Լրահոս
Օրվա լրահոսը

«Հ1»-Ը՝ «ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ»

Հունիս 30,2009 00:00

Մի քանի ամիս առաջ «Էքսպերտների միավորում» կազմակերպությունը կազմակերպել էր «Տհաճ եթեր 2008» մրցանակաբաշխությունը, որի արդյունքները երեկ «Հայացք» ակումբում հրապարակեց նախաձեռնող խմբի ղեկավար Նարեկ Մալյանը: Վերջինիս հավաստմամբ, մոնիտորինգն անցկացվել է այս տարվա փետրվար – մարտ ամիսներին՝ 110 մանդատավորված էքսպերտների կողմից, որոնցից մեծ մասը ճանաչված մտավորականներ են, հայկական հեռուստաալիքներում փորձ ունեցող անձինք: Մոնիտորինգի են ենթարկվել «ԱԼՄ», «Արարատ», «ԱՐ», «Արմենիա», «Արմնյուզ», «Ավետիս», «Դար 21», «Երկիր մեդիա», «Երեւան», «TV 5», «Կենտրոն», «Հայրենիք», «Հայ tv», «Հ1», «հ2», «Շանթ», «Շողակաթ» հեռուստաընկերությունները: Բաց քվեարկությամբ որոշվել է «Տհաճ եթեր 2008» մրցանակը հանձնել Հանրային հեռուստաընկերությանը: Բողոքներ չեն եղել միայն «Հայրենիք» հեռուստաընկերությունից, իսկ «Ար» հեռուստաընկերությունն ընդհանուր առմամբ բավարարել է բարոյական չափանիշներին: Նարեկ Մալյանի խոսքով՝ մնացած բոլոր հեռուստաընկերություններն էլ հավասարապես կարող էին լինել «հաղթողի» դերում: Լրագրողներին հետաքրքրում էր՝ ի՞նչն են հաշվի առել, որ մրցանակը հանձնել են հենց «Հ1»-ին: Բանախոսը 2 պատճառաբանություն առաջ բերեց: Առաջինը՝ եթե մասնավոր հեռուստաընկերություններին հասարակությունը չպետք է թույլ տա, որպեսզի հեռարձակվի անորակ հեռուստաարտադրանք, ապա Հանրայինը պարտավոր է ապահովել բարձրորակ հեռուստաեթեր: Եվ երկրորդ՝ «Հ1»-ի բյուջեն, որ ստացվում է հարկատուներից, շատ ավելի մեծ է, քան մնացած բոլոր 17 հեռուստաընկերություններինը միասին վերցրած: Այսինքն, անորակ հաղորդումներ պատրաստելու պատճառը ֆինանսը չէ: Բանախոսն ասաց, որ իր տանը հեռուստացույցից բացակայում է մի քանի ալիք, որից մեկը հենց «Հ1»-ն է: Նարեկ Մալյանը խուսափեց լրագրողներին հայտնել էքսպերտների անունները: Ավելի ուշ խոստացավ ուղարկել էքսպերտների ցանկը, բայց «Առավոտի» էլեկտրոնային հասցեին այդպես էլ նամակ չեկավ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930