Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փետրվար 17,2009 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՄՆ ԱՐԺԵ $1,9 ՄԻԼԻԱՐԴ

2008 թվականի արդյունքներով, սպամի բաժինը ռուսաստանյան ինտերնետ հոսքում կազմել է 82,1%: Դա նշանակում է, որ ռուսաստանցիների հասցեին եկած 5 նամակից 4-ն անցանկալի գովազդ է: 6 տարվա ընթացքում սպամի քանակը Ռուսաստանում աճել է ավելի քան 2 անգամ՝ չնայած սպամի դեմ ուղղված բազմաթիվ ծրագրերին: Ըստ մասնագետների՝ սպամի հետեւանքով Ռուսաստանի տնտեսությունը տարեկան վնասներ է կրում $1,9 միլիարդի չափով: Ընդ որում, «Գազետա» թերթը նշում է, որ սպամային գովազդի արդյունավետությունը չափազանց ցածր է: Չնայած սպամերներն իրենց նամակներում մշտապես նշում են, որ բազմահասցե առաքումները գովազդային կամպանիայի լավագույն ձեւն են, անկախ հետազոտողները պնդում են, որ նման գովազդը տեղ է հասնում միայն 0,00001% բաժանորդներին: Ռուսաստանում սպամն արգելված էր դեռեւս 2006 թվականի հուլիսից: Ըստ օրենքի՝ գովազդի տարածումը էլեկտրոնային կապի ցանցերով թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ կա հասցեատիրոջ նախնական համաձայնությունը: Այդ օրենքը խախտողների համար նախատեսվում է տուգանք՝ 500 հազար ռուբլու չափով: Սակայն օրենքի կիրառումը մեծ խնդիրների հետ է կապված: Փորձագետները պնդում են, որ գործնականում անհնարին է ինտերնետում պարզել, թե որն է սպամի իրական աղբյուրը, իսկ անցանկալի գովազդների պատվիրատուն այդ գովազդի տարածման համար, ըստ ռուսաստանյան օրենսդրության, ընդհանրապես որեւէ պատասխանատվություն չի կրում:

ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ

Ինչպես պարզ դարձավ անցած շաբաթվա վերջին, «Կադիմա» կուսակցության հաղթանակը Իսրայելի խորհրդարանի արտահերթ ընտրություններում՝ այդ կուսակցությանը բաղձալի արդյունքի չբերեց: «Կադիմայի» առաջնորդ արտգործնախարար Ցիպի Լիվնին չկարողացավ համաձայնության գալ «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության հետ, եւ հիմա առավել հավանական է, որ վարչապետ է դառնալու «Լիկուդի» ղեկավար Բենյամին Նեթանյահուն: Վերջինս խոստացել է ընդհանրապես վերջ տալ պաղեստինցիների հետ «բանակցային» խաղերին: Ըստ ռուսաստանյան փորձագետների՝ Նեթանյահուի կառավարության հետագա քայլերը խիստ կանխատեսելի են: Չափից դուրս շատ էին խոսակցությունները, այսպես կոչված, խաղաղ գործընթացի մասին, այժմ Իսրայելի ղեկավարությունը պետք է լրջորեն զբաղվի ահաբեկչական խմբավորումների ոչնչացմամբ: «Խաղաղ գործընթացը հնարավոր չէ վերակենդանացնել: Կարելի է միայն զոմբիացնել մարդկանց՝ այդ կապակցությամբ անընդհատ պնդելով, որ անհրաժեշտ է ստեղծել պաղեստինյան պետություն: Բայց ինչպիսի պետության մասին կարելի է խոսել, եթե իրենք՝ պաղեստինցիները, իսկական քաղաքացիական պատերազմ են սկսել սեփական տարածքներում: Օրինակ՝ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ն ունի 35 հազար զինյալ, որից միայն հազարն է կանգնած դիրքերում, իսկ մնացածը զբաղված է միջպաղեստինյան կոտորածով»,- «Նովիե իզվեստիա» թերթին ասել է ռուսաստանցի փորձագետներից մեկը: Մյուս կողմից, պաղեստինցիներին համակրող վերլուծաբանները վստահ են, որ Նեթանյահուն կձեռնարկի նոր սադրանքներ պաղեստինցիների դեմ, քանի որ նա «այս հարցում ոչ մի արգելակներ չունի»:

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

Երեկ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի տնտեսության անկումը 2008 թվականի վերջին եռամսյակում կազմել է 3,3%, եւ դա 70-ական թվականներից սկսած՝ վատթարագույն ցուցանիշն է: Ըստ BBC-ի, ՀՆԱ-ի ծավալով Ճապոնիան 2-րդ տեղն է գրավում ԱՄՆ-ից հետո, սակայն անկման տեմպերով այդ երկիրը շրջանցել է թե Միացյալ Նահանգներին, թե Եվրամիության անդամներին: Դա բացատրվում է ամբողջ աշխարհում ճապոնական ապրանքների, այդ թվում՝ էլեկտրոնիկայի եւ ավտոմեքենաների պահանջարկի կտրուկ կրճատմամբ: Այս վիճակում համապատասխան միջոցներ ձեռնարկելը կառավարության համար խնդրահարույց է՝ առաջին հերթին այն պատճառով, որ երկրի խորհրդարանը պառակտված է մի քանի ճամբարի, իսկ իշխող կուսակցության մեջ բացակայում է կայունությունը: Հանգստյան օրերին վարչապետ Տառո Ասոն հայտարարել է, որ պատրաստվում է ընդունել ճգնաժամի դեմ պայքարի նոր փաթեթ՝ $218 միլիարդի չափով: Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս հարցումները, Ճապոնիայի վարչապետի վարկանիշն այս տարվա սեպտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ չի անցնում 10%-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել