Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը դժգոհ է

Ապրիլ 09,2009 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանում հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգի գլխավոր հարցն առնչվում էր քաղաքացիների դիմումներին տրվող պատասխանների բովանդակությանն ու ժամկետներին: Նիստը վարել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետը մտահոգիչ է համարել այն, որ քաղաքապետարան ուղղված բնակիչների դիմումների պատասխաններն ուշացվել են։ Անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը ստացել է 87 հազար 600 դիմում, որոնցից 5 հազար 200-ին մինչ օրս պատասխան չի տրվել. «Դա նշանակում է, որ ավելի քան 5 հազար մարդ դժգոհ է քաղաքապետարանից։ Ես դա անընդունելի եմ համարում»,- նշել է Գագիկ Բեգլարյանը։ Քաղաքապետը խիստ հանձնարարական է տվել՝ կուտակված դիմումներին մեկամսյա ժամկետում հիմնավոր պատասխանել: Եթե անգամ քաղաքացու դիմումը մերժվում է, ըստ Գագիկ Բեգլարյանի, այն պետք է այնքան հիմնավոր լինի, որ քաղաքացին չդժգոհի։ Շատ կարեւոր է, որ մինչ դիմումի ընդունումը՝ քաղաքացուն մատուցվի իրավաբանական լիարժեք խորհրդատվություն։ Քաղաքապետը շեշտել է, որ ուշացման համար արդարացում չի կարող լինել ո՛չ գերծանրաբեռնվածությունը, ո՛չ դիմումների մեծաքանակ լինելը։ «Քաղաքացին դիմում է տալիս եւ իրավունք ունի ժամանակին պատասխան ստանալու, դա նրա սահմանադրական իրավունքն է, մնացածը մեր՝ պաշտոնյաներիս, խնդիրն է»,- նշել է քաղաքապետը։

Մայրաքաղաքում այժմ ընթացքի մեջ է քաղաքացիների սեփականության իրավունքների անհատույց վերականգնման գործընթացը, ինչով պայմանավորված՝ դիմումների մեծ հոսք կա։ Քաղաքացիների գույքային իրավունքների գրանցումը հանրապետության նախագահի նախընտրական խոստումներից է։ Աշխատանքներն ավելի օպերատիվ կազմակերպելու նպատակով, Գ. Բեգլարյանը հանձնարարեց ձեւավորել լրացուցիչ աշխատանքային խմբեր՝ դրանցում ներգրավելով նաեւ թաղային համայնքների ներկայացուցիչներին։ Ամեն օր անհատույց օրինականացման վերաբերյալ առնվազն 120 դիմումի պատասխան պետք է տրվի քաղաքացիներին. սա որպես նվազագույն պահանջ՝ քաղաքապետի կողմից առաջադրվեց աշխատակազմին: Խորհրդակցությունից հետո քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այն դիմումները, որոնց պատասխանները ժամանակին չեն տրվել, հիմնականում վերաբերում են անշարժ գույքի անհատույց, ինչպես նաեւ մինչեւ 2001 թվականը կառուցված ինքնակամ շինությունների օրինականացմանը։ Ըստ Գ. Մելքումյանի, դիմումների պատասխանների ձգձգումները պայմանավորված են քաղաքապետարանի որոշ ստորաբաժանումների թերացմամբ, խնդիրներ են եղել նաեւ Ազգային արխիվից եւ Կադաստրի պետական կոմիտեից փաստաթղթերի ժամանակին տրամադրման հետ կապված։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել