Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՂՐԻԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ԵՂԵԼ Է

Փետրվար 14,2008 00:00
vazgen sargsyan

Դա փաստող վկայությունների պակաս չկա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համատեքստում տարածքների փոխանակման կամ «Մեղրիի հարցը» բանակցությունների առարկա լինելու շուրջ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների բանավեճը վաղուցվա պատմություն ունի: Այն ծայր է առել 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո եւ մշտապես կապվել է կատարված ոճրագործության հնարավոր շարժառիթների հետ:

Այդ բանավեճը արդիական է նաեւ այսօր՝ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 9-ին Ազատության հրապարակում արած հայտարարություններից հետո: Իշխանություններն ինչպես տարիներ առաջ, այսօր էլ ժխտում են, թե Մեղրիի հարցը եղել է բանակցությունների սեղանին, առավել եւս հեգնանքով են վերաբերվում այդ հարցը «Հոկտեմբերի 27»-ի հետ կապելը:

Այդուհանդերձ, հայաստանյան մամուլի արխիվներում մնում են «Մեղրի տարբերակի» գոյության մասին փաստող բազմաթիվ հրապարակումներ՝ պետական գործիչների «ինքնախոստովանություններ», նաեւ օտարերկրյա մամուլում՝ «Լը մոնդ դիպլոմատիկ», «Շպիգել», «Կալիֆոռնիա կուրիեր», «The Economist» եւ այլն, ու, ի վերջո, նաեւ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ նրանց հարազատների կողմից արված վկայություններ:

Այդ տարբերակի՝ գոյության մասին դեռ 2000-2002թթ. եւ դրանից հետո էլ բազմաթիվ անուղղակի վկայություններ են եղել: Դրանք արել են, օրինակ՝ մոսկվացի քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ՀՀ ԱԳ առաջին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը:

Մենք հարկ ենք համարում ներկայացնել մեր մամուլում 2000թ.-ից ի վեր «Մեղրիի տարբերակի» գոյությունը փաստող հրապարակումների այն կտորները, որոնց աղբյուրները տարբերակի գոյության մասին անձամբ եւ ի պաշտոնե տեղյակ մարդիկ են:

2001թ. «ՉԻ». ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան. «Իսկապես կար Մեղրիի տարբերակ, եւ իսկապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համոզում էին ընդունել այդ տարբերակը: Բայց նախքան մեր պաշտոնանկությունը, մենք հասցրել ենք այնպիսի քայլեր անել, որոնք անհնար են դարձնում այդ տարբերակի ընդունումը: Մասնավորապես, գիտակցելով, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, չի կարող բացահայտորեն իր դիրքորոշումն արտահայտել, մենք հասել ենք նրան, որ Ռուսաստանը Մեղրիի տարբերակին դեմ է արտահայտվել այլ կերպ՝ որոշում է ընդունել Մեղրիում էլեկտրակայան կառուցել»:

2001թ. «ՉԻ». ՀՀ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյան. «Իմ թիվ մեկ ձեռքբերումն եմ համարում այն, որ ունեցածս հնարավորությունների չափով խոչընդոտել եմ Մեղրիի տարբերակի իրականացմանը»։

2001թ. «ՉԻ». «Այս տարբերակի վերաբերյալ Վազգեն Սարգսյանից մնացած մի ձեռագիր փաստաթուղթ կա, որտեղ նա նշում է արել՝ «սա մեր տարբերակը չէ, սա իրենց տարբերակն է», ու որ ինքն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են այդ տարբերակին: Նա նաեւ գրել էր, թե «Մեղրին բենզինի նման կմտնի ձեր արյան մեջ ու…. Վ. Սարգսյանը միանշանակ այն տեսակետին էր, որ Լաչինը պահել է պետք»:

2007թ. «Առավոտ». «1999 թ. Անվտանգության խորհրդի հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվել էր Մեղրիի հարցը. այդ օրը Կարենը մեզ ասաց. «Ոչ ոքի չասեք, բայց դուք իմացեք. եթե ինձ մի բան պատահի, իմացեք՝ դրա համար է»:

2000թ. «Առավոտ». «Ապրիլի 25-ին Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը բացահայտել է. «Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը՝ Ղարաբաղի հետ, տրվում է Հայաստանին: Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ», եւ հավելել՝ «ինչ-որ տրամաբանություն կա» եւ «պետք է դրվի լուրջ քննարկման»:

«Առավոտ». «HTB հեռուստաընկերության «Սեգոդնյա» լրատվական ծրագրով նոյեմբերի 16-ին հաղորդվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետեւյալ հայտարարությունը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին: Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր եւ ասաց, թե դեմ կլինի եւ կկանգնի մինչեւ վերջ»:

«Առավոտ». «Ալմաստ» գործարանում շրջայց կատարող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան լրագրողներից մեկի «Մեղրիի տարբերակին» վերաբերող հարցին՝ այն քնքշորեն ներկայացրել էր որպես «կոմունիկացիաների խնդիր». «Խոսքը երբեք չի գնացել միջանցքի մասին, խոսքը գնացել է, այո՛, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սուվերեն միջանցքի մասին Մեղրիով, խոսքը գնում է ճանապարհով հաղորդակցության իրավունքի մասին։ Սրանից այն կողմ երբեք որեւէ պայմանավորվածություն մենք չենք ունեցել»:

Եվ վերջապես՝ 2000թ. «ՀՀ» օրաթերթում հրապարակվեց ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանի հարցազրույցը Կ. Դեմիրճյանի վարորդի՝ քեռի Միշայի հետ, որտեղ նա վկայել է, որ «Հոկտեմբերի 27-ի նախօրյակին շատ-շատերից ավելի վաղ ես նկատեցի, որ Կարեն Սերոբիչը անտրամադիր էր, մտահոգված էր երկրի ծանր վիճակով, ժողովրդի չքավորությամբ։ Գործերը դժվար էին առաջ գնում։ Բայց հոկտեմբերի 23-ին Կարեն Սերոբիչը այնքան անտրամադիր էր ու զայրացած, որ երբեւիցե չէի տեսել իրեն այդ վիճակում։

Այդ օրը հրավիրված էր Անվտանգության խորհրդի նիստ, որից Դեմիրճյանը չափազանց զայրացած դուրս եկավ։ Ի դեպ, անտրամադիր ու բարկացած նիստից հեռացավ նաեւ Վազգեն Սարգսյանը: Այդ օրը ժամը 14-ին ԱԺ եկավ Վազգեն Սարգսյանը: Կարեն Սերոբիչը Մոսկվայից նոր էր վերադարձելL: Նրանք մոտ երկու ժամ զրուցեցին եւ ժամը 16-ին ես իրենց տարա նախագահի նստավայր, ուր արդեն հավաքվել էին Անվտանգության խորհրդի անդամները: Երկուսն էլ շատ բարձր տրամադրություն ունեին: Այլ վարորդների հետ մեքենայի մոտ սպասում էի նիստի ավարտին: Առաջինը նախագահի նստավայրից դուրս եկավ Ալբերտ Բազեյանը, լուռ նստեց մեքենան ու հեռացավ: Բավականին ժամանակ անց դուրս եկան մնացածները: Վ. Սարգսյանը այն աստիճան ջղայնացած էր, որ նստեց իր մեքենան ու ամբողջ ուժով փակեց մեքենայի դուռը: Ինձ թվաց, որ դուռը տեղից դուրս կթռնի: Կարեն Սերոբիչի դեմքին գույն չկար: Մի կերպ ասաց. «Քշի տուն»: Փորձեցի հանգստացնել, բայց կտրուկ ընդհատեց ինձ. «Բավական է, շարունակ նույնն ես ասում: Ո՞նց հանգստանամ, չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում»։ Սրանից զատ վարորդը նաեւ փոխանցել էր, թե ԱԽ նիստում «Մեղրին են հանձնում»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829