Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՊՐՈՍԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ

Հուլիս 07,2009 00:00 Share

«Մենք պաշտպանում ենք Հայաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը՝ հակամարտությունը ինքնորոշման եւ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներով լուծելու հարցում: Ես հուսով եմ, որ շատ շուտով այս հարցը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- Հանրային հեռուստաընկերությանն ասել էր Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Կիպրոսի նախագահը Թուրքիայի մասին ասել է, որ Թուրքիան ինչպես հակառակորդ, այնպես էլ իբրեւ բանակցող պատմականորեն շատ դժվար երկիր է. «Ամեն օր մենք Թուրքիայի հետ կապված դժվարություններ ունենք»: Պարոն Խրիստոֆիասը երեկ երկու նախագահների համատեղ ասուլիսում հայտարարեց. «Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ժողովրդավարական ճանապարհով հեղափոխություն կլինի: Այդ ժամանակ միայն ես կընդունեմ, որ թուրքերը եւ Թուրքիան իսկական եվրոպացիներ են: Ողջունում եմ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը՝ ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը: Այդ թշնամությունը՝ շրջափակումը, պետք է դադարեցվի: Հույս եմ հայտնում, որ թուրքական կառավարությունը իրեն կդրսեւորի որպես հասուն իշխանություն»: Դիմիտրիս Խրիստոֆիասը երեկ հայտարարեց, որ Հայաստանում ինքն իրեն զգում է ինչպես տանը եւ իր հերթին Հայաստանի նախագահին հրավիրեց Կիպրոս: Զուգահեռներ անցկացնելով Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ՝ Կիպրոսի նախագահը հայտարարեց, որ Կիպրոսի երազանքն է բարեկամության եւ գործակցության կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ. «Հայաստանը կարող է համարել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է եվրոպական ընտանիքում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել