Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՀԱՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԿՈՉ

Օգոստոս 01,2008 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբում դրանք չեն տարբերում

ՀՀ նախագահական անցած ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մարտի 10-ից ի վեր՝ արդեն ավելի քան 4 ամիս, գտնվում է անազատության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածների՝ 225-ի 3-րդ մասի՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, որը զուգորդվել է սպանություններով», եւ 300-ի 1-ին մասով՝ «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները», հատկանիշներով: Այս մեղադրանքներին, ի դեպ, հավելվել է նաեւ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասը, այսպես կոչված՝ «փողերի լվացման» գործը: Մի մեղադրանք, որ նրան առաջադրվել էր դեռեւս 2007-ի մայիսին:

Ալ. Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի գնահատմամբ, այդ մեղադրանքներն իր պաշտպանյալին առաջադրվել են զուտ քաղաքական շարժառիթներով: «Ժողովրդավարության մասին հռչակագրային հայտարարություններ անող, բայց իշխանությունը զավթած մարդիկ դեռ ՀՀ նախագահական ընտրությունների նախընտրական արշավի հենց սկզբից պետական կառավարման ողջ համակարգը լծել էին Լ. Տեր-Պետրոսյանի քարոզարշավը տապալելու գործին»,- հայտարարեց պաշտպանը: Նրա կարծիքով, հենց այդ համատեքստում են սկսվել Ալեքսանդր Արզումանյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարի եւ, ըստ էության, նրա թիվ մեկ վստահված անձի նկատմամբ իրավական տեսանկյունից չհիմնավորված եւ քաղաքական հետապնդումները:

«Զարմանալին ու տարօրինակն այն է, որ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս փետրվարի 20-ից էր որոշում կայացրել թույլատրելու գաղտնալսել Ալ. Արզումանյանի հեռախոսային խոսակցությունները: Պաշտոնապես հաստատված այդ փաստը կատարվել է այն ժամանակ, երբ նա դեռեւս համարվում էր նախագահի թեկնածուի վստահված անձ, ինչը նշանակում է, որ Ալ. Արզումանյանի կարգավիճակից ելնելով՝ նման գաղտնալսում իրականացնելու համար պարտադիր էր ԿԸՀ-ի թույլտվությունը»,- նկատեց պաշտպանը՝ վկայակոչելով գործող օրենսդրությամբ վստահված անձանց իրավունքի որեւէ սահմանափակման, նրա նկատմամբ որեւէ հետապնդում իրականացնելու, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության դեպքում իրականացվող ընթացակարգը: Համոզված լինելով, որ ԿԸՀ-ն իրականում նման թույլտվություն չի տվել, պարոն Արսենյանը նաեւ այդ տեսանկյունից որպես «ակնհայտ խախտում» որակեց Ալ. Արզումանյանին գաղտնալսելու փաստը, մանավանդ որ, նրա ասելով, այդ պահին դա չի արվել որեւէ քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի դրությամբ, դեռ ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները չէին էլ հրապարակվել, եւ ՀՀ ԱԱԾ-ում էլ չարաբաստիկ քրգործը՝ ՔՕ 300-րդ հոդվածի հատկանիշներով, հարուցված չէր: «Հետեւաբար հարց է առաջանում՝ ինչի՞ հիման վրա էր ընդհանուր իրավասության դատարանը նման թույլտվություն տվել: Դա մարդու իրավունքների եւ ազատությունների ակնհայտ խախտում է, որովհետեւ գաղտնալսումներ իրականացվում են միայն քրգործ հարուցելուց հետո՝ նոր ապացույցներ ձեռք բերելու համար, եւ ոչ թե այդ գաղտնալսում են, որ նոր միայն դրա հիման վրա հանցանք հայտնաբերեն, ինչը օրենսդրության կոպիտ խախտում է»,- հայտարարեց ԱԳ նախկին նախարարի պաշտպանը՝ հավելելով, որ այդ ապօրինություններն արվել են, որովհետեւ իշխանությունները նրա նկատմամբ «բավարար տվյալներ» ունենալու ձեւակերպմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու խնդիր են ունեցել:

Հ. Արսենյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ էլ Ալ. Արզումանյանին առաջադրված մեղադրանքն ամրապնդող ապացույց, ինչպես մյուս քաղբանտարկյալների դեպքում է, որպես այդպիսին՝ չկա. «Չկա ապացույցը, մարդու նկատմամբ դադարեցրեք քրեական հետապնդումը եւ խափանման միջոցը վերացրեք եւ ոչ թե սպասեք, որ մարդկանց առողջական վիճակը վատանա, նոր հետո խափանման միջոցը փոխեք՝ հայտարարելով, որ, իբր, նախաքննական մարմինը շարունակում է քննություն կատարել ու ապացույցներ ձեռք բերել»:

Անդրադառնալով նախաքննական մարմնի եւ որպես Ալ. Արզումանյանի նկատմամբ քրեական հետապնդման հիմք վկայակոչվող՝ ԱԳ նախկին նախարարի եւ Սուրեն Սիրունյանի միջեւ մարտի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսմանը, Հ. Արսենյանն ասաց, որ այդ հեռախոսազրույցի բովանդակության մեջ քրեորեն հետապնդելի ոչինչ չկա: Քննիչները այդ հեռախոսազրույցի վերաբերյալ Ալ. Արզումանյանին հարցրել են՝ «ի՞նչ կասեք այն մասին, որ Սիրունյանը զանգել է ձեզ եւ ասել՝ ավտոմեքենաներ են այրվում, թալան է կատարվում: Դուք ռեակցիա եք տվել, վերաբերմունք եք արտահայտել»: «Արդյո՞ք անձի կողմից տեղի ունեցած երեւույթի վերաբերյալ վերաբերմունք արտահայտելը համարվում է կոչ, հրահանգ կամ հրահրում: Միանշանակ՝ ոչ»,- եզրակացրեց պաշտպանը: Նախկին նախարարը, իր պաշտպանի մատուցմամբ, «ստացած տեղեկությանն արձագանքել է այնպես, ինչպես կարձագանքեր շարժմանը մասնակից ցանկացած մեկը՝ իմանալով մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի, դրանից հետո իր ընկերների, զինակիցների կամ պարզապես իր համաքաղաքացիների նկատմամբ անգամ փողոցներում բռնություններ կիրառելու եւ նրանցով բանտերը լցնելու մասին: Նրա արձագանքը, բնականաբար, պետք է լիներ՝ լավ են արել: Բայց դա եղել է գնահատական, վերաբերմունք, որը դեռ չի նշանակում կոչ անել, հրահրել, կազմակերպել, առավել եւս, որ Ս. Սիրունյանն այդ ամենին մասնակցություն չի ունեցել»: Հ. Արսենյանի ասելով, Ալ. Արզումանյանի, նաեւ շարժման մյուս ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդման հողը նախապատրաստվել էր դեռ մարտի 1-ից առաջ, երբ փորձ էր արվում նրանց վերագրել իրենց ելույթներում հնչած, իբր, իշխանությունը զավթելու մասին կոչեր: Այդպիսի ապացույցներ, պաշտպանի ասելով, առ այսօր չկան: Նա ասվածին միայն հավելեց, որ իր պահանջը հիմա մեկն է՝ Ալ. Արզումանյանի նկատմամբ ոչ միայն պետք է փոխվի խափանման միջոցը, այլեւ անհապաղ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել