Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՑ

Հունիս 30,2009 00:00

Բժիշկների գործը շարունակվում է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (դատավոր Լեւոն Գրիգորյանի նախագահությամբ) անցյալ շաբաթ անփոփոխ թողնվեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների՝ Գագիկ Մելիքյանի եւ Յուրի Նասիբյանի կողմից Իջեւանի դատարանի կայացրած դատական ակտի դեմ բերած բողոքը: Այդ վերաքննիչ բողոքը չէր ուղարկվել բժիշկների դեմ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ, քաղաքացիական գործով հայցվոր Սվետլանա Աթոյանին:

Հիշեցնենք, որ բժիշկները դատապարտվել են, համապատասխանաբար, 5 տարի 3 ամիս եւ 5,5 տարվա ազատազրկման: 2005թ. հոկտեմբերի 1-ին նրանց մեղքով վիրահատական սեղանին մահացավ 8,5 ամսական հղի Կարինե Աթոյանը: Դստեր մահվանը չդիմացավ հայրը՝ հայտնի գեղանկարիչ Ռադիկ Աթոյանը, որը դատական նիստերից մեկից առաջ հանկարծամահ եղավ:

Քրեական գործով տուժողի ներկայացուցիչ, քաղաքացիական գործով հայցվոր Սվետլանա Աթոյանը նույնպես դժգոհ է քաղաքացիական դատարանի որոշումից եւ պատրաստվում է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան: «Հանցագործ բժիշկների մեղքով կործանվել է նյութապես ապահով եւ երջանիկ իմ ընտանիքը: Դժբախտացել, որբացել, նյութական ապահովությունից զրկվել են իմ մյուս երկու երեխաները: Իմ որբացած երեխաների իրավունքը պաշտպանելու նպատակով ես դատարանին էի ներկայացրել 13 մլն 374 000 դրամի պահանջ, որն իմ ընտանիքի կրած վնասների չնչին մասն է»,- ասում է Ս. Աթոյանը: Իջեւանի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, բժիշկներից հօգուտ Ս. Աթոյանի պետք է բռնագանձվի 2,5 մլն դրամ, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել: Մինչդեռ, գործի նյութերում առկա Բերդի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի լրացուցիչ հարցաքննության (2008թ. հուլիսի 23-ի) արձանագրությամբ, վկաներից մեկը ցուցմունք էր տվել, որ գլխավոր բժիշկն իր միջոցով Ս. Աթոյանին առաջարկել է 5 մլն դրամ վնասի հատուցում եւ խնդրել է, որպեսզի հնարավոր լինի կալանքից ազատել նաեւ Գ. Մելիքյանին:

Ս. Աթոյանն ուզում է հարցն ըստ օրենքի լուծել, դրա համար ներկայացրել էր դստեր գերեզմանաքարի պատրաստման, տեղափոխման, շինանյութի ծախսերը: Միայն Բերդից Իջեւան 16 դատական նիստերի գնալու համար դատաքննության փուլում ծախսվել է 800 000 դրամ, իսկ նախաքննության փուլում՝ 200 000 դրամ: Հասկանալի է, որ խոսքը իրավական փաստաթղթեր պատրաստելու (մեկ հայցադիմումն արժե 300-500 դոլար, այն էլ նայած՝ որ փաստաբանի մոտ), այն տրամադրելու մասին է, էլ չենք նշում տեղաշարժը: Ս. Աթոյանն ասում է, որ ի տարբերություն իրեն, հիվանդանոցի անձնակազմն իր եւ վկաների տեղափոխումն ապահովել է «շտապօգնության» մեքենաներով, պետական բենզինի հաշվին: «Իմ պահանջը արդարադատության եւ օրենքի խնդիր է: Դատարանները մեղադրյալներին պետք է սովորեցնեն, որ օրենք կա: Իմ 3 հարազատների մահը դրանց տված գրոշի արժեքը չունի: Սակայն ուզում եմ, որ նրանք հատուցեն այն, ինչն իրենց մեղքով ես եմ կատարել»,- ասում է քաղաքացիական գործով հայցվորը:

Ի դեպ, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նիստերին հետեւում էին տիկին Սվետլանայի ամուսնու գեղանկարիչ ընկերները, որոնք դատարանին ներկայացրել էին մի փաստաթուղթ, որով հաստատվում է, որ դստեր մահվանից հետո Ռ. Աթոյանը դադարել է նկարել: Մինչդեռ, այս ընտանիքի գոյատեւման միակ աղբյուրը եղել են Ռ. Աթոյանի ստեղծագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել