, ես ելույթ ունեցա: Արցունքն աչքիս՝ ասացի, թե քո ֆիզիկան ի՞նչ գործ ուներ կուսակցության մեջ, ինչո՞ւ համաձայնվեցիր գնալ… Երեւի ոմանց պետք է, որ ֆիզիկոսը, արտիստն ու նկարիչը անցնեն իրենց շարքերը, որ կարողանան հպարտանալ, ասեն՝ տեսեք՝ ով է մեր կողքին… »:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Ոչինչ, վիճակը կշտկենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031