Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱ ՔԱՋԱԼԵՐՈՂՆԵՐԻՑ

Օգոստոս 15,2008 00:00

\"\"Կոչ է անում ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը

– Տարածաշրջանային լարված այս իրավիճակում տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը Հայաստանին չի վերաբերում, ԱԳՆ-ն կցկտուր հայտարարություններ է անում, որ մենք չենք պատրաստվում ԱՊՀ-ից դուրս գալ, ուրիշները հայտարարում են, թե պատրաստ են միջանցք դառնալ, նախագահը Պեկինից ետ չի գալիս: Բայց չէ՞ որ ամեն րոպե այս լարվածությունը կարող է անմիջականորեն առնչվել մեզ հետ, որովհետեւ մեր անմիջական «պատկիցների» հետ է կատարվում: Ձեր կարծիքով՝ Հայաստանն այս իրավիճակում իրեն ինչպե՞ս է պահում:

– Հայաստանն իրեն պահում է այնպես, ինչպես իրեն թույլ են տալիս գերտերությունները: Երբ մենք ասում ենք՝ ՀՀ-ն սա պիտի աներ, այն պիտի աներ, չպիտի մոռանանք, որ երբ դու գերտերություն չես, քեզ պիտի թույլ տան, որ քեզ ինչ-որ ձեւով պահես: Եթե մեզ դիմել են մարդասիրական միջանցք տրամադրել՝ տրամադրում ենք, եթե դիմեն այլ հարցով՝ կանենք, եւ դա ճիշտ է: Բայց քիթը խոթել մի խնդրի մեջ, որը ինչ-որ տեղ աննախադեպ է՝ ճիշտ չէ; Աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ ՌԴ-ն՝ իր անկախացումից հետո, որդեգրեց շատ կոշտ դիրքորոշում եւ հայտարարեց, որ ինքը կա: Պեկինից գալով Օսեթիա՝ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատմականորեն եղել է այս տարածաշրջանում եւ լինելու է: Դրանով ՌԴ-ն հասկացրեց ԱՄՆ-ին, որ չի զիջելու իր շահերն այս տարածաշրջանում: Եվ դա արեց կոպտորեն, առանց հաշվի նստելու միջազգային կարծիքի հետ: Այսօր պիտի գնահատենք ՌԴ հնարավորությունները՝ թե տնտեսական, թե ռազմական եւ թե այլ առումներով: Հիմա կարծես աշխարհի աչքերը սկսում է բացել՝ աշխարհը հասկացավ, որ Ռուսաստանը վերադառնում է: Այլ հարց, որ տուժում են խաղաղ մարդիկ, կան զոհեր: Սա այլ հարց է, բայց մենք, որպես Կովկասում գտնվող պետություն, պիտի այս ամենը հաշվի առնենք, եւ առաջին դասը պիտի քաղի ընդդիմությունը:

– Ինչո՞ւ ընդդիմությունը, դարձյա՞լ ընդդիմությունը:

– Որովհետեւ այսօր ընդդիմությանը քաջալերում են ուժերը, որոնք Սահակաշվիլուն դրդեցին այն քայլերին, որոնք հանգեցրին այս ողբերգական հետեւանքներին: Չեմ ուզում խորանալ՝ ով է ճիշտ եւ ով է սխալ, բայց որ այդ քայլերը բերեցին Վրաստանի համար ողբերգական հետեւանքների՝ փաստ է: Որքան էլ ասեն, թե քաղաքական առումով հաղթող չկա, իրենք արդեն պարտված են քաղաքական առումով: Եթե կորցնում ես տարածք, ի՞նչ քաղաքական հաղթանակի մասին կարող է խոսք լինել: Սա պիտի դաս լինի մեր ընդդիմության համար։ Մի կողմ դնենք արդարությունը, մարդու իրավունքները եւ այլն: Այստեղ կա պետության շահ, եւ նրանք պիտի զգույշ լինեն այդ քաջալերողներից, որ չկրկնեն այնպիսի քայլեր, ինչպես արեց Սահակաշվիլին:

– Ընդդիմությանն եք զգուշացնում, բայց իշխանությունների պահվածքը մի՞թե գնահատականի կարիք չունի: Մենք կարող ենք հանգիստ նստել եւ օլիմպիադա՞ նայել՝ սպասելով, թե ՌԴ-ի նման գերտերությունն ինչ է անելու, ինչ հարցեր է լուծելու, վերջապես մենք պետությո՞ւն ենք, թե՞ ոչ, մեր արտաքին քաղաքականությունը որեւէ դրսեւորում պիտի՞ ունենա այն խնդիրների հանդեպ, որ կատարվում են մեր քթի տակ:

– Եթե նախագահն այստեղ լիներ, ի՞նչ պիտի աներ: Հեռախոսազրույց Մեդվեդեւի հետ եղել է, եթե նա այստեղ լիներ, էլի նույն հեռախոսազրույցը պիտի լիներ: Հայաստանը կարող է մասնակցել այդ գործընթացներին այնքանով, որքանով կողմերը շահագրգիռ կլինեն դրան: Այս պահին ոչ Վրաստանն է դա ցուցաբերել, ոչ Ռուսաստանը: Եվ այս պարագայում ակտիվ դիրք գրավելը ծիծաղելի կլինի նաեւ պետությունների աչքում, որովհետեւ, ի տարբերություն Վրաստանի, մենք պիտի իմանանք մեր չափը՝ մենք փոքր պետություն ենք:

– Այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂ խնդրի վրա:

– Գաղտնիք չէ, որ Աբխազիայի, Օսեթիայի եւ Ղարաբաղի հարցում մեր եւ ՌԴ շահերը համընկնում են, եւ ազդեցություն, իհարկե, ունենալու է Ղարաբաղի խնդրի վրա, բայց ես խոսում եմ զուտ շահերի առումով, ոչ թե համակրանքի, այս առումով՝ ՌԴ հզորացումը մեզ ձեռնտու է: Այն, ինչ տեղի ունեցավ Աբխազիայում եւ Օսեթիայում, Ղարաբաղին ձեռնտու է, դա կզսպի Ադրբեջանի ախորժակը, որովհետեւ հետեւանքները պարզ են: Դրա համար եմ ընդդիմությանը կոչ անում, որ քաջալերողներից զգուշանան: Պետության, ժողովրդի շահը ամեն ինչից բարձր պիտի լինի: Երկրի անվտանգությունը ես ժողովրդավարությունից բարձր եմ համարում, այլ հարց, որ դրանք միմյանց հետ առնչվում են՝ որքան ժողովրդավար ես՝ այնքան անվտանգ, բայց այս իրավիճակներում Վրաստանի որդեգրած ուղին ցույց տվեց, որ ժողովրդավարությունն ինչ-որ տեղ դիմակ է, պիտի միշտ հիշես, թե ինչ տարածաշրջանում ես եւ ովքեր են քո հարեւանները: ՀՀ-ն այս տարիների ընթացքում դա հիշել է եւ չպիտի մոռանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել