Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է դավել Տիգրան Ուրիխանյանին

Նոյեմբեր 22,2007 00:00

ՀԱԿ նախագահի համոզմամբ, իր դեմ տեղի է ունեցել մահափորձ, բայց բացահայտում կանի 30 հազար ֆունտի դիմաց:

«Ամեն ընտրությունից առաջ կամ ամեն անգամ, երբ հարց է առաջանում՝ ես պիտի մնա՞մ կուսակցության նախագահ, թե՝ ոչ, երբ ներկուսակցական հակասություններ են լինում՝ ինձ հետ անպայման մի բան կատարվում է. տուն են թալանում, մեքենա են ջարդում եւ, որպես կանոն՝ անհայտ, անտեր ինչ-որ մարդիկ են լինում կատարողները: Ես հայտարարում եմ, որ սա իմ նկատմամբ իրականացված մահափորձ էր (նկատի ունի երկու օր առաջ տեղի ունեցած վթարը.- Ն. Գ.): Ակնհայտորեն կան մարդիկ, ընդ որում՝ զորեղ մարդիկ, ում ձեռք չի տալիս՝ ձեր ձեւակերպմամբ, «իշխանամետ», «սերժամետ», «Սերժ Սարգսյանի նվիրյալ» Ուրիխանյան Տիգրանին այդ կուսակցության ղեկավարի պաշտոնում տեսնելը: Մանավանդ որ, այդ մեքենան ոչ տեխնիկական անձնագիր ուներ, ոչ վարորդն իր մոտ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ ուներ, ոչ վարորդական իրավունք, ոչ էլ մեքենայի հետ իր կապվածության որեւէ փաստաթուղթ: Իսկ ոստիկանության աշխատակիցներն ուշադրության չարժանացրին այդ փաստերից որեւէ մեկը: Այդ տղան շատ հանգիստ գնաց, մեքենան էլ տարավ: Հիշեցնեմ, որ անցյալ տարի, էլի նոյեմբերի 20-ին, «վթարի» ենթարկվեց իմ մյուս՝ «Ջիփ» մեքենան, դարձյալ անհասկանալի հանգամանքներում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի առաջադիմական կուսակցության դարձյալ նախագահ Տիգրան Ուրիխանյանը: «Դարձյալ», որովհետեւ կուսակցության քարտուղար Նունե Ղումաշյանի գլխավորությամբ նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Ահարոնյանը «գահընկեց» է արվել վարչության նիստով եւ ՀԱԿ նախագահի պարտականությունները նորից դրվել են Տիգրան Ուրիխանյանի փխրուն ուսերին:

Իսկ ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մնացականյանն ասաց, որ նոյեմբերի 28-ին կայանալու է կուսակցության համաժողովը, որը կձեւավորի համագումարի օրակարգը: Չի բացառվում, որ համագումարի օրակարգում ընդգրկվի կուսակցության լուծարման հարցը:

Այս առիթով Տիգրան Ուրիխանյանի մոտեցումը հուզական էր. «Ես ենթարկվելու եմ համագումարի ցանկացած որոշմանը: Ավելի լավ է չլինի այն, ինչում ես տարիներ շարունակ դրել եմ կյանքս ու հոգիս, ծառայեցրել եմ մեր պետականության կայացմանն ու ամրապնդմանը, քան դառնա խաղալիք կամ ավտոբուսային մարդ-կուսակցություն, ինչպիսիք սովորաբար լինում են ոչ իշխանական, ոչ խորհրդարանական կուսակցությունները»: Այս թափանցիկ ակնարկների փոխարեն Տիգրան Ուրիխանյանը ուղղակի եւ հասցեական հայտարարություններով խոստացավ խոսել այն լրատվամիջոցի հետ, որն իրեն կվճարի 30 հազար ֆունտ-ստեռլինգ: Սա այն պատճառով, որ նա համոզված է, թե իր բացահայտումների արդյունքում մահացու վտանգի կենթարկի կյանքը:

Իսկ ի՞նչ եղավ Տիգրան Ուրիխանյանի նշանակումը կառավարության աշխատակազմում: Ի պատասխան նա հայտարարեց. «Ես նախընտրում եմ զբաղվել կուսակցական գործունեությամբ, հատկապես ընտրություններից առաջ: Պաշտոնը կուսակցության հետ ես չեմ փոխի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել