Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻՆ»

Մայիս 28,2009 00:00

«Ֆլեշ», «Տարիել եւ որդիներ» ընկերությունները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տեղեկացրել էին, որ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել է բեռնափոխադրումների դրույքաչափերը, որի պատճառով էլ իրենց համար խնդիրներ են առաջացրել:

Հանձնաժողովի հարուցած վարույթի ընթացքում «Տարիել եւ որդիները» տեղեկացրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ բեռնափոխադրումների սակագների վերաբերյալ, ուստի հրաժարվում են դիմումից: Չնայած դրան, վարույթը շարունակվել է:

«Հարավկովկասյան երկաթուղին» ներկայացրել է տեղեկատվություն, համաձայն որի՝ ընկերության կողմից 2008-ի 3-րդ եռամսյակում բեռնափոխադրումներից շահույթ չի ստացվել: Հանձնաժողովի կողմից նշանակված ստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից ներկայացվել է ոչ ճիշտ տեղեկատվություն: Ապա «Հարավկովկասյան երկաթուղիները» տեղեկացրել է, որ արտահանման դեպքում կիրառվող բեռնափոխադրումների սակագներն իջեցրել է 32-40 %-ով, իսկ բեռնարկղերով կատարվող փոխադրումների սակագները՝ 12-16 %-ով:

Հաշվի առնելով այն, որ ընկերությունը շարունակում է վնասով աշխատել, որ վարույթի ընթացքում չհիմնավորված գնի մասին վկայող հանգամանքներ չեն հայտնաբերվել, ինչպես նաեւ այն, որ բեռնափոխադրումների կիրառվող սակագները վերանայվել եւ իջեցվել են, վարույթը դադարեցվել է: Ընկերությունը նախազգուշացվեց հանձնաժողովի կողմից՝ ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովի լրատվական ծառայությունից: Աղբյուրի փոխանցմամբ, վարույթ էր հարուցել նաեւ կենցաղային տեխնիկայի շուկայում 2009-ի մարտի 3-5-ը՝ դրամի փոխարժեքի տատանման պատճառաբանությամբ մի շարք տնտեսվարողների կողմից ապրանքների իրացման գների բարձրացումների հիմնավորվածությունը կամ մրցակցային կանոնների հնարավոր խախտումները պարզելու նպատակով: Բոլոր տնտեսվարողները գների բարձրացումը հիմնավորել են արտարժույթի փոխարժեքի բարձրացմամբ: Ընկերությունները ունեցել են նաեւ մեծ ծավալներով վարկային պարտավորություններ արտարժույթի տեսքով, ինչպես նաեւ արտարժութային պարտք՝ մատակարարներին:

Ընկերությունները նշել են, որ ընդհանրապես իրենց իրացման ծավալները դեռեւս 2008թ. դեկտեմբերից, նախորդ տարվա համեմատությամբ, կրճատվել են: Մարտին, բացի աշխարհում տիրող ճգնաժամային իրավիճակի ազդեցությունից, գործարարներին խուճապային իրավիճակի մեջ է գցել նաեւ ՀՀ-ում արտարժույթի կտրուկ արժեւորումը:

Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ այն, որ որոշ ընկերությունների մոտ նկատվել է գների նվազում, հանձնաժողովը երեկ դադարեցրել է վարույթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել