Լրահոս
Օրվա լրահոսը

Բերբերյանին խեղդամահ է արել ընկերը

Հունիս 13,2009 00:00

Հանցագործությունը բացահայտվել է

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, այս տարվա ապրիլի 30-ից որոնվում էր ԱՄՆ քաղաքացի, 1951 թվականին ծնված, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 5 շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, «ԼԻԼ-ՆԱՐ» ՓԲԸ տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը, որը ապրիլի 26-ին, երեկոյան 20-ի սահմաններում, դուրս է եկել նշված հասցեից եւ չի վերադարձել: Իսկ շենքի բակից անհետացել է Բերբերյանին պատկանող ՋԻՓ մակնիշի 04 ԼՍ 413 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանությանն ապրիլի 28-ին այս մասին հայտնել է քաղաքացի Ս.-ն: Մայիսի 3-ին Բերբերյանի անհայտացման հետ կապված՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի հատկանիշներով (կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություն, սպանություն): Օրեր անց ոստիկանությունը Բերբերյանին պատկանող ավտոմեքենան հայտնաբերում է «Զվարթնոց» օդանավակայանում լիովին սարքին, չթալանված վիճակում: Գործի էր դրված ձայնային անվտանգությունը՝ «սիգնալիզացիան»: Մեր տեղեկություններով, մայիսի 15-ին Երեւան-Սեւան մայրուղու 25-րդ կիլոմետրի վրա մայթեզրի հայտնի «Չայնի» ոլորանների ձորակում հայտնաբերվում է անհայտ կորած ամերիկահայ գործարար Նազարեթ Բերբերյանի դին: Պարզվում է, որ Բերբերյանի սպանությունը պլանավորված է եղել նրա ընկերոջ՝ Պետրոս Հովհաննեսի Թեմիրյանի կողմից: Վերջինս, մեր տեղեկություններով, նախկինում եղել է դատապարտված անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով: Մինչեւ սպանությունը նա հայտնի ձորակում իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ, փորել է փոս, այնտեղ տեղափոխել ավազ, ցեմենտ, վերադարձել իր վաղեմի ընկեր Բերբերյանի տուն, հենց տան մեջ խեղդամահ արել նրան եւ արդեն դիակին ներարկել կետամին դեղամիջոց, որից հետո, մութն ընկնելուն պես, դիակը տարել է Բերբերյանի ՋԻՓ ավտոմեքենան եւ տեղափոխել «Չայնիի» ձոր: Որպեսզի իր վրա կասկածներ չընկնեն, Թեմիրյանը Բերբերյանի տնից վերցրել է նրա բաճկոնը, փողկապը, անդրավարտիքը, ճամպրուկը, ինչպես նաեւ Բերբերյանի աշխատանքային նոութբուք-համակարգիչը, որոնցով նա 5 օր առաջ Հայաստան էր եկել Սիրիայից: Իսկ հետո, երբ արդեն ընկերոջ դիակը թաղում է ձորում, բետոնապատում այն, միայն այս գործողություններից հետո Թեմիրյանը ամերիկահայ գործարարի մեքենան տանում եւ կանգնեցնում է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում:

Ինչպես հետո պարզվեց, Թեմիրյանը Բերբերյանի տնից հափշտակել է նաեւ 12 հազար ԱՄՆ դոլար: Թեմիրյանը հանցանքն իրականացնելուց հետո փորձել է իր համար ալիբի ստեղծել. թե Բերբերյանի շրջապատում եւ թե վերջինիս պատկանող Պուշկին-Աբովյան խաչմերուկում կառուցվող հյուրանոցային համալիրի շինարարների մեջ տարածել է, թե Բերբերյանն Էմիրություններում վիլլա ունի եւ հավանաբար մեկնած կլինի այնտեղ: Որպեսզի իրավապահների ուշադրությունը շեղի իր կատարած սահմռկեցուցիչ սպանությունից, որոնք, հնարավոր է, օդանավակայանի համակարգիչներում չգտնեն նրա մեկնումը հաստատող որեւէ տվյալ, Թեմիրյանը նաեւ տարածել է, թե Բերբերյանը երկու անձնագիր ունի, որոնցից մեկում նշված է այլ անուն-ազգանուն եւ հավանաբար մեկնել է հենց այդ անձնագրով: Մեր տեղեկություններով, Թեմիրյանը հանցագործությունը կատարել է միայնակ: Արդեն հայտնի է, որ Բերբերյանի դին ներկայացվել է ճանաչման նրա հետ սերտ շփման մեջ գտնված անձանց: Քանի որ 17 օր բետոնի տակ մնալուց հետո դիակը գրեթե ամբողջությամբ եղել է անճանաչելի, նշանակվել է դիակի ԴՆԹ թեստ, որի արդյունքներով, մեր տեղեկություններով, հաստատվել է, որ հայտնաբերվածը Բերբերյանի դին է: Սպանությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես նաեւ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել