Լրահոս
Օրվա լրահոսը

Շահագործման հանձնվեց Մեղրի-Կապան մայրուղին

Հոկտեմբեր 27,2007 00:00

Դա պետբյուջեով սարքած ամենախոշոր կառույցն է

Երեկ բացվել է Մեղրի-Կապան 80 կմ երկարությամբ ավտոմայրուղին: Ճանապարհը հնարավորություն կտա ողջ տարվա ընթացքում ապահովել մեր երկրի ավտոմոբիլային հաղորդակցությունը հարեւան Իրանի հետ:

Ավտոմայրուղու բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր երկրում Իրանի դեսպանը, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը եւ այլք:

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա բացառապես պետական բյուջեի միջոցներով կառուցած ամենամեծ շինարարությունն է, որի վրա ծախսվել է շուրջ 15 մլրդ 200 մլն դրամ: Ըստ Panorama.am-ի, մինչ այժմ Իրանը Հայաստանին կապող միակ ավտոճանապարհը, որն անցնում էր Մեղրիի լեռնանցքով, ձմռանը հաճախ փակվում էր: Դրանով կարող էին երթեւեկել սահմանափակ՝ մինչեւ 36 տոննա տարողությամբ բեռնատարներ: Ելույթ ունենալով մայրուղու հանդիսավոր բացման արարողության ժամանակ, Ռ. Քոչարյանը նշեց, որ այլընտրանքային ճանապարհը անհրաժեշտ էր Իրանի հետ համատեղ խոշոր ծրագրերի իրականացման հեռանկարի առումով: Իսկ տվյալ ծրագիրը, ըստ ՀՀ նախագահի, իր շարունակությունը կունենա՝ կկառուցվի Կապան-Սիսիան ճանապարհը, որը կշրջանցի Գորիս քաղաքը: «Նոյյան տապանի» տեղեկություններով, շինաշխատանքներն իրականացրել են Կապանի «Ճանշին», Մեղրիի «Ճանշին», ԼՂՀ-ի «Դորոժնիկ» եւ «Կապավոր» ընկերությունները:

Հիշեցնենք, որ սկզբնական նախագծով մայրուղին պետք է լիներ 86 կիլոմետր եւ անցներ Մթնաձորի արգելոցով: Սակայն, բնապահպանների պնդմամբ, արգելոցը շրջանցվեց, եւ այժմ մայրուղու փաստացի երկարությունը կազմում է 90կմ 735 մ: Ճանապարհի շինարարությունը սկսվել է 2005թ. մայիսին եւ ավարտվել երեկ: Համեմատության համար նշենք, որ նախկինում գործող միակ մայրուղին կոմունիստների օրոք կառուցվել է 5 տարում: Նորաբաց ճանապարհը մի քանի էական առավելություններ ունի նախկինի նկատմամբ. մասնավորապես՝ վերջինիս ամենաբարձր նիշը 2535 մետր է, իսկ նոր կառուցվածինը՝ 2215 մետր: Գործող ճանապարհի վրա կա ութ սերպանտին, որոնց շառավիղը 8-13 մետր է, իսկ նորի վրա սերպանտին չկա՝ շառավիղները մինիմում 40 մետր է: Երկայնական թեքությունը առաջին դեպքում 14 աստիճան է, նոր ճանապարհի վրա՝ 8: Չնայած նոր ճանապարհը երկար է գործողից շուրջ 16 կմ, բայց եթե հին ճանապարհով բեռնատարները, օրինակ, Կապանից Մեղրի գնում են շուրջ 2 ժամ 10 րոպեում, ապա այժմ՝ 1 ժամ 30 րոպեում: Աշխատանքների ժամանակ մշակվել է 4,1 մլն խմ գրունտ, որից 2 մլն 800 հազար խմ-ը՝ միայն ժայռային գրունտ՝ պայթեցումների միջոցով: Ճանապարհի լայնությունը նվազագույնը 6 մ 50 սմ է՝ միջազգային ստանդարտին համապատասխան: Կան տեղեր, ուր լայնությունը 7-8, 10 մետր է:

«Առավոտի» հետ զրույցում տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հիշեցրեց, որ երբ նախագահ Քոչարյանը հանձնարարեց ճանապարհ կառուցել, սկզբից ծրագիր կար փորել Քաջարանի թունելը՝ կրճատելով գործող ճանապարհը: Սակայն վերջինս շատ մոտ է գտնվում Նախիջեւանի տարածքին եւ այդ առումով ստրատեգիական վտանգներ է պարունակում: Եվ որոշում ընդունվեց գտնել այլընտրանքային տարբերակը, որը երեկ կյանքի է կոչվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել