Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Սլավոնական համալսարանը ավարտելուց հետո՝ 22-ամյա Արեգ Աշոտի Մալխասյանին զորակոչեցին բանակ: Արեգը պիտանի չէր ծառայության, սակայն հաշվի չառան այս հանգամանքը:

Զինվորը հասցրեց ծառայել ընդամենը 7 օր եւ մահացել է զորամասում՝ վերնաշապիկի օձիքը կարելիս:

Երեկ դիահերձեցին Արեգին: Զինվորի վրա բռնության որեւէ հետք չի հայտնաբերվել:

Արեգը մինչեւ բանակ զորակոչվելը առողջության հետ կապված խնդիրներ ուներ: Նա արյունահոսում էր: Դեռ չէր ապաքինվել: Հայրը՝ Աշոտ Մալխասյանը, որդու առողջության հետ կապված դիմել էր զինկոմիսարիատ եւ տեղեկացրել, որ որդին ի վիճակի չէ ծառայելու: 1մ 71 սմ հասակ ունեցող Արեգի քաշը նույնպես նորմալ չէր. զորակոչիկը 58 կգ էր կշռում:

Արեգին անսպասելի կանչում են զինվորական հավաքակայան, որտեղ էլ պարզվում է, որ նրա բժշկական փաստաթղթերը «գործում» չկան: Ծնողները հասցնում են հավաքակայանի բժիշկներին հանձնել Արեգի առողջության հետ կապված բոլոր տեղեկանքները, սակայն այնտեղ էլ քամահրանքով են վերաբերվում՝ ծնողների երեսին շպրտելով՝ «առել եք-բերել եք» բառերը:

Արեգին 1 շաբաթ առաջ տարան Ղարաբաղ, այնտեղից 2 օր հետո՝ Գորիս: Դիետայով սնվող երեխայի վիճակը (ենթաստամոքսային գեղձի հետ կապված) վատանում է:

Զորամասում անսպասելի մահանում է ընդամենը մի քանի օր զինվոր դարձած Արեգ Մալխասյանը:

Երեկ Աշոտ Մալխասյանի ընկերները կատարվածի մասին տեղեկացրին նաեւ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ տիկին Գրետա Միրզոյանին:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ «Առավոտին» ահազանգեցին, որ շարային ծառայության համար պիտանի են ճանաչել ու զորակոչել են բանակ Ղուկաս Մուրադյանին: Նրա կրունկի տակ ոսկոր է աճում:

Մեկ այլ երեխայի էլ՝ Պետրոս անունով, զորակոչել են բանակ: Նա չի կարող ծամել, որովհետեւ 7մմ-1սմ ատամները չեն «նստած» տեղում: «Խորոված ուտելու չես գնում» ասելով, նրան զորակոչել են բանակ: Մեկ այլ զորակոչիկի, որը կշռել է 42կգ, բանակ էին տարել, այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեին (45կգ-ից ցածրին իրավունք չունեն): Հավաքակայանում, որպեսզի ապահովեն քաշը, մի քանի լիտր ջուր էին խմեցրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել