Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Փետրվար 26,2009 00:00

Կոալիցիայի կամոք՝ «Քրեական օրենսգրքում» պահպանվելու է այս դրույթը

«Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երեկվա քննարկմանը ներկա էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը: «Ես այստեղ եմ գտնվում զուտ հետաքրքրության համար,- «Առավոտին» ասաց նա:- Նախընտրում եմ անձնապես ավելի լավ հասկանալ ընթացող գործընթացը: Ես հրապարակային ինչ-որ սիրուն կենաց ասող մարդ չեմ: Ինձ հետաքրքրում է քննարկման բովանդակությունը, քանի որ մեր գործընկերների հետ՝ Երեւանում, Ստրասբուրգում քննարկում ենք այս հարցերը»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ 1643 բանաձեւում դրույթ կա ՔՕ այս փոփոխությունների վերաբերյալ, որտեղ նաեւ ընդգծված է. «Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենքի ցանկացած դրական փոփոխություն հետադարձ կիրառություն կստանա այն մեղադրանքների նկատմամբ, որոնք ներկայացվել են 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ազատությունից զրկված անձանց»: Եվ երեկ էլ քննարկման ընթացքում պատգամավորները փորձում էին վերստին հստակեցնել, թե ինչպես կանդրադառնա այս նախաձեռնությունը «7»-ի գործի վրա:

Սակայն մինչ դրանց անդրադառնալը, նկատենք, որ երեկվա համարում թերեւս ոչ հիմնավոր կանխատեսում էինք արել՝ ենթադրելով, թե քանի որ այս փոփոխություններով 225 հոդվածից դուրս է մնալու «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություն» ձեւակերպումը, բայց այն ավելացվելու է ՔՕ 104 հոդվածի 2-րդ մաuում՝ ըստ ամենայնի, դատախազն ընդամենը մեղադրանքի մեջ 225 հոդվածի 3-րդ մասի փոխարեն կգրի 104 հոդվածի 2-րդ մաս: Իրավաբանները պնդում են, թե նման բան չի կարող լինել, քանի որ 104 հոդվածը՝ «Սպանությունը», կարող է առաջադրվել միայն սպանություն կատարողին: Իսկ հայտնի է, որ ո՛չ «7»-ի, ո՛չ «Մարտի 1»-ին առնչվող այլ գործով որեւէ մեկը չի մեղադրվել սպանություններ անմիջականորեն կատարելու մեջ:

«Ես իրավաբան չեմ, բայց իմ տեսակետից, նաեւ որպես մարտի 1-ի այսպես կոչված՝ զանգվածային անկարգությունների մասնակից, այս օրենքի փոփոխությունները վերաբերում են այդ անկարգությունները սադրած մարդկանց գործողություններն օրինականացնելուն»,- ելույթում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Եվ հավելեց, որ եթե այս օրինագիծն այսպես ընդունվի՝ ինքն էլ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ հատկապես 225-րդ հոդվածի 5-րդ մասով: Հիշեցնենք, որ խոսքը զանգվածային անկարգությունների այն մասնակիցների մասին է, որոնք որեւէ գործողություն չեն կատարել: Անահիտ Բախշյանն առաջարկեց «զանգվածային անկարգություններ» բառակապակցությունն ընդհանրապես հանել օրենսգրքից:

ՔՕ այս փոփոխությունները մշակող աշխատանքային խումբն առաջարկել էր 225 հոդվածի 1-ին մասում սահմանել «զանգվածային անկարգություն» հասկացությունը, նաեւ փորձ էր արել հոդվածի 2-րդ մասում հստակեցնել «կատարող» հասկացությունը: Սակայն կոալիցիան նպատակահարմար էր գտել 225 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերն այս փուլում թողնել անփոփոխ: Իսկ այդ 4-րդ մասում մասնավորապես սահմանված է. «Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ զանգվածային անկարգությունների կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»: Ըստ այդմ, օրենքում մնալու է այդ ծիծաղելի ձեւակերպումը, ըստ որի՝ կարելի է բռնություն կիրառելու կոչեր անել զանգվածային անկարգությունների նկատմամբ:

«Առավոտի» հարցին, թե կոալիցիան ինչո՞ւ նպատակահարմար գտավ 225 հոդվածի վերոհիշյալ մասերը թողնել անփոփոխ՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանը եւ մի շարք այլ իրավաբաններ ներկայացրել էին իրենց կարծիքը, թե քրեական հոդվածի դիսպոզիցիայում, այսինքն՝ նկարագրական մասում ինքնին փոփոխություն անելը նշանակում է նոր պատասխանատվություն սահմանել, եւ միայն այդ հիմքով՝ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը: Ես այդ հարցադրման վերաբերյալ մեկնաբանություն եմ խնդրել ԵԽ Վենետիկի հանձնաժողովից: Ինքս բացարձակապե՛ս համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ: Սակայն քանի որ առկա է նման դիրքորոշում՝ կոալիցիան որոշեց այս պահին ձեռնպահ մնալ»:

Դավիթ Հարությունյանը երեկ օրինագծի հեղինակների անունից հայտարարեց, թե՝ քանի դեռ սահմանված չէ՝ ինչ է զանգվածային անկարգությունը, իրենք հրաժարվում են 225 հոդվածի 5-րդ մասից. «Բայց եթե 225 հոդվածի 1-ին մասում կատարվի փոփոխություն առաջինից մինչեւ 2-րդ ընթերցում, ապա այդ ընթացքում մենք անպայման կառաջարկենք նաեւ վերականգնել 225 հոդվածի 5-րդ մասը»:

Նա չհամաձայնեց Վիկտոր Դալլաքյանի առաջարկին՝ նախագծից հանել իշխանությունը յուրացնելուն ուղղված կոչերի համար պատիժ սահմանող  դրույթը: Ըստ պրն Դալլաքյանի՝ այն կարող է տեղիք տալ տարածական մեկնաբանությունների, ուստի, եթե զանգվածային միջոցառման ժամանակ իշխանությունը բռնի տապալելու կոչեր են արվել, բայց դրան որեւէ գործողություն չի հետեւել՝ պետք չէ քրեական հետապնդում սկսել այդ կոչերի հեղինակի դեմ: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ «կոչն ինքնին հանցագործություն է, եթե խոսքը վերաբերում է բռնությանը»:

Սամվել Նիկոյանն իր ելույթում նկատեց, թե իրենց շատ առաջարկներ էլ չեն ընդունվել. «Դավիթ Հարությունյանը շատ դժվարությամբ էր ընդունում այլ տեսակետներ: Կարծես թե մեկ այլ տեղ քննարկել էր, եւ արդեն կար ձեւավորված տեսակետ»: Հիշատակեց, թե նման դիտարկում արվել է նաեւ աշխատանքային խմբի նիստում եւ հետեւել է հաստատում, թե, այո՛, եղել է քննարկում փորձագետների հետ: Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում պրն Հարությունյանը տեղեկացրել էր, որ աշխատանքային խումբը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ: Այժմ էլ այս նախագիծն ուղարկված է ԵԽ Վենետիկի հանձնաժողով: Եվ ակնկալվում է, որ նրանց եզրակացությունը ստացված կլինի մինչեւ այս օրինագծի երկրորդ ընթերցումը, որը տեղի է ունենալու մարտի 16-ից սկսվող քառօրյա նիստերում:

Վերջում նշենք, որ ելույթում Վիկտոր Դալլաքյանի արած պնդմանը, որ եթե Հայաստանի իշխանությունները գնային համաներման՝ մարտի 1-ի թնջուկը կվերանար, Սամվել Նիկոյանն այսպես հակադարձեց. «Ինչքան շատ մարդ է խոսում համաներման մասին, որոնք դրա իրականացման հետ որեւէ ռեալ իրավունք կամ պատասխանատվություն չունեն, այնքան դա հետաձգվում է եւ դառնում գրեթե անիրականանալի»:

Հ. Գ. Այս օրինագծում արվել է մի լրացում, որը կապ չունի «Մարտի 1»-ի գործի հետ: Առանձնացվել է նոր հոդված՝ 300.2, ըստ որի՝ «Տարածքային ամբողջականությունը խախտելուն՝ բռնություն գործադրելու կամ դա գործադրելու uպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասը առանձնացնելուն կամ ՀՀ տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով»: Քննարկման ընթացքում ՕԵԿ պատգամավոր Ստեփան Ասլանյանն առաջարկեց սրա պատժաչափը դարձնել ցմահ ազատազրկումը: Սակայն Դավիթ Հարությունյանը նկատեց, թե այս հանցակազմը եւ դրա ամրագրումը ՔՕ-ում արդիական չեն, զուտ տեսական են՝ զրո հնարավորություն կա, որ նման բան կլինի, եւ եթե քաղաքական շահարկման խնդիր չլիներ՝ կառաջարկեր հանել այն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել