Նախաձեռնության հեղինակներից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը վստահ է, որ խմբակցությունից դուրս եկողը պետք է վայր դնի մանդատը:
– Սահմանադրական դատարանը որոշեց հակասահմանադրական ճանաչել ԱԺ Կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածը՝ փաստորեն, համապատասխան փոփոխություններից հետո պատգամավորները այլեւս հնարավորություն չեն ունենա զբաղվել առնետավազքով: Նախաձեռնության հեղինակներից մեկն էլ դուք էիք, ինչո՞ւ առաջացավ այս փոփոխության անհրաժեշտությունը:
– ՍԴ-ն երեկ (հունիսի 30-ին) լսեց մի խումբ պատգամավորների (ստորագրել է 35 պատգամավոր) դիմումը, որը վերաբերում է ԱԺ Կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածին, որում արձանագրված է, որ պատգամավորը կարող է գրավոր դիմումով տեղեկացնել խմբակցության ղեկավարին, որ ինքը դուրս է գալիս խմբակցությունից: Եթե հիշում եք, դեռ մինչեւ 1997 թվականը ԱԺ Կանոնակարգ-օրենքով ամրագրված էր, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, եթե միաժամանակ դիմում է ներկայացնում իր պատգամավորական մանդատը վաղաժամկետ վայր դնելու վերաբերյալ: Երբ հանվեց այդ նորմը, անշուշտ, հիշում եք, թե ինչպես քաղաքական ուժերը, խմբակցությունները քանդվում էին, կազմալուծվում: Հիշեք, թե ինչպես մեկ գիշերվա մեջ ստեղծվեց «Երկրապահը», թե ինչ եղավ «Արդարություն» դաշինքի խմբակցության հետ, ինչու՝ ոչ, 2005-ին ինչ կատարվեց մեր քաղաքական ուժի՝ «Օրինաց երկրի» հետ, երբ մենք որոշեցինք դառնալ ընդդիմություն: Այս ամենը վկայում էր, որ առաջացել է որոշակի փոփոխության պահանջ, եւ մենք որոշեցինք հարցին սահմանադրական լուծում տալ եւ ՍԴ-ի օգնությամբ պարզել՝ կա՞ հակասություն երկրի գլխավոր օրենքի առաջին եւ երկրորդ հոդվածների եւ ԱԺ Կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածի միջեւ: Ինչպես գիտեք, երկրորդ հոդվածում ամրագրված է, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն այն իրականացնում է ազատ, արդար ընտրությունների միջոցով ձեւավորվող ՏԻՄ, օրենսդիր մարմինների միջոցով: Հիմա ի՞նչ է ստացվում, թիմային պայքարի արդյունքում համամասնական ցուցակում ընդգրկված մարդը դառնում է պատգամավոր, վաստակում է վստահության քվե եւ որոշ ժամանակ անց որոշում է դուրս գալ տվյալ խմբակցությունից: Սակայն ընտրություններում քաղաքացին իր քվեն տվել է ոչ թե տվյալ անձին, այլ տվյալ կուսակցության, քաղաքական ուժի ծրագրին, գաղափարներին, այսինքն՝ կոնկրետ քաղաքական ուժի: Եվ հիմա, քանի որ մեր երկիրը նպատակ ունի աստիճանաբար անցում կատարել (արդեն դա իրականանում է) դեպի համամասնական ընտրակարգ, բնականաբար, սա շատ կարեւոր հարց է դառնում: Եվ համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած գործիչը պետք է նախապես իմանա, որ եթե ինչ-ինչ պատճառներով ինքը որոշում է դուրս գալ խմբակցությունից, կամ եթե կուսակցության բարձրագույն մարմինն է որոշում նրան հեռացնել խմբակցությունից, ապա նա պետք է իր մանդատը վայր դնի: Ասեմ, որ հայցը ՍԴ ներկայացված էր դեռ մարտի վերջին, եւ հուրախություն մեզ՝ ՍԴ-ն որոշեց, որ մեր դիմումը արդարացի է: Սակայն նշեմ՝ խոսքը չի վերաբերելու համամասնական ցուցակի առաջին երեք համարներին, քանի որ ընտրողը տվյալ քաղաքական ուժին ընտրելով՝ առաջին հերթին ընտրում է տվյալ ցուցակի առաջին երեք համարներին: