Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»

Հուլիս 07,2009 00:00 Share

Կիեւի փողոցներում անցկացրած մեր հարցումները ցույց տվեցին, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող «գազային պատերազմը» լուրջ բնույթ է կրում. որոշ ուկրաինացիներ կարծում են, որ Ուկրաինան անվստահելի գործընկեր է թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի համար:

\"\"\"\"

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած «գազային պատերազմում» հիմնական մեղավորը մեր երկիրն է, քանի որ Եվրոպայի համար նախատեսված գազի ծավալներից Ուկրաինան ապօրինաբար յուրացնում էր, ինչի հետեւանքով էլ Ռուսաստանը ձմռան կեսին ամբողջովին դադարեցրեց դեպի Եվրոպա մատակարարվող գազը: Փաստորեն, մեր երկիրը անվստահելի գործընկեր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի համար»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կիեւում գործնական նպատակներով գտնվող Խարկովի բնակիչ Անդրեյ Լուցենկոն:

Օրերս «Առավոտը» Կիեւի փողոցներում ուկրաինացիների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեց՝ պարզելու, թե հասարակ քաղաքացիներն ի՞նչ կարծիք ունեն ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» վերաբերյալ:

Նշենք, որ անցյալ տարվա վերջին մոտ 20-25 օր եվրոպական երկրներ գազ չմատակարարվեց, քանի որ Ռուսաստանը եւ Ուկրաինան չէին կարողանում համաձայնության գալ գազի մատակարարման պայմանագրերի շուրջ, ինչի հետեւանքով Եվրոպայում իսկական գազային խուճապ սկսվեց:

Ի տարբերություն ուկրաինացի փորձագետների, որոնց հետ հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներս հանդիպեցինք Կիեւում՝ հունիսի 28-ից հուլիսի 3-ը «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպության նախաձեռնած սեմինարի շրջանակներում, որոնք այդպես էլ չհստակեցրին, թե այդ պատերազմում ով է մեղավոր՝ Ռուսաստա՞նը, թե՞ Ուկրաինան, հասարակ քաղաքացիներն իրենց համար արդեն պարզել էին մեղավորներին: Մենք Կիեւի բնակիչներից հետաքրքրվեցինք նաեւ, թե ի՞նչ կարծիք ունեն այս տարվա հունվարի 19-ին՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի միջեւ կնքված համաձայնագրի վերաբերյալ, ըստ որի, Ուկրաինան պարտավորվում է Ռուսաստանից գնել ավելի մեծ ծավալներով գազ, քան նախկինում, ինչը, ուկրաինացի մի շարք փորձագետների կարծիքով, ամենեւին ձեռնտու տարբերակ չէ Ուկրաինայի համար:

Կիեւի բնակիչ Սերգեյ Պետրովիչի համոզմամբ, Պուտինի եւ Տիմոշենկոյի միջեւ կնքված համաձայնագիրը ուկրաինացիների համար պարզապես նվաստացուցիչ է, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանն այսուհետեւ կոշտ դիրքորոշում կդրսեւորի եւ ճնշում կգործադրի՝ պահանջելով մեծ գումարներ տարանցիկ գազի համար. «Շուտով մեր երկրում կբարձրանա գազի սակագինը, սակայն ես կարծում եմ, որ ուկրաինացի սպառողները դեռեւս պատրաստ չեն դրան, քանի որ մեր երկրում միջին աշխատավարձը դեռ ցածր է, չնայած հուլիսի 1-ից Ուկրաինայում աշխատավարձերը բարձրացրել են»:

Մեզ հետ զրուցած ուկրաինացիներից ոմանք էլ գտնում էին, որ Ուկրաինայում սպասվող առաջիկա նախագահական ընտրություններում գազի թեման փայլուն առիթ կլինի, որպեսզի թեկնածուներն այն շահարկեն ու հօգուտ իրենց «դիվիդենդներ» շահեն:

Կիեւի բնակիչ Յուլիա Լեսնիի կարծիքով. «Ես գտնում եմ, որ այսօրվա դրությամբ գազի շուրջ ոչ մի կոնֆլիկտ էլ չկա, այս տարվա համար համաձայնագիրն արդեն կնքված է, Եվրոպան մեզ օգնության կարգով կտրամադրի գումարներ, մենք գազ կունենանք եւ այն բարեհաջող կտրամադրենք Եվրոպային: Այդուհանդերձ, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը գազի հարցը կշահարկի»:

Իսկ թե նախագահական ընտրություններին Ռուսաստանն ո՞ւմ կսատարի, հարցման ենթարկված քաղաքացիները չկարողացան հստակ պատասխանել, քանի որ նրանցից ոմանց կարծիքով՝ «նախորդ ընտրություններից Ռուսաստանը հավանաբար դասեր է քաղել եւ այս անգամ ավելի խորամանկ կգտնվի ու կոնկրետ մի թեկնածուի վրա հույսը չի դնի»: Այս առնչությամբ, փորձագետ, Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Բոնդարենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Այս ընտրություններին Պուտինը կխաղա բոլոր խաղացողների հետ»:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած գազի խնդիրը շուտով կլուծվի՝ անկախ մեր ներքաղաքական խնդիրներից, Ռուսաստանի հետ մեր երկիրը միշտ էլ բարեկամական հարաբերություններ է ունեցել: Այս ամենը պարզապես ժամանակավոր բնույթ է կրում»,- մեզ հետ զրույցում նման լավատեսական կարծիք հայտնեց Կիեւի բնակիչ Վլադիմիր Կուչներենկոն:

Խորհրդային տարիներին Կիեւի խորհրդի պատգամավոր Վասիլի Իվանովիչն էլ գտնում է, որ այսօր իր երկրի իշխանությունները «կեղտոտ քաղաքականություն» են վարում. «Ուկրաինայի իշխանություններն այնքան էլ ճիշտ չեն վարվում՝ այդքան մեծ արտաքին պարտքեր կուտակելով: Պետք չէ այդքան պարտք վերցնել, այլ պետք է երկրի ռեսուրսներն օգտագործել եւ հարցերը լուծել, որպեսզի հետագա տարիներին այդքան պարտքեր չմարենք»: Նրա կարծիքով, Ուկրաինայի զարգացմանը խոչընդոտում է երկրի գործադիր իշխանությունների այդքան հաճախակի փոփոխությունը:

Մենք ուկրաինացիներից հետաքրքրվեցինք նաեւ, թե Եվրամիությունն ինչպե՞ս կարող է նպաստել, որպեսզի լուծվի գազի շուրջ ծագած ռուս-ուկրաինական խնդիրը: Հարցվածներից ոմանք կարծում էին, որ այդ հարցը զուտ Ռուսաստանի եւ Ուկրաինայի լուծելու խնդիրն է, իսկ Եվրամիությունը շահագրգռված է այնքանով, որ այդ երկու երկրների անհամաձայնության պատճառով եվրոպացիներն են տուժում: Այս առնչությամբ Միջազգային էներգետիկ ակումբի անդամ Ալեքսանդր Տոդիյշչուկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետեւյալ կարծիքը հայտնեց. «Եվրամիությունն ուզում է այս հարցը լուծել, բայց դեռեւս չի կարողանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել