Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղից հետո ընտանիքս կործանվեց»

Հուլիս 07,2009 00:00 Share

«Եթե անկեղծ լինեմ, ապա միայն մի բան կարող եմ ասել՝ Ղարաբաղը կործանեց իմ ընտանիքը. նկատի ունեմ ղարաբաղյան պատերազմը: Վերադառնալով՝ տունս դատարկ գտա: Ընտանիքս լքել էր ինձ՝ պատճառաբանելով, որ Հայաստանն այլեւս ապրելու երկիր չէ»,- մեզ հետ զրույցում պատմեց 52-ամյա Աղասի Մալխասյանը: 1993-ին Աղասին, վերադառնալով տուն, պարզել էր, որ ոչ միայն հոսանքից, հեռախոսից է զրկված, այլեւ ընտանիքի անդամներից՝ կնոջից եւ 2 աղջիկներից. «Բայց ես նրանց չեմ մեղադրում. միայն ուժեղ մարդը կկարողանար հարմարվել այդ պայմաններին: Բայց նրանք էլ պետք է ինձ չմեղադրեն՝ ես ի՞նչ կարող էի անել, ինձ հայրենիքն էր կանչում: Դա յուրաքանչյուրիս պարտքն էր»:

Աղասիի կինն ու աղջիկներն այժմ բնակվում են Սանկտ-Պետերբուրգում: Աղջիկները սովորում են Պետերբուրգի պետական համալսարանում: Կինը այլեւս չի ուզում վերադառնալ. ամուսնու հետ բոլոր կապերը խզել է: Աղջիկները երբեմն-երբեմն հոր հետ հեռախոսով խոսում են, խոստանում, որ մի օր նորից կհանդիպեն: «Ես հիմա մի հույսով եմ ապրում, որ աղջիկներս կավարտեն համալսարանը, աշխատանքի կանցնեն ու ինձ կկանչեն իրենց մոտ: Լենինգրադում երեւի ավելի հեշտ աշխատանք կգտնեմ, քան այստեղ: Իմ աղջիկներն ինձ շատ են սիրում, դա է ինձ ապրելու ուժ տալիս»,- ասաց Աղասին:

Աղասին մասնագիտությամբ շինարար-վարպետ է: Պատերազմից հետո մի քանի տարի կարողացել է իր մասնագիտությամբ աշխատել: Բայց այսօր նրա համար աշխատանք գտնելը դժվար է՝ «ֆիզիկական հնարավորություններս չեն ներում»: Աղասիի պատմելով, տարիներ շարունակ ձմռանը բնակարանը չի տաքացնում: Նա չի հիշում գոնե մեկ օր, որ տաք սենյակում գիշերած լինի: «Պատերազմից առաջ շատ լավ էինք ապրում: Բայց հիմա հաճախ ոչ սառնարանն եմ միացնում, ոչ էլ հեռուստացույցը, որ էլեկտրաէներգիայի վարձը կարողանամ վճարել»,- պատմում է Աղասին: Աղասին հպարտ է, որ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին եւ իր ներդրումն է ունեցել Շուշիի ազատագրման գործում: Բայց նա չի կարող չխոստովանել, որ այդ նույն պատերազմի հետեւանքով իր կյանքը ամբողջովին տակնուվրա եղավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել