Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Առաջին անգամ՝ «ART EXPO»

Փետրվար 14,2009 00:00

\"\"Մշակութային «արտադրանքը»՝ մեկ հարկի ներքո

«ԷՔՍՊՈ ՄԵԴԻԱ» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը 2009թ. փետրվարի 13-14-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է «ART EXPO» ցուցահանդես, որը բացվեց երեկ՝ Նկարիչների միությունում: Ներկայացված էին կինոարվեստ, թատերարվեստ, տեղեկատվական (տպագիր եւ էլեկտրոնային գրքեր, ամսագրեր), մշակութային ծրագրեր, երաժշտարվեստ, թանգարաններ, մշակութային դաշտում գործող շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ:

«Լինելով պետական կառույց՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, ունենք բազմաթիվ ծրագրեր: Դրանցից մեկը Երեւանյան միջազգային փառատոնն է: Մեզ համար կարեւոր է գործարար աշխարհի ներկայությունը եւ սատար կանգնելը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին ու նրա ծրագրերին: Կարծում եմ, ժամանակն է, որ ՀՀ գործարարները զբաղվեն, անհանգստանան եւ հետաքրքրվեն մշակույթով: Իսկ նման ձեռնարկները մարդկանց մեջ մշակույթի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն են ուղղված»,- նշեց ՀՊՖՆ տնօրեն Ռուզան Սիրունյանը: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ է նույն կարծիքին. «Շատերի համար նման ակցիաները կարող են գովազդի նման լինել եւ իրենք հաճախեն պատկերասրահներ, չնայած Ազգային պատկերասրահը միշտ բարձունքում է եւ գովազդի կարիք չունի»: Նաեւ հավելեց, որ ցուցահանդեսին ներկայացրել են Հայաստանի ազգային պատկերասրահի բացառիկ ալբոմը, որի նմանատիպը չկա:

«Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հ/կ-ն, ստանալով ցուցահանդեսին մասնակցելու առաջարկություն, նախաձեռնել է մշակութային գործունեություն, որին մասնակցում են երիտասարդ նկարիչներ, դասական երաժիշտներ եւ այլք: «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն» հ/կ-ից Գեւորգ Մկրտչյանն ասաց, որ իրենց կազմում կան մասնակիցներ՝ ոչ միայն Երեւանից. «Ընդգրկել ենք ոչ միայն ուսանողների: Մեզ համար կարեւոր չէ՝ սովորում են, թե ոչ, կարեւորն այն է, որ մեր գործը հասու լինի բոլորին: Երիտասարդներ կան Արցախից, Ջավախքից, ինչպես նաեւ Սփյուռքից: Մեր խնդիրը ամբողջ հայ երիտասարդությանը մեկ գաղափարի շուրջ միավորելն է: Դա «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ հավատք» գաղափարն է»:

Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ուներ նաեւ Ժողովրդական ստեղծագործության եւ արհեստագործության կենտրոնը: Նրանք ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները եւ հանդես եկել երգ ու պարով: «Մենք ցուցադրում ենք ոչ նյութական մշակութային ժառանգության ծրագրով իրականացրած աշխատանքները: Ստեղծել ենք գեղարվեստի կենտրոն եւ նպատակ ունենք զարգացնել ու սերունդներին փոխանցել մեր մշակույթը: Տասը տարվա ընթացքում պատրաստել ենք մանկավարժներ, որոնք իրենց գիտելիքները փոխանցում են սերունդներին: Զբաղվում ենք նաեւ գիտական գործունեությամբ, կատարում ուսումնասիրություններ ձեռագործ աշխատանքների վերաբերյալ: Այդ գիտելիքները վերծանելով՝ փոխանցում ենք մեր մանկավարժներին, իրենք էլ՝ մեր սաներին»,- իրենց աշխատաոճը ներկայացրեց ԺՍԱ կենտրոնի ներկայացուցիչը:

«ART EXPO» ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիանալի ձեռքբերում է համարում ցուցահանդեսի բացումը եւ ասաց, որ ոգեւորվում է դրանով: Նա տպավորված էր հատկապես ԺՍԱ կենտրոնի սաների ելույթից:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ ցուցահանդեսին չեն մասնակցում ՀՀ գրահրատարակչությունները եւ հնարավո՞ր է, որ ցուցահանդեսը ծավալվի նաեւ ՀՀ սահմաններից դուրս, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Հրատարակչական ցուցահանդես առանձին կազմակերպում ենք, մինչդեռ մյուս ոլորտներն առաջին անգամ ենք մեկտեղել: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ հնարավոր չէ EXPO-ն լինի դրսում, չնայած դրսում գտնվող հայկական ծագում եւ արժեք ունեցող գործերն այստեղ բերելն ու ցուցադրելը EXPO-ի ապագան է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել