Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԿԱՆԳՆԵԻՆՔ

Փետրվար 14,2009 00:00

ԲՀԿ 4-րդ համագումարը «խորը եւ անդառնալի» հետք չի թողնելու հայոց քաղաքական դաշտում, սակայն համագումարում տեղի ունեցած երկու փոքրիկ միջադեպերը հաստատ որոշակի հետք կթողնեն ոմանց հարաբերություններում: Նախ՝ Գագիկ Ծառուկյանը բողոքեց լրագրողներին, թե ինչու դահլիճում գտնվող «բարգավաճականների» պես ոտքի չկանգնեցինք, երբ հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: Հարց՝ իսկ ինչո՞ւ պետք է լրագրողները ոտքի կանգնեն: Մենք ոչ կուսակցության անդամ ենք, ոչ էլ համակիր, մենք այդ դահլիճում էինք գտնվում զուտ մեր աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով եւ ոչ թե այս կամ այն կուսակցության նախագահին իր կուսակիցների պես մեծարելու համար: Համագումարի ընթացքում նկատեցինք նաեւ, որ պրն Ծառուկյանին դուր չեկավ, որ երբ համագումարը վարող սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե խոսքը տրվում է Գագիկ Ծառուկյանին, ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց, բացառությամբ լրագրողների, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի եւ կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների: Հարց 2-րդ՝ իսկ ինչո՞ւ պիտի երկրի բարձրաստիճան անձինք ոտքի կանգնեն կուսակցություններից մեկի նախագահի ելույթից առաջ: Իսկ եթե կոալիցիայի շրջանակներում խոսք էին տվել, որ ոտքի են կանգնելու, ուրեմն՝ թող բարի լինեին կանգնել եւ հոտնկայս ծափահարել: Դատելով այն ամբողջ խառնաշփոթից, որ առաջանում է դատարանի դահլիճում «7-ի գործով» դատավարության ժամանակ, երբ դատավորը մեկ պահանջում է, որ մարդիկ ոտքի կանգնեն, մեկ էլ՝ որ նստեն, կարելի է ենթադրել, որ այս գործելաոճը դառնում է վատ ավանդույթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել