Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՏԻՐԱԶՈ՞ՒՐԿ ԷՐ

Փետրվար 24,2009 00:00

\"\"Դատարանի կայացրած վճռի դեմ շենքի բնակիչների բողոքը հասել է մինչեւ հանրապետության գլխավոր եւ Լոռու մարզային դատախազին:

«Առավոտի» խմբագրություն են դիմել Վանաձորի Լազյան 43ա կոոպերատիվ շենքի մի խումբ բնակիչներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում Լոռու մարզի նախկին առաջին ատյանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանի 2007 թվականի դեկտեմբերի 25-ին կայացրած վճռի դեմ, որով, ըստ բողոքաբերների, իրենք զրկվել են իրենց սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման թիվ 17՝ երկու սենյականոց բնակարանից։ Ըստ կոոպերատիվի բնակիչների, դեռեւս 1971 թ.-ից կատարելով բոլոր անհրաժեշտ վճարումները, իրենք դարձել են այդ բնակարանի ընդհանուր սեփականատերեր, երկար տարիներ ներդրումներ արել եւ տարածքը դարձրել են հարսանյաց եւ սգո հանդիսությունների սրահ, կահավորել եւ այնտեղ հաշտ ու համերաշխ անցկացրել իրենց ուրախ եւ տխուր արարողությունները։ Բնակիչներն ունեն համապատասխան ծախսերը եւ մուծումները հավաստող փաստաթղթեր, նաեւ շենքի տեխնիկական անձնագիրը։ Սակայն, ինչպես տեղեկացնում է կոոպերատիվի նախագահ Վարդանուշ Չամանյանը. «Երեք տարի առաջ, երբ թոռանս դպրոցն ավարտելու կապակցությամբ ցանկանում էինք այնտեղ անցկացնել հավաքույթ, շենքի բնակիչ Անդրանիկ Աֆրիկյանն ինձ արգելեց մտնել սրահ, ասելով, թե դա իր բնակարանն է։ Ես դրան չհավատացի։ Այդ ընթացքում նա փոխել էր սրահի դուռը, այնտեղ տեղադրել իր բնակարանի նախկին դուռը եւ, փաստորեն, բանալին վերջին անգամ իր ձեռքին էր։ Հետո պարզվեց, որ այնտեղ են իր վերանորոգված բնակարանի շինարարական աղբն ու շինանյութերը: Հետո Անդրանիկը մաքրեց իր աղբը, եւ դարձյալ բանալիները մնացին իր մոտ։ Իսկ անցյալ տարեվերջին մենք իմացանք, որ Աֆրիկյանը, որն ընդամենը մի քանի տարի առաջ, իր հոր մահից հետո է բնակվում այս շենքում, դատարանի միջոցով դարձել է մեր սեփականությունը հանդիսացող բնակտարածքի սեփականատեր»։ Ըստ բողոքարկող բնակիչների, դատարանի նման վճռի համար հիմք են հանդիսացել կեղծ փաստաթղթերը, որոնք ներկայացրել է Աֆրիկյանը՝ շենքի 14 բնակիչների ստորագրությունը, որոնցից 3-ը կեղծված են, քանի որ նրանք բացակայում են հանրապետությունից, 12-ը նման ստորագրություն տալու լիազորություն չունեն, քանի որ նորաբնակներ են, տարածքի փայատեր չեն։ Հնաբնակներից ստորագրել են միայն երկուսը՝ 85-ամյա եւ միայնակ Սաթիկ Մուրադխանյանը եւ գրեթե նույն տարիքի՝ որդեկորույս Նինա Ջուվալակյանը։ Բնակիչները բողոքում նշում են նաեւ. «Դատավոր Հովհաննիսյանի վճիռում որպես ապացույց վկայակոչվում է թիվ 9 թաղամասային հիմնարկի կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի, նշվում է, որ այդ տարածքը 1980 թ. ի վեր գտնվում է նույն շենքի բնակիչ Աֆրիկյանի փաստացի օգտագործման եւ տիրապետման տակ, այն դեպքում, երբ Վանաձորի քաղաքապետի 2009 թ. փետրվարի 4-ի՝ փաստաբանի հարցմանն ուղղված պատասխանում նշված է, որ թիվ 9 թաղամասային հիմնարկը կազմավորվել է 2000թ., իսկ տեղեկանք տվող Արամ Ամիրխանյանը տվյալ թաղամասային հիմնարկի տնօրեն է նշանակվել 02.10.06-ին։ Հարկ է նշել նաեւ, որ Վանաձորի քաղաքապետի 18.12.07թ. գրությամբ հիմնավորվում է, որ թիվ 17 բնակարանը հանդիսանում է «Սպասարկող-2» բնակշինկոոպերատիվի բնակարան, սակայն մեր իրավունքների խախտմամբ, առանց մեր ներկայության, քննարկվել է այս հարցը, վճիռ է կայացվել, որի մասին մենք չենք տեղեկացվել։ Իսկ Կադաստրի ներկայացրած տեղեկանքը, թե սեփականության իրավունք տվյալ բնակարանի համար ոչ մեկի անվամբ գրանցված չէ՝ դեռեւս չի հավաստում, թե բնակարանն անտեր էր, բնակարանի տերերը մենք բոլորս ենք եղել»։

Աֆրիկյանը տարածքի սեփականության իրավունքն ստանալուց մի քանի օր անց բնակարանը բանկում գրավ է դրել եւ վերցրել 2 մլն դրամ գումար, մինչդեռ այդ բնակարանի իրական արժեքը գերազանցում է 7 մլն դրամը։

Շենքի բնակիչներն առաջին ատյանի դատարանի վճռի մասին իմանալուն պես դիմել են ՀՀ գլխավոր դատախազին, որն էլ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին գրությամբ դիմել է. «Խնդրվում է հանձնարարել ստուգել նշված փաստերը եւ քննարկման արդյունքների մասին հայտնել դիմումատուին եւ ՀՀ գլխավոր դատախազին»։ Մարզի դատախազությունից բնակիչներին պատասխանել են. «Ձեր դիմումում դուք նշել եք հիշյալ տարածքը շենքի մի խումբ բնակիչների կողմից տնօրինելու նոր հանգամանքների մասին, որը, նոր երեւան եկած հանգամանքներով, դատական ակտը վերանայելու հիմք է հանդիսանում, ուստի դուք հիշյալ հանգամանքներով կարող եք դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան»։ Հարկ է նշել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն այժմ էլ Գագիկ Հովհաննիսյանն է, որը նախկին առաջին ատյանի դատարանի նախագահն էր, այդ վեճով դատավորն էր։ Բնակիչների՝ դատական ակտը վերանայելու մասին դիմումին ի պատասխան, դատավոր Գ. Հովհաննիսյանը պատասխանել է, որ ներկայացված բողոքը վերադարձվում է՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին՝ ընդդատյա չլինելու հիմքով։ Շենքի բնակիչ Սլավիկ Նազլուխանյանն «Առավոտին» ասաց. «Դատավորի օգնական Արման Զաքարյանն էլ մեզ նախատեց, թե ինչու ենք դիմել լրատվամիջոցներին, որ նրանք ճոխացնում ու խեղաթյուրում են ամեն ինչ՝ նկատի ուներ «Լոռի» հեռուստաընկերությամբ մեր խնդրի բարձրացումը։ Հետո մեզ խոստացան, որ մեր խնդիրն իրենք կլուծեն։ Բայց մի քանի օր անց մեր թղթերը վերադարձրին, ասելով, որ մեր խնդիրը ընդդատյա չէ իրենց եւ կարող ենք բողոքարկել վերաքննիչ դատարան։ Բայց մենք մինչեւ վերջ, անգամ՝ Եվրոդատարան կգնանք»։

Բնակիչները Գ. Հովհաննիսյանի վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728