Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒՇԱՑԱԾ Է

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"Այդուամենայնիվ, դրա ստեղծումը իրավագետ Հրայր Թովմասյանը դրական քայլ է համարում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կարգադրություն ստորագրեց «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին»: Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ՝ փաստահավաք խմբի ձեւավորման առաջարկով հանդես էր եկել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Խմբում իշխանական եւ ընդդիմադիր թեւերը ներկայացված են լինելու հավասար թվով՝ երկու փորձագետ իշխանական կոալիցիայից, մեկական անդամներ «Ժառանգություն» կուսակցության, «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի» ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը փաստահավաք խմբին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: ՀԱԿ-ում կարգադրության բովանդակությունը դեռ քննարկում են: Ակնկալվում է, որ ընդդիմությունն իր պատասխանը կներկայացնի առաջիկա օրերին: Մինչ այդ, մամուլում արդեն հնչել են որոշակի վերապահումներ եւ մտահոգություններ այս կարգադրության շուրջ, օրինակ՝ այն, որ ՀՀ նախագահը հերթական անգամ խախտել է երկրի Սահմանադրությունը, որով նա իրավունք չուներ համանման կարգադրություն ստորագրել: Կան մտահոգիչ այլ դրույթներ եւս: Դրանց շուրջ մենք զրուցեցինք «Ժողովրդավարություն» հ/կ-ի փոխնախագահ, իրավագետ Հրայր Թովմասյանի հետ: Վերջինս, հաշվի առնելով հասարակական կարծիքն ու տրամադրությունները այս գործընթացների նկատմամբ, համարեց, որ անկախ ՀՀ նախագահի կարգադրության սահմանադրական լինել-չլինելու հանգամանքից, տեսական շատ փոքր շանս կա, որ ձեւավորվելիք խումբը կարող է որոշակի պարզություն մտցնել խնդրո առարկա դեպքերի համատեքստում, մանավանդ որ՝ նման խումբ ձեւավորելն ինքնին թեեւ ուշացած, բայց դրական քայլ է: Հ. Թովմասյանը միաժամանակ շեշտեց, որ չի կարծում, թե «այնպիսի բաներ կան, որոնք այս խումբը կարողանա գտնել եւ հնարավոր է գտնել, բայց կարող է ավելի շատ հարցերի պատասխաններ տալ»: Իրավագետի դիտարկմամբ՝ այն հիմքերի չափորոշիչները, որոնցով ձեւավորվել է փաստահավաք խումբը, օբյեկտիվ են: Խմբի գործունեության կարգի վերաբերյալ նա մատնանշեց մի քանի հարցադրումներ, որոնց պատասխանները որոշակիացված չեն: Օրինակ՝ արդյոք այս խմբի եւ քննչական մարմինների գործառույթներն ու լիազորությունները չե՞ն կրկնվում, կամ արդյոք քննչական մարմիններն իրենց ողջ համակարգով եւ պրոֆեսիոնալիզմով այդ ընթացքում չե՞ն հավաքել ինչ-ինչ նյութեր, իսկ այս խումբը կարողանալո՞ւ է դա անել: Միաժամանակ Հ. Թովմասյանը կարեւորեց հանրության վստահության այն ռեսուրսը, որը չկա քննչական մարմինների նկատմամբ եւ կարող է լինել փաստահավաք խմբի հանդեպ: «Բայց չեմ էլ ցանկանա, որ այն, ինչ ասելու են խմբի իշխանական թեւի ներկայացուցիչները, մերժվեն ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Այդ առումով երկու կողմերն էլ պետք է փորձեն գտնել այնպիսի պրոֆեսիոնալների, որոնց մասնագիտական էթիկան իրենց թույլ չի տա փաստահավաք խմբի առաքելությունը խառնել քաղաքական պրոցեսներին: Եթե խառնվեց, այս խմբի վրա էլ ենք խաչ քաշելու եւ նորից սկսելու ենք այլ բաներ փնտրել»,- նկատեց իրավագետը:

Նա անդրադարձավ նաեւ կարգադրության մեջ եղած՝ մտահոգություն հարուցող այլ դրույթների՝ «խմբի անդամները համարվում են նշանակված, եւ խումբը համարվում է ձեւավորված սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 11-րդ օրը, եթե առաջադրվել է ոչ պակաս, քան՝ խմբի երեք անդամ» կամ՝ խմբի «նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խմբի երեք անդամ», «…որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության է դրվում ցանկացած այն հարցը, որը չի լուծվում ուղղակի փոխադարձ համաձայնությամբ»: Սրանք կարող են հնարավորություն տալ իշխանություններին՝ խմբի եւս մեկ ներկայացուցչի վրա ազդելու կամ ճնշման միջոցով չեզոքացնելու, օրինակ՝ Լ. Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի կողմից արվող առաջարկները կամ առարկությունները: Այս առնչությամբ Հ. Թովմասյանն ասաց. «Ես նման վտանգ չեմ տեսնում, որովհետեւ ոչ մեկը չի ասում, որ ընդդիմությունը թող չգնա նիստերին: Նայեք սրան նաեւ հակառակ տեսանկյունից. իսկ եթե Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդես գա ընդդիմության դիրքերից, եւ որոշում կայացնողը լինի մյուս կողմը՝ ընդդիմությունը: Ինչո՞ւ եք բացառում այս տարբերակը: Իհարկե, տառապանքս փորձ ունի, բայց կոնսենսուսով որոշումներ ընդունել հնարավոր չէր, եւ այնտեղ «հատուկ կարծիքի» ինստիտուտի տեղ թողնված է: Այսինքն՝ բոլոր ճանապարհները փակված չեն»:

Մտահոգության առարկա մյուս դրույթը վերաբերում է խմբի անդամ փորձագետների ետկանչի հնարավորության բացառմանը, բացառությամբ այն դեպքի, եթե այդ անդամը խմբի աշխատանքների վերաբերյալ արտահոսք է թույլ տվել: Սա նման է ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների կողմից նշանակված, ապա «ծախված» իրենց անդամին մեկ այլով փոխարինելու հնարավորությունից զրկելու պրակտիկային: «Դա պայմանավորված է խմբի գործունեության փակ լինելով: Եթե քաղաքական ուժը իրավունք ստանա ամեն օր իր անդամին մեկ այլով փոխարինել, այդ մարմինը չի կարողանա նորմալ աշխատել, եւ արտահոսք, իհարկե, կլինի: Միաժամանակ տեսականորեն եւ գործնականում չի բացառվում, որ որեւէ փորձագետի վրա հնարավոր լինի ազդել կամ ճնշում գործադրել: Բայց աղաղակել, թե՝ մեր նշանակած անդամին «առան», ավելի ամոթ է, որովհետեւ եթե քաղաքական ուժը չի կարողանում մի մարդ գտնել, որ անկաշառ է, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ էլ ինչո՞ւ եք խաբում ժողովրդին, թե գալու ենք եւ լավ է լինելու: Եթե որեւէ ուժի կողմից նշանակված մեկ մարդը գայթակղություններին չի դիմանալու, ուրեմն՝ ո՞վ ասաց, որ այդ ուժի իշխանության գալու դեպքում նրա հազարավոր անդամները, նախարարները կամ պաշտոնյաները կաշառք վերցնելու գայթակղությանն են դիմանալու: Այդ փաստարկը «դեմ» փաստարկ է այն ուժի դեմ, որը նման մտահոգություն կհնչեցնի»,- հայտարարեց Հ. Թովմասյանը եւ կարծիք հայտնեց, թե ընդդիմությունը խելամիտ կլինի, եթե այս խմբում ներկայացված լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել