Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ ինչ-որ բան փորձում է խանգարել

Ապրիլ 09,2009 00:00

Երեկվա համարում տեղեկացրել ենք, որ ֆինանսների բացակայության պատճառով «Լեռնային Արցախը» վերջին պահին հրաժարվել է մասնակցել այսօր մեկնարկող ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի առաջնությանը եւ այդպիսով որոշակի խնդիրների առջեւ կանգնեցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

ՀՖՖ-ն դեռ մարտ ամսին արդեն կազմել էր խաղացանկը, որին մասնակցելու հայտ, բացի «Լեռնային Արցախից», պաշտոնապես ներկայացրել էր եւս 9 թիմ:

Հրաժարվելու իրավունքը ակումբի հովանավոր տերերինն է: Եթե պատճառը վերագրենք համաշխարհային ճգնաժամին, ինչը բացառված չէ, ոչ ոք այսօր նրանց չի կարող մեղադրել: Բայց այս դեպքում, այնուամենայնիվ, առաջանում են հարցեր, որոնք բավականին հետաքրքիր են թվում:

Եթե պատճառն իսկապես ճգնաժամն է, ապա մեր «հարազատ» փողատերերը եւ գործարարները, որոնք ապրում են դրսերում, դրա ազդեցությունը սեփական բիզնեսի ու մաշկի վրա ավելի շուտ են հասցրել զգալ: Ուրեմն, պետք է որ ավելի վաղ հասցրած լինեին իրենց ցանկություններն ու հնարավորությունները ժամանակին ծանրութեթեւ անել:

Հայաստանում ապրող ֆուտբոլի սիրահարների՝ այս փաստի առաջ հայտնվելու խնդրին անդրադառնում ենք առանց կանխակալ տրամադրությունների: Պարզապես, որոշ բաներ իրենք են իրենց մասին խոսել տալիս:

Մասնավորապես, «Ա1+»-ի ինտերնետային կայքը հիշեցնում է, որ «Լեռնային Արցախը», որը պետք է հանդես գար Գորիսում, պատկանում է «Հայկ» ֆուտբոլային ակումբին: Իսկ ակումբը Հայաստանում անցկացվող ֆուտբոլային մրցաշարերում մասնակցելու եւ լուծարվելու մեծ փորձ ունի: Մեր գործընկերները նաեւ հիշում են, որ «Լեռնային Արցախը» ֆինանսավորվում էր «Արարատի» հովանավորներից: Եվ նախորդ տարի «Արարատի» շվեյցարահայ հովանավոր Հրաչ Կապրիելյանը Երեւանում տված մամուլի ասուլիսում դա հաստատել է՝ ավելացնելով նաեւ, որ «իրենք ցանկանում են զարգացնել Արցախի ֆուտբոլը»:

Անկեղծ ասած, չենք կարող պնդել, որ այս տարի հովանավորները նույնն են մնացել: Հարցի հստակ պատասխան ստանալ չկարողացանք ոչ ֆեդերացիայից, ոչ էլ ֆուտբոլային թեմաներով գրող ու ոլորտին քաջատեղյակ մեր գործընկերներից: Դրա փոխարեն, նույն «Ա1+»-ի մեր գործընկերները ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունից տեղեկացել էին, որ 1-ին խմբի խաղացանկը չի փոխվելու. «Պարզապես, յուրաքանչյուր տուրում «Լեռնային Արցախի» մրցակիցները կհանգստանան, իսկ առաջնությունը կանցկացվի 9 թիմերի մասնակցությամբ: Իսկ դա նշանակում է, որ Դիլիջանի «Իմպուլսը», որ հորիզոնականում էլ հայտնվի, իրավունք է ստանալու մասնակցել Հայաստանի 2010 թվականի բարձրագույն խմբի առաջնությանը»: «Իմպուլսը» միակն է 9 թիմերի շարքում, որը Բարձրագույն խմբի ակումբի դուստր թիմ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել