Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չի կարող թանկ լինել սեփական կյանքից

Հուլիս 01,2009 00:00

Սրտաբան Սմբատ Ջամալյանը խորհուրդ է տալիս առողջության համար միջոցներ չխնայել

«Ըստ վիճակագրական տվյալների՝ 1000 բնակչից 7-ը դիմում է որեւէ առիթմոլոգիական հիվանդությամբ, սակայն նրանցից միայն մեկի դեպքում է պարտադիր վիրահատական միջամտության կարիք լինում»,- հավաստիացնում է ՀՀ առիթմոլոգիական սրտաբանական խմբի տնօրեն Սմբատ Ջամալյանը: Նրա ղեկավարած կենտրոնը գործում է 2002-ից, եւ այս 6-7 տարիների ընթացքում կենտրոնի հաճախորդների թիվը 6-7 անգամ աճել է: Մինչեւ անցյալ տարի, որպես այդպիսին, այս կենտրոնը միակն էր տարածաշրջանում, սակայն այս տարի Վրաստանում բացվեց միանգամից 2 առիթմոլոգիական կենտրոն, որոնցից, սակայն, ոչ մեկը չի զբաղվում մանկական՝ 0-7 տարեկան երեխաների առիթմիաներով: Ս. Ջամալյանի խոսքերով՝ «Նման դեպքերում Վրաստանից եւ նույնիսկ Հարավային Ռուսաստանից գալիս են բուժվելու մեր կենտրոնում: Առիթմիաներ հանդիպում են բոլոր տարիքային խմբերում՝ սկսած պտուղից եւ նորածնից, վերջացրած զառամյալներով: Լինում են առիթմիաներ, որոնք բժշկական տեսանկյունից ոչ մի կարեւորություն չեն ներկայացնում, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ առիթմիան մեծ վտանգ է ներկայացնում կյանքի համար եւ կարող է սրտի կանգ առաջացնել: Սակայն ավելի մեծ բարդություն են ներկայացնում մեծ տարիքում ի հայտ եկած առիթմիաները, որոնք հիմնականում առաջանում են սրտի իշեմիկ հիվանդությունների հետեւանքով, սրտի կաթվածից հետո կամ արյան ճնշման տատանումների պատճառով»: Ս. Ջամալյանի հավաստմամբ, առիթմիաները փոխանցվում են նաեւ ժառանգաբար. «Դրանք կարող են լինել ուղիղ առիթմիաներ ծնող կամ սրտամկանի հիվանդություն առաջացնող օջախներ, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են այդ հիվանդությունը»:

Ըստ Ս. Ջամալյանի՝ այս տեսանկյունից պետք է բարձրացնել ընտանեկան բժիշկների դերը, քանի որ եթե ընտանիքում գրանցվել է առիթմիա ունեցող հիվանդ, հատկապես մահվան ելքով, ապա այդ ընտանիքի անդամների վրա պետք է հսկողություն սահմանել, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ ընտանիքի մյուս անդամները եւս կունենան նման առողջական խնդիրներ: «Անցյալ տարի մի ընտանիքում 23-ամյա աղջիկը պարելու ընթացքում հանկարծամահ էր եղել: Այդ դեպքի քննության ընթացքում պարզվել էր, որ դրանից մոտ 5 տարի առաջ նույն կերպ հանկարծամահ էր եղել ընտանիքի միակ որդին՝ 17 տարեկանում: Եթե տղայի մահվանից հետո ընտանեկան բժիշկը հասկանար ժառանգական նախատրամադրվածության մասին, աղջկա մահը հնարավոր կլիներ կանխել»:

Սրտաբան Սմբատ Ջամալյանի խոսքերով՝ առիթմիաների պարագայում որոշակի դեր են խաղում նաեւ նյարդային լարումներն ու սթրեսները. դրանք զարթնեցնում են առիթմիաների քնած օջախները. «Դրանք առիթմիա ծնել չեն կարող, բայց կարող են գրգռել առիթմիայի օջախը եւ նպաստել, որ այն գլուխ բարձրացնի: Հատկապես դեռահասների մոտ երբեմն լինում են առիթմիաներ, որոնք կոնկրետ դրսեւորումներ չեն ունենում եւ մենք ստիպված ենք լինում դիտարկման եւ հսկողության սահմանման միջոցով որոշել բուժման հետագա ընթացքը: Առհասարակ առիթմիաները բուժվում են կամ դեղորայքով, ինչը առավել հաճախ է հանդիպում պրակտիկայում, առավել հազվադեպ լինում են նաեւ վիրահատական միջամտություններ եւ, իհարկե, կոմբինացված բուժումներ, որոնք ոչ միայն վերացնում են առիթմիայի օջախը, այլեւ բարձրացնում են սրտի ուժի կամ կծկողականության մակարդակը»: Ս. Ջամալյանը նշեց նաեւ, որ սրտաբանությունը այն բնագավառն է, որը բուժման տեսանկյունից շատ ծախսեր է պահանջում, բայց, նրա խոսքերով. «ի՞նչը կարող է ավելի թանկ լինել սեփական կյանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել