Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական եւ կեղծ հայրենասիրությունը»

Հուլիս 07,2009 00:00 Share

Երեկ այս վերտառությամբ հայտարարություն է տարածել ԱԺ քաղբանտարկյալ պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

\"\"Պատգամավորի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե՝ «վերջին օրերին մեր որոշ վայ «հայրենասերներ» թեմա են ճարել ու օրնիբուն քննարկում են Զարուհի Փոստանջյանի, իբր «աննախադեպ դավաճանական» քայլը եւ իրենց ճղճղան ձայնով աղաղակում են, թե չտեսնված, չլսված բան է տեղի ունեցել՝ հայ պատգամավորը ԵԽԽՎ-ում իր առաջարկությունները տվել է ստորագրելու թուրք ու ադրբեջանցի պատգամավորներին: Մի պարզ հարց եմ ուզում տալ բոլոր վայրահաչողներին. եթե մեր երկրի վրայից քաղբանտարկյալ ունեցողի խարանը ջնջելու, ազատամարտիկներին, քաղաքական գործիչներին բանտերից ազատելու առաջարկներին, որոնք այդ նույն ԵԽԽՎ բանաձեւերի պահանջն են, դուք վերաբերվում եք խուլ ու անտարբեր, կարծես դա վերաբերում է Մոզամբիկին կամ Կոնգոյին, ի՞նչ պետք է աներ իսկական սկզբունքային պատգամավորը: «Յուրայինների» մեջ բանականություն չգտնելով ու տեսնելով միայն կոնյակային «դիվանագետներին»՝ նա կարողացել է օգտագործել մեր դարավոր թշնամիներին՝ ի նպաստ մեր երկրի ազատության համար այդ նույն թշնամու դեմ կռված ու հաղթած ազատամարտիկների ազատ արձակման: Այդ քայլը վկայում է միմիայն նրա մեծ հայրենասիրության ու նվիրվածության մասին»:

Ս. Միքայելյանը «դավաճանության մասին ճամարտակողներին» մի քանի հեռակա հարց է ուղղել՝ «ո՞ւր էիք մարտի 1-ին: Թե՞ ձեր համար դավաճանություն չէ խաղաղ ցուցարարների գիշերային ջարդն ու հայ երիտասարդներին Երեւանի կենտրոնում սառնասրտորեն գնդակահարելը: Ո՞ւր էր այսօր ամենահիստերիկ աղմուկ բարձրացնող Նաիրա Զոհրաբյանը: Միգուցե, նա այդ օրերին գտնվում էր հենց նույն Մոզամբիկո՞ւմ…», «ո՞ւր էին հայրենասիրության դասեր տվող դաշնակցականները, որոնք, ժողովրդական խոսքով ասած, միշտ «մեջը ուտում են, կողքերը՝ պտտվում»: Դե, նրանք էլ երեւի խիստ գաղտնի ժողով էին անում՝ որոշելու համար, թե շաբաթվա ո՞ր օրերին պետք է լինեն ընդդիմադիր: Չէ, այն ժամանակ ոչ մեկը ռիսկ չէր անում բառ անգամ արտահայտվել, մինչդեռ հիմա իրար հերթ չեն տալիս հայրենասիրության մասին ճոռոմ խոսքեր ասելիս: Հայրենիքի ապագայով այդ վայ մտահոգվողները, բնականաբար, չեն խոսում նաեւ մարտի 1-ին հետեւած շինծու դատավարությունների մասին, որոնք վերջնականապես թաղեցին մեր երկրում արդարադատություն ունենալու վերջին հույսը»:

Ամփոփելով իր ասելիքը՝ քաղբանտարկյալը դիմել է Զ. Փոստանջյանին՝ «այն, ինչ անում են նրանք, անում են իրենց այսօրվա գոյության համար, ու կմոռացվի, իսկ այն, ինչ անում ենք մենք՝ ժողովրդի համար է, ու կհիշվի դարեդար: Այնպես որ, լավ է լինել թեկուզ զնդանում՝ մեր նման ազատամիտ, քան թե ազատության մեջ՝ նրանց նման ստրկամիտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել