«Պրովայդերներից յուրաքանչյուրն իր համար ստեղծել է բաժանորդների որոշակի շրջանակ եւ չի ձգտում նրանց թիվն ավելացնել, ընդլայնել եւ զարգացնել բիզնեսը»,-անցյալ շաբաթ-կիրակի Դիլիջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը: Նշենք, որ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը սկսել է կապի եւ հեռահաղորդակցության ոլորտի նոր հայեցակարգ մշակել: Ըստ Գ. Սարգսյանի, կա հեռահաղորդակցության ոլորտը օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտություն: Նախարարի ներկայացմամբ, տվյալ փաստաթղթից կբխեն նաեւ մի շարք օրենքներում փոփոխություններ, բացի այդ՝ նախարարը չի բացառել, որ նոր օրենքներ ստեղծելու կարիք էլ լինի: Նախարարը հիշեցրել է, որ «Կապի մասին» հիմնական օրենք չկա:
Այս անգամ օրենսդրական նախաձեռնության աշխատանքային խմբում ներառված են ոչ միայն կառավարական մարմինների ներկայացուցիչներ, այլեւ ինտերնետ-պրովայդերներ: Անդրադառնալով ինտերնետ-կապի գնին՝ նախարարը նշեց՝ դա ուղղակիորեն կապված է օգտագործողների՝ բաժանորդների թվի հետ. որքան շատ բաժանորդ լինի, այնքան տվյալ ծառայությունն էժան կլինի: Այդ առումով նախարարը նշեց, որ ինտերնետի բաժանորդների թվի վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա, ինչն էլ ոլորտի խնդիրներից մեկն է հանդիսանում:


















































