Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎՈՂԸ

Հուլիս 07,2009 00:00 Share

Իսկ ոստիկանության աշխատակիցը, ինչպես միշտ, տուժողի կարգավիճակում է

\"\"
Ոստիկանության «շտատնի» վկա Էրիկ Պողոսյանը:

Առնվազն 2007թ.-ի հոկտեմբերի 23-ից ի վեր Հայաստանում ձեւավորված ավանդույթի համաձայն, հայրենի իրավապահները հարձակվում են իրենց սահմանադրական իրավունքն իրացնող, կոնկրետ դեպքում՝ ընդդիմության հանրահավաքների կամ նախընտրական հանդիպումների մասին իրազեկող թռուցիկներ տարածող կամ այդ նպատակով խաղաղ երթի մասնակից այլախոհների, նաեւ՝ լրագրողների վրա, անկարգություն հրահրում, ծեծի ենթարկում քաղաքացիներին ու հետո նրանց մեղադրանք առաջադրում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ընդ որում, քաղաքացիներին խուժանի նման հարձակման ենթարկող ո՛չ համազգեստավոր եւ ո՛չ էլ քաղաքացիական հագուստով ոստիկանները բոլոր այդ դեպքերում մնում են «չբացահայտված» ու անպատիժ: Փորձված այս մեթոդը կիրառվեց նաեւ հուլիսի 1-ին՝ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին, Աբովյան փողոցում, Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները հաջորդ օրվա հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանելիս հարձակման էին ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից ու ծեծի ենթարկվել, ընդհուպ մինչեւ ատրճանակի խզակոթով հարվածներ ստացել: Առավել շատ վնասվածքներ ստացած երեք երիտասարդները, այդ թվում՝ Տիգրան Առաքելյանը եւ անչափահասներ Սահակ Մուրադյանն ու Հերբերտ Գեւորգյանը տեղափոխվել էին Նոր Նորքի Սբ. Գր. Լուսավորիչ, ապա՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր պարզվել էր, որ նրանցից մեկը քթի կոտրվածք, մյուսը ուղեղի ցնցում է ստացել:

Երիտթեւը հայտարարեց

Երեկ ՀԱԿ-ի երիտասարդական խորհուրդը հայտարարությամբ անդրադարձել է այս միջադեպի արդյունքում ծեծի ենթարկվածներից մեկի՝ Տիգրան Առաքելյանի ձերբակալման փաստին եւ արձանագրել. «Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ եւ ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով: Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ պետականության եւ մեր երկրի ապագայի նկատմամբ կատարված այս հանցագործությունը, ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը եւ հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը կրկնապատկելու են մեր ջանքերը՝ օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար»: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հայտարարել էր, թե՝ իբր, քաղաքացիական հագուստով ոստիկանները «Աբովյան փողոցում ծառայություն կատարելիս» նկատել են «վիճաբանող շուրջ 60 քաղաքացիների», մոտեցել են նրանց, «ցույց են տվել ծառայողական վկայականները», ինչը միջադեպի ականատեսները հերքում են, եւ պահանջել՝ «դադարեցնել վիճաբանությունը, սակայն հավաքվածները՝ տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջիններիս վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց: Ոստիկանները փորձել են բերման ենթարկել միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին, ինչը նրանց չի հաջողվել, եւ դիմադրություն ցույց տվող քաղաքացիները դիմել են փախուստի»: Սա այն դեպքում, երբ ծեծի ենթարկված երեք երիտասարդներին էլ, որոնք հիմա կասկածվում են ոստիկանության աշխատակիցներին ծեծելու մեջ, շտապօգնությունը դեպքի վայրից է հիվանդանոց տեղափոխել: Հուլիսի 5-ին Տ. Առաքելյանին ձերբակալել են, երբ նա իր պաշտպան Գիվի Հովհաննիսյանի հետ ոստիկանություն է ներկայացել որպես վկա՝ բացատրություններ տալու համար: Տ. Առաքելյանը եւ մյուս երկու երիտասարդները կասկածվում են ՀՀ ՔՕ 258 հոդվածի՝ 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «խուլիգանություն», որը «զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»: Ի դեպ, արդեն հացադուլ հայտարարած Տ. Առաքելյանի կողմից, իբր, ծեծի ենթարկված եւ իրեն «ծեծողից» անհամեմատ մարմնեղ Կենտրոնի բաժնի ոստիկան Էրիկ Պողոսյանը Կենտրոնի ոստիկանության այն աշխատակիցն է, ով «պիտուշ» վկայի կամ տուժողի կարգավիճակով անցել է քաղբանտարկյալներից ոմանց գործերով:

Ապշեցուցիչ ցինիզմ

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե՝ իշխանությունների, ոստիկանության ցինիզմը ապշեցուցիչ է, որովհետեւ իրականում հանցագործությունը կատարել են հե՛նց ոստիկանության աշխատակիցները, որոնք հիմա ներկայանում են որպես տուժողներ: Լ. Զուրաբյանը վստահ է, որ միջադեպի եւ հետագա զարգացումների կազմակերպիչը Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի պետ Աշոտ Կարապետյանն է: Հիշեցնենք, որ վերջինս հայտնի է նրանով, որ նախկինում՝ Արտաշատի ոստիկանապետ եղած ժամանակ իր աշխատասենյակում դաժան ծեծի էր ենթարկել նաեւ ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանին:

ՀԱԿ-ում ասում են, որ ունեն միջադեպին վերաբերող լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք առայժմ չեն հրապարակի, նաեւ վստահ են, որ երիտասարդների դեմ «թխվող» գործերը տապալվելու են, իսկ ոստիկանությունը հայտնվելու է ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ Լ. Զուրաբյանը դեռ ապրիլի 29-ին տեղի ունեցած համանման մի միջադեպից հետո, երբ ՀԱԿ-ի երիտասարդներից ոմանք բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն ու ազատ արձակվել, տեղեկացրել էր, որ բաժնի ոստիկանապետ Ա. Կարապետյանը զանգել էր իրեն եւ սպառնացել, որ եթե իրենք բողոքեն՝ տղաների դեմ քրգործեր կհարուցվեն, եւ նրանք կհայտնվեն բանտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել