ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ մարտի 23-ից կսկսվեն դպրոցական գարնանային արձակուրդները: 2-11 դասարանների աշակերտների համար արձակուրդները սահմանվել են մարտի 23-29-ը, իսկ 1-ին դասարանի աշակերտների համար՝ մարտի 23-ից մինչեւ ապրիլի 5-ը:
ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ
ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանի 11 մասնավոր բուհերի գործունեության պետական լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին կայացավ «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» նիստը, որի ընթացքում հանձնաժողովը որոշում ընդունեց 11 բուհերի գործունեության պետական լիցենզիայի գործողությունը, երկու բուհում՝ որոշ, եւ 11 բուհում՝ բոլոր մասնագիտությունների կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին («Առավոտ», 27.02.09): ԿԳ նախարարը պետք է երեք օրում ստորագրեր հրամանագիր, որով հանձնաժողովի որոշումն օրինական ուժ կստանար: Ըստ «Արմինֆոյի», մեկնաբանելով 11 մասնավոր բուհերի գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր հրամանագիրը, նախարարը նշել է. «Չեմ կարծում, թե չափազանց մեծ քանակությամբ մասնավոր բուհեր են զրկվել պետլիցենզիայից: Ընդհակառակը, դա շատ համեստ թիվ է, հաշվի առնելով, որ Հայաստանում լիցենզիա ունի ավելի քան 70 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն»: Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում մասնավոր բուհերում ստուգումները կշարունակվեն: «Չեմ բացառում, որ ստուգումների արդյունքում որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության լիցենզիաների գործողությունը նույնպես կասեցվի»,- նշել է Ս. Սեյրանյանը:
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Երեկ, Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը պատվոգրեր եւ շնորհակալագրեր է հանձնել պետական, հասարակական, կրթության եւ մշակույթի բնագավառի մի շարք ներկայացուցիչների: «Այսօր մենք փորձում ենք արժեւորել ամենատարբեր ոլորտների այն ներկայացուցիչների գործունեությունը, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով պահպանում եւ գալիք սերունդներին են փոխանցում մեր մայրենին»,- ասել է նախարարը:
Նախարարի հրամանով, Մայրենիի միջազգային օրվա կապակցությամբ, նախարարության պատվոգրերով պարգեւատրվել են Լեռնիկ Հակոբյանը (ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար), Մարինե Հովյանը (ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ), Ալինա Խաչատրյանը («Արմենիա» ՀԸ «Հայրենիք-Սփյուռք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող), Գայանե Սաֆարյանը (Վաղարշապատի թիվ 7 դպրոցի տնօրեն, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի), Հրաչյա Գեւորգյանը (ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար), Սուսաննա Սաֆարյանը (ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի), Արծրուն Ավագյանը (ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր), Մարիետա Լազրյանը (Տավուշի մարզի Չորաթանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի): ԿԳՆ շնորհակալագրերով պարգեւատրվել են Լիլիթ Հարությունյանը (ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ), Եսայիլ Թադեւոսյանը (ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության վերահսկողության բաժնի պետ), Մարիա Կոշկակարյանը (Երեւանի Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանի գլխավոր գրադարանավար):
ՀԻՄԱ ԷԼ ԱՆՁՆԱԳԻՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Գյումրիի թիվ 19 դպրոցում շարունակվող թնջուկի մասին հերթական անգամ տեղեկանում ենք Գյումրու թիվ 19 դպրոց ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանի ուղարկած հաղորդագրությունից: Ըստ այդմ, փետրվարի 28-ին, Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանը դպրոցի փոխտնօրեններ Ռուզաննա Մովսիսյանին եւ Անահիտ Միսկարյանին է փոխանցել Շիրակի մարզպետարանի իրավաբանի բանավոր հրահանգը, այն է. փետրվարի 19-ին դպրոցում անցկացված մանկավարժական խորհրդի նիստի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգային խախտումների դեմ Շիրակի մարզպետին ներկայացված բողոքի տակ ստորագրած 23 ուսուցիչներից պահանջվում է մարտի 2-ին աշխատանքի գալ անձնագրերով: Տիկին Մովսիսյանը •գրում է, «Փետրվարի 19-ի մանկավարժական խորհրդի նիստի անպատշաճ հրավիրման եւ անցկացման դեմ բողոքի տակ ստորագրել են դպրոցի մանկավարժական խորհրդի 28 անդամներից 23-ը: Բողոքի պատճենը ուղարկել եմ ԿԳ նախարարին եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չկամեցավ պարզաբանել, թե մարզպետարանի իրավաբաններից հատկապես ո՞վ է նման հրահանգ տվել, ու, նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում աշխատակիցների անձնագրերը տեսնել կամենալու պատճառը: Տարօրինակ է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, փոխանակ մարզպետարանի իր հիշատակած իրավաբանից ճշտեր, թե ինչի համար են պահանջում 23 ուսուցիչների անձնագրերը, ուղղակի լրաբերի գործ է արել, մտքով էլ չի անցել հարցնել, թե ինչո՞ւ են իր ղեկավարած դպրոցի 23 աշխատակիցների անձնագրերը պահանջում ու չեն պահանջում տաք հագնվել: Ի զարմանս մարզպետարանի իրավաբանի եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, հայտնում եմ, որ ես եւ հիշյալ բողոքով հանդես եկած մյուս մանկավարժները լավատեղյակ ենք, որ մենք չենք դիմել Շիրակի մարզպետարան՝ ելումուտի վիզա ստանալու համար, մեր անձնագրերում ՀՀ-ից ելքի թույլտվության կամ անձնագրի գործողության ժամկետը երկարացնելու խնդրանքով, մարզպետարանում մաքսազերծելու համար ներկրած ապրանք չունենք, չենք դիմել նոր անձնագիր ստանալու խնդրանքով եւ, որ մարզպետարանի շենքը սահմանապահ անցակետի բոլորովին նման չէ: Այնպես որ, իրավաբանը մեր անձնագրերը մոտիկից տեսնելու համար ստիպված կլինի վարչարարական եւ իրավագիտական այլ գյուտեր անել՝ հաշվի առնելով, որ մեր աշխատանքային պայմանագրերում բանավոր ու միջնորդված պահանջով իրեն անձնագրեր ներկայացնելու պարտականություն չունենք ստանձնած: Նման ապօրինի պահանջների շարունակման դեպքում հազիվ թե այսօրինակ հայտարարությամբ բանն ավարտենք»:


















































