Երեկ Երեւանի նորընտիր ավագանին Երեւանի նորընտիր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որին ներկա էր ավագանու 47 անդամ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Օրակարգի հարցերը վերաբերել են մայրաքաղաքի այս տարվա բյուջեին, Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքին, քաղաքապետարանի եւ 12 վարչական շրջանների հաստիքացուցակների հաստատմանը, Երեւանի քաղաքապետի տեղակալների նշանակմանը: Համաձայն քաղաքապետարանի նոր կառուցվածքի, Երեւանի քաղաքապետն ունի 3 տեղակալ, աշխատակազմը բաղկացած է 20 վարչությունից: Ավագանին քվեարկությամբ հաստատել է Տարոն Մարգարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնում: Մյուս 2 տեղակալների պաշտոններում նշանակվել են Կամո Արեյանն ու Վանո Վարդանյանը:
Ավագանին վերահաստատել է ինքնակամ կառույցների օրինականացման գործող կարգը: Սահմանվել են նաեւ մայրաքաղաքի քաղաքային նշանակության գովազդային եւ քաղաքաշինական գոտիները: Ավագանին քվեարկությամբ հաստատել է օրակարգում ներառված բոլոր հարցերը:
Իր խոսքում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ավագանու խմբակցություններն ու հանձնաժողովները, ինչպես դա նախատեսված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով», կհաստատվեն ավագանու հերթական՝ սեպտեմբերին գումարվելիք նստաշրջանում:


















































