Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ «ՈՏՔԻՑ ԳԼՈՒԽ»

Հոկտեմբեր 27,2007 00:00

\"\"Երեկ հինգ հարյուր 11-րդ դասարանցի «փորձարկվեց» հայոց լեզու եւ գրականություն առարկայից

Երեւան քաղաքի՝ 200 եւ Արմավիրի մարզի 300 11-րդ դասարանցիներ երեկ մասնակցեցին հայոց լեզվի թեստերի փորձարկմանը: Մինչ դպրոցներ այցելելը, «Առավոտը» Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննական առաջադրանքների եւ Ուղեցույցի մշակման հանձնաժողովի նախագահ

Յուրա Ավետիսյանից հետաքրքրվեց, թե այս տարվա թեստերն ինչպիսի՞ փոփոխություններ են կրել: «Փոփոխությունները ե՛ւ բովանդակային, ե՛ւ կառուցվածքային են: Ա եւ Բ մակարդակներում էլ գրականությունից հարցեր են ընդգրկված: Ներառվել են առաջադրանքների նոր տիպեր եւ տեսակներ, որոնք նախկինում չեն եղել: Օրինակ, դրանցից մեկը ենթադրում է ոչ թե 4-ից մեկ հնարավոր պատասխանի ընտրություն, այլ մի քանիսի: Այս տարի փորձել ենք ընդգրկել հայոց լեզվի եւ հայ գրականության գրեթե ամբողջ ծրագիրը, մի բան, որ նախորդ տարվա թեստերով չէր նախատեսվում: Հանվել են վիճահարույց հարցերը: Գրականության առաջադրանքները կազմված են այնպես, որ ստուգում են ոչ միայն փաստական նյութի իմացությունը՝ հեղինակ, ժողովածու, հերոսի խոսք եւ այլն: Նաեւ գաղափարական, բովանդակային հետաքրքիր հարցեր են ընդգրկված՝ հիմնականում Բ մակարդակում»,- պատասխանեց պրն Ավետիսյանը: Նրան հարցրինք, մտավախություն չունի՞, որ ասեկոսեներ կծնվեն, թե իր՝ քննական առաջադրանքների եւ Ուղեցույցի մշակման հանձնաժողովի նախագահի դիմորդները կարող են ավելի շահեկան վիճակում հայտնվել:

«Շահարկումները մեր ազգային հատկանիշներից են: Եթե հարյուր լավ բան ես անում, ոչ ոք չի նկատում, բայց երբ երկու վրիպում է լինում՝ անպայման տեսնում են: Այս տարի բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ ենք նախատեսել, հաշվի առել մասնագիտական լսարանի կարծիքը: Այնպես որ, իմ համոզմամբ, այս տարվա թեստերն այնպես խոցելի չեն, ինչպես նախորդ տարի»,- պատասխանեց Յու. Ավետիսյանը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) քննական առաջադրանքների եւ մեթոդական օժանդակության բաժնի ավագ մասնագետ Միրցա Հալաջյանն էլ հավելեց. «Մենք ընդամենը Ուղեցույցի կազմողներն ենք եւ թեստի կառուցվածքի մշակողները: Առաջադրանքները լինելու են հետագայում: Ուղեցույց գրողը կարող է անգամ թեստի մեկ նմուշ չներկայացնել իրական քննության համար, այնպես որ, նման շահարկումները բացառվում են: Շուտով բոլորը կունենան ե՛ւ այդքան սպասված Ուղեցույցը եւ հավելվածը: Ուղեցույցում բացատրված կլինեն նաեւ գրականության նյութերը, ներկայացված՝ պարտադիր ընթերցանության եւ անգիրների հստակ ցանկը: Ինչ վերաբերում է Ուղեցույցի հավելվածին, այնտեղ ավելի մանրամասն բացատրություններ կլինեն»:

ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը հայտնեց. «Ծնողները չպետք է շտապեն գնել տարբեր տեսակի թեստեր, ժողովածուներ կամ ուղեցույցներ, որովհետեւ դրանք կամ պատահական մարդկանց ստեղծածն են, կամ անցած տարվա թեստերին են համապատասխանում եւ հնացած են: Առաջիկայում նոր ժողովածուները ոչ միայն անվճար կբաժանվեն բոլոր աշակերտներին, այլեւ կվաճառվեն»:

Երեւան քաղաքի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում մեր այցելության պահին «փորձարկվում» էր շուրջ 40 աշակերտ, իսկ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում՝ 50 աշակերտ: Վերջինիս փոխտնօրենը հավաստիացրեց, որ գրավորին մասնակցում են միայն նրանք, ովքեր հետագայում միասնական քննություն են հանձնելու, եւ իբր ավարտականի երեխաներն էլ են շատ խնդրել «փորձարկվել», սակայն հնարավոր չի եղել նրանց եւս ներառել: ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը առաջարկեց մի քննություն էլ ցանկացողների համար կազմակերպել: Ի դեպ, Չեխովի անվան դպրոցի մուտքի մոտ կուտակված էին «գոլդ» համարանիշներով շքեղ ավտոմեքենաներ, իսկ դպրոցի առաջին հարկում սպասում էին աշակերտների թիկնապահները, որոնք հարցուփորձ անելուց հետո միայն համաձայնեցին մեզ ներս թողնել: Ինչպես թիվ 20, այնպես էլ թիվ 55 դպրոցի «քննվող» աշակերտները թեստերի վերաբերյալ որոշ նկատառումներ ունեին: Մկրտչյան Շողակաթի կարծիքով, համարյա բոլոր առաջադրանքները նորմալ էին, շփոթեցնող էր միայն Ա-14-ը, որտեղ պահանջվում էր որոշել, թե տրված շարքի որ բառերն են հոմանիշ: Նաիրա Հովհաննիսյանի համար բարդ չէին առաջադրանքները, ասաց, որ գրականությունն էլ կհաղթահարի, որովհետեւ ամռանը կարդացել է: Հովսեփյան Լիլիթը, ընդհակառակը, դժվարանում էր գրականությունից: Ճաղարյան Տաթեւիկին եւս շփոթեցրել էին հոմանիշները, Մոսինյան Մարիամին առաջադրանքների մի մասը բարդ էր թվում, որովհետեւ շատ թեմաներ, այդ թվում՝ վերաբերականները, դեռ չէին ուսումնասիրել: Գեղամ Այվազյանն ասաց. «Թեստերն այդքան էլ հեշտ չեն: Գրականության հարցերն են բարդ, հիշելը դժվար է»: Սեւակ Պողոսյանն էլ կատակեց, թե «կուզեի, որ թեստում ոչ մի առաջադրանք էլ չլիներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել