«Ա1+». Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանին 8,842 եվրո վճարել Երևանի բնակիչ Վարդան Թեյմուրազյանին՝ արձանագրելով, որ քաղաքային իշխանությունները շուրջ 24 տարի չեն կատարել նրան ավտոտնակի համար 20 քառակուսի մետր հողատարածք հատկացնելու մասին դատական վճիռը։
Նոյեմբերի 12-ին հրապարակված «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում ՄԻԵԴ-ը միաձայն արձանագրել է արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքների խախտումներ։ Դատարանը գտել է, որ 2022 թվականին հողամասի կառուցապատման կարճաժամկետ իրավունք տրամադրելը չի ապահովել 2002 թվականի դատական ակտի լիարժեք կատարումը։
Հայաստանը պետք է դիմումատուին երեք ամսվա ընթացքում վճարի 5,500 եվրո՝ նյութական վնասի, 2,300 եվրո՝ ոչ նյութական վնասի և 1,042 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։ Վճիռը վերջնական է։
Երկու տասնամյակ ձգված կատարում
Կարդացեք նաև
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2002 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել էր Թեյմուրազյանին ավտոտնակ տեղադրելու համար 20 քառակուսի մետր հողատարածք հատկացնել մայրաքաղաքի կենտրոնում՝ Ամիրյան փողոցի 3 շենքի բակում։
Հարկադիր կատարման վարույթը հարուցվել էր 2003 թվականի հունվարին։ Հետագա տարիներին քաղաքապետարանը հիմնականում պատճառաբանել էր, որ նշված հասցեում քաղաքաշինական նորմերին համապատասխան ավտոտնակ տեղադրելու համար ազատ տարածք չկա։
2012 թվականին քաղաքապետարանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով կարճել կատարողական վարույթը։ Դատարանը 2018 թվականին հայցը մերժել էր որպես չհիմնավորված։ Քաղաքապետարանի հետագա բողոքները նույնպես արդյունք չէին տվել։
2022 թվականի մարտի 30-ին Երևանի քաղաքապետը որոշել էր Թեյմուրազյանին տրամադրել տվյալ հողամասի կառուցապատման իրավունք, սակայն միայն մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ը։ Պայմանագիրը կնքվել էր մայիսի 18-ին՝ նախատեսելով ժամկետի ավարտից հետո հողամասը վերադարձնելու պարտավորություն։
Ավտոտնակի տեղադրման թույլտվությունը Թեյմուրազյանն ստացել էր սեպտեմբերի 28-ին՝ պայմանագրի ավարտից մոտ երեք ամիս առաջ։ Հոկտեմբերին հարկադիր կատարման մարմինը կարճել էր վարույթը՝ դատական վճիռը համարելով կատարված։
Թեյմուրազյանը ներկայացրել էր ավտոտնակի նախագծերի հինգ տարբերակ, որոնց վերաբերյալ քաղաքապետարանը պահանջել էր համապատասխանեցում քաղաքաշինական նորմերին։ Երբ նա 2023 թվականի փետրվարին ներկայացրել էր վերամշակված տարբերակները, քաղաքապետարանը հայտնել էր, որ դիմումը չի կարող ընթացք ստանալ, քանի որ կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետն արդեն ավարտվել է։ Այն երկարաձգելու դիմումները մնացել էին անարդյունք։
Ժամանակավոր իրավունքը բավարար չէր
ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունը պնդել էր, որ վճիռն ամբողջությամբ կատարվել է 2022 թվականի մարտի 30-ի քաղաքապետի որոշմամբ։
Դատարանը մերժել է այդ փաստարկը՝ նշելով, որ 2002 թվականի վճիռը հողամասից օգտվելու նման ժամկետային սահմանափակում չէր նախատեսում։ Ո՛չ քաղաքապետի որոշմամբ, ո՛չ կառավարության ներկայացրած դիրքորոշմամբ չէր հիմնավորվել, թե ինչու էր այդ իրավունքը տրամադրվել միայն մինչև 2022 թվականի վերջը։
Դատարանի գնահատմամբ՝ նույնիսկ եթե Թեյմուրազյանը պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո ստանար բոլոր թույլտվություններն ու տեղադրեր ավտոտնակը, նա կկարողանար դրանից օգտվել ընդամենը յոթ ամսից փոքր-ինչ ավելի։ Իրականում նա պայմանագրի գործողության ընթացքում չէր հասցրել ստանալ անգամ բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները։
«Դատական վճռի կատարումը պետք է լինի լիարժեք և ամբողջական, այլ ոչ թե մասնակի», — նշել է ՄԻԵԴ-ը՝ արձանագրելով քաղաքապետարանի գործողությունների և ներպետական դատարանի վճռի պահանջների միջև ակնհայտ անհամապատասխանություն։
Դատարանը նաև ընդգծել է, որ ժամանակավոր պայմանագիրը ստորագրելով՝ դիմումատուն չէր հրաժարվել դատական վճռով ճանաչված իր իրավունքներից։
Նախկին փոխհատուցումը չէր վերացրել խախտումը
Թեյմուրազյանը փոխհատուցման պահանջով Հայաստանի դատարան էր դիմել դեռևս 2005 թվականին։
2022 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր նրա իրավունքների խախտումը և քաղաքապետարանից հօգուտ նրա բռնագանձել 4,563,640 դրամ՝ մինչև 2017 թվականի փետրվարը կրած նյութական վնասի, և 2 միլիոն դրամ՝ ոչ նյութական վնասի դիմաց։ Վճիռը վերջնական էր դարձել 2023 թվականի սեպտեմբերին, իսկ գումարները հետագայում վճարվել էին։
Կառավարությունն այդ հանգամանքը վկայակոչել էր՝ պնդելով, որ դիմումատուն այլևս չի կարող համարվել խախտման զոհ։ ՄԻԵԴ-ը, սակայն, գտել է, որ փոխհատուցումը չի վերացրել իշխանությունների՝ դատական վճիռը շարունակաբար չկատարելու հետևանքները։
Ստրասբուրգի դատարանը մերժել է նաև կառավարության այն առարկությունը, որ Թեյմուրազյանը չէր բողոքարկել քաղաքապետի՝ 2022 թվականի որոշումը և կատարողական վարույթը կարճելու որոշումը։ Ըստ ՄԻԵԴ-ի՝ նույնիսկ հաջողության դեպքում այդ բողոքարկումները նրան կվերադարձնեին այն նույն իրավիճակին, որում նա արդեն գտնվել էր գրեթե 20 տարի՝ առանց էական արդյունքի։
ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Առաջին արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ։ Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի վերաբերյալ՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով ներկայացված բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն դատարանը չի տեսել։



















































