Լրահոս
Օրվա լրահոսը

Կընտրվեն տարվա նախագիծն ու կառույցը

Հոկտեմբեր 27,2007 00:00

Ըստ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն, «Տարվա նախագիծ եւ կառույց» մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպիչ Աշոտ Գրիգորյանի, կքվեարկեն նաեւ այցելուները:

«Մեր հանրապետությունում նախագծային աշխատանքներ են տարվում ոչ միայն ճարտարապետության, այլեւ քաղաքաշինության բնագավառում: Վերջին տարիներին այս հարցը մի տեսակ սրվել է այն առումով, թե ինչ ենք նախագծում կամ ինչ կառուցում: Արդյոք կա՞ն աշխատանքներ, որոնք կարելի է համարել տարվա լավագույն նախագիծը կամ կա՞ մի կառույց, որը կարելի է կոչել տարվա ճարտարապետական մտքի լավագույն իրականացում»,- այսպես սկսեց զրույցը «Տարվա նախագիծ եւ կառույց» մրցույթի կազմակերպիչ Աշոտ Գրիգորյանը: Նրա խոսքերով, մրցույթի անցկացումը դարձել էր օրվա խնդիր, ինչի արդյունքում էլ քաղաքաշինության նախարարությունը հայտարարեց այդ մրցույթ-ցուցահանդեսը: Այն կկայանա Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, որին կարող են մասնակցել անհատ նախագծող-ճարտարապետներ, հեղինակային խմբեր, նախագծային եւ շինարարական կազմակերպություններ, արտերկրի ճարտարապետներ ու կազմակերպություններ, որոնց նախագծերը եւ կառույցները արված կլինեն Հայաստանի համար: Հայտերի եւ նյութերի ընդունումը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը, իսկ մրցույթ-ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին: Ա. Գրիգորյանը նշեց, որ մրցույթը հանրապետությունում անցկացվում է արդեն երկրորդ անգամ. «Առաջին անգամ մեզ հետ էին Ճարտարապետների միությունը եւ մշակույթի նախարարությունը, իսկ այս անգամ մեզ միացել է Ճարտարապետների եւ շինարարների միությունը, սակայն կազմակերպիչը քաղաքաշինության նախարարությունն է: Մենք իրականացնում ենք նյութերի հավաքումը, տեսակավորումը, ցուցադրումը, իսկ քաղաքաշինության նախարարությունը, կառավարության հետ համատեղ, համակարգում է խնդիրները»:

Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ մրցույթն անցկացվելու է երկու տարին մեկ, որովհետեւ նախագծային գործընթացը արվեստի այն տեսակն է, որը ժամանակ է պահանջում: Նրա խոսքերով՝ «ամեն օր չէ, որ նախագծային արտադրանք ենք տալիս»: Կազմակերպչի կարծիքով՝ «եթե մրցույթը լինի ամենամյա, մենք գրեթե արդյունք չենք տա»: Ըստ նրա՝ «աշխարհի ամենախոշոր ճարտարապետական մրցույթ-ցուցահանդեսը վենետիկյանն է, որը անցկացվում է 2-3 տարին մեկ: Մեր անցկացրած մրցույթի շնորհիվ կընտրենք աշխատանքներ, որոնք հետագայում նույնպես կկարողանան մասնակցել վենետիկյան բիենալեներին: Մենք նպատակ ունենք ամփոփել ոչ միայն հանրապետության նախագծային գործընթացը, այլեւ դրսի ճարտարապետներինը, ովքեր մեր երկրի համար նախագծեր են անում»: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ գարուն, սակայն մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 20-25-ը: Ա. Գրիգորյանի ձեւակերպմամբ՝ «Մրցույթ-ցուցահանդեսը ինքնանպատակ չէ, որովհետեւ, եթե ունենանք լավ նախագիծ, կնշանակի, որ այդ նախագծի հետեւում կան լավ նախագծողներ, որոնց էլ պետք է ճանաչեցնել, խրախուսել ու, ամենակարեւորը՝ հպարտանալ, մի բան, որ վերջին շրջանում բաց ենք թողել»:

Ի դեպ, մրցույթը իր տեսակի մեջ՝ հանրապետական նշանակությամբ, ամենամեծն է: «Գրիգոր Լուսավորչի» տաճարի համար հայտարարված մրցույթից հետո որեւէ խոշոր մրցույթ այլեւս չի կայացել: Ուրախալի է, որ արդեն արտերկրի ճարտարապետներն էլ են Հայաստանի համար նախագծում»,- ասաց Ա. Գրիգորյանը: Մասնակիցները կարող են հանդես գալ մի քանի աշխատանքներով, որոնք պետք է ներկայացնեն էլեկտրոնային կրիչով, վահանակի ձեւավորման էսքիզով: Վահանակների, նյութի ընտրությունը, ձեւավորումը, կատարումը եւ ցուցահանդեսի մոնտաժը իրականացվելու է Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի կողմից, թանգարանի եւ հեղինակի միջեւ էլ կնքվելու է պայմանագիր: Մասնակիցը իրավունք ունի ունենալ մանրակերտ, աուդիո-վիդեո նյութեր: Մրցույթ-ցուցահանդեսի շրջանակներում նախագծի հեղինակների հետ կկազմակերպվեն քննարկում-հանդիպումներ: Դառնալով մրցույթի ժյուրիին, Ա. Գրիգորյանը հայտնեց. «Մրցույթը կունենա ոչ միայն ավանդական ժյուրի, կլինի քվեարկություն, այսինքն՝ ցուցահանդեսի ժամանակ այցելուները կարող են քվեարկել»: Անդրադառնալով հաղթող նախագծերի խրախուսման ձեւերին, մրցույթ-ցուցահանդեսի կազմակերպիչը նշեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ ֆինանսական խրախուսում չի լինի. «Չենք ցանկանում նպատակը դառնա ֆինանս ակնկալելու պատրվակը: Ուզում ենք, որ խրախուսվի մասնագիտական որակը»: Խոսելով մրցույթի օբյեկտիվության մասին, Ա. Գրիգորյանը նշեց. «Ինչքան էլ լինենք իդեալական, որը չենք, միշտ էլ կգործի մարդկային ֆակտորը: Մյուս կողմից էլ՝ ժյուրիի կազմը չի լինի մեկ հոգու կողմից ընտրված եւ ոչ էլ թելադրված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել