Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը մեծահասակներինն է

Փետրվար 05,2009 00:00

\"\"Հոլանդիայում անցկացված ձյուդոյի պատանիների եւ դեռահասների միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացված էր 19 մարզիկով, որից չորսը մեդալների է արժանացել:

Առավել հաջող է հանդես եկել մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը, որը, չկրելով ոչ մի պարտություն, նվաճել է հաղթողի կոչումը: Երկրորդ տեղ է զբաղեցրել Իշխան Գրիգորյանը՝ մինչեւ 66 կգ քաշային կարգ: Եվս երկու ձյուդոիստ՝ 55 կգ քաշային Արսեն Թովմասյանը եւ Սամվել Խաչատրյանը (մինչեւ 38 կգ) բավարարվել են երրորդ մրցանակով:

Մարզաձեւի պատանեկան հավաքականն առաջիկայում հանգստանալու է: Դրա փոխարեն ազգային հավաքականի անդամները մոտ օրերս կսկսեն նախապատրաստվել փետրվարի վերջին Վարշավայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին: Ձյուդոյի ֆեդերացիայում մեզ տեղեկացրին, որ, ամենայն հավանականությամբ, հատուկ ուսումնամարզական հավաք չի կազմակերպվի: Յուրաքանչյուր ձյուդոիստ կմարզվի իր ակումբում՝ անձնական մարզչի ղեկավարությամբ: Դրա փոխարեն, նրանք բոլորը պարբերաբար կհավաքվեն եւ համատեղ մարզումներ կանցկացնեն: Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը մոտ օրերս կկողմնորոշվի, թե ովքե՞ր են մեկնելու Լեհաստան: Սակայն մեր առաջատար երկու ձյուդոիստների՝ Արմեն Նազարյանի եւ Հովհաննես Դավթյանի մասնակցությունը կասկածից վեր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել