Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՐՑԵԼ ՄԻԱՅՆ ՍՐՏԱԲԱՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՎ

Մարտ 12,2009 00:00

Բացի բարեհամբույր վերաբերմունքից, հայերը տուրիստներին այլ կերպ չեն կարողանում գրավել

Հայաստանի կառավարությունն արդեն քանի տարի է՝ զբոսաշրջությունը տնտեսության զարգացման գերակա ճյուղ է համարում: Սակայն Համաշխարհային տնտեսական ֆորումի «2009 թվականի զբոսաշրջության մրցունակության» զեկույցից կարելի է ենթադրել, որ այս ուղղությամբ հայրենի կառավարության ջանքերն այնքան էլ արդարացված չեն:

Զեկույցի համաձայն, աշխարհի 133 երկրների շարքում Հայաստանը՝ զբոսաշրջության մրցունակությամբ, զբաղեցնում է 91-րդ տեղը: Այս առումով մեր երկիրը բավականին հետ է Վրաստանից, Ադրբեջանից եւ Ռուսաստանից, փոխարենը առաջ է, ասենք, Բուրունդուից, Լեսոտոյից եւ Չադից:

Ըստ ֆորումի մասնագետների, Հայաստանի մրցակցային հիմնական թերություններից է այն, որ օդային եւ վերգետնյա տրանսպորտի բնագավառում բավականին խնդիրներ կան, կամ ավիատոմսերի եւ հյուրանոցների գները շատ բարձր են, բացի այդ, հյուրանոցների սենյակները խիստ սահմանափակ են: Զեկույցի համաձայն, Հայաստանում տուրիստների կյանքն անվտանգ եւ ապահով է, սակայն Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությունը դեռեւս լուրջ խնդիր է: Հայաստանի զբոսաշրջության վիճակը ուսումնասիրող մասնագետները եկել են այն եզրակացության, որ այլ պետությունների հետ Հայաստանը կարող է մրցել միայն օտարերկրյա այցելուների նկատմամբ բնակչության սրտաբաց եւ բարեհամբույր վերաբերմունքով, ինչի հետ համամիտ չէ «Ներգնա տուրօպերատորների միության» նախագահ Ռոբերտ Մինասյանը: «Առավոտի» հետ զրույցում պարոն Մինասյանն ասաց. «Ճիշտ է, մենք հյուրասեր ենք, նույնիսկ պարտք կանենք ու սրտներս կհանենք- կտանք մեր հյուրին: Բայց մենք պետք է ժպտալ սովորենք, պետք է բարյացակամ լինենք տուրիստի նկատմամբ, պետք է հասկանանք, որ այդ մարդը իր երկրում փող է աշխատել, որ գա մեր երկիրը տեսնի: Շատ պետություններ հենց դրանով կարողացան տուրիստներ գրավել»:

Պարոն Մինասյանի կարծիքով, մեր պետությունը վատ է աշխատում այն դոնոր երկրների հետ, որոնք մեզ տուրիստ են մատակարարում. «Օրինակ, գերմանացիները շատ են շրջագայում, հենց այդ երկրում պետք է Հայաստանը լավ գովազդել, եւ հաշվի առնելով գերմանացիների մտածելակերպը, պայմաններ ստեղծենք նրանց մեր երկիր բերելու համար: Իսկ ռուսներին կարող ենք գրավել մեր աղբյուրների մաքուր ու բուժիչ ջրերով: Նրանք կգան, կխմեն բուժիչ ջուրը եւ կկարգավորեն իրենց ստամոքսը կամ այլ օրգանը»:

Զբոսաշրջության մասին խոսելիս՝ ոլորտի պատասխանատուներն անընդհատ շեշտում են Ծաղկաձորի ու Ջերմուկի, լավագույն դեպքում՝ Գառնիի ու Գեղարդի մասին: Սակայն, Ռ. Մինասյանի հավաստմամբ, այդ քաղաքներում ենթակառուցվածքներ չկան. «Տուրիստը հո ամբողջ օրը ճոպանուղի չի՞ նստելու: Այլ զբաղմունք Ծաղկաձորում չկա: Բացի այդ, պետք է նաեւ լուրջ մոտեցում ցուցաբերել գնագոյացման խնդրին: Շատերը կոպիտ գներ են դնում, բայց ի՞նչն է փոխվում դրանով: Օր օրի թանկացնում են, բայց նոր ծառայություններ չեն ավելացնում»: Ռ. Մինասյանի վստահեցմամբ, տուրիստներ գրավելու համար ամբողջ աշխարհում անիմացիոն ծրագրեր են մշակում եւ կիրառում, այսինքն՝ հանգստյան տներում տուրիստի համար համերգներ ու միջոցառումներ են կազմակերպում. «Մասնակցելով միջոցառմանը, հյուր եկած մարդը, տուրիստը կմոռանա իր տարիքը, հիվանդությունն ու նույնիսկ գիրությունը: Կամ, ասենք, ընտանիքով եկել են Հայաստան հանգստանալու ու հետները փոքրիկ երեխա ունեն, կինը ստիպված պետք է ամբողջ օրը երեխային գրկած ման գա: Պետք է տուրիստներին նաեւ այս ուղղությամբ ծառայություններ մատուցել»:

Ըստ Ռ. Մինասյանի, ի՞նչ տուրիզմի զարգացման մասին է խոսքը, երբ մեր հանրապետության քաղաքներում անգամ նորմալ աշխատող բանկոմատներ չկան: Նրա կարծիքով, Հայաստանը նպաստավոր է արկածային եւ առողջարարական տուրիզմի զարգացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել