Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցը երեկ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ կապված ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Աշոտ Ոսկանյանի առողջական վիճակի հետ: Իրավապաշտպանը տեղեկացնում է, որ Ոսկանյանը հերթական անգամ գտնվում է Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:
Անցյալ տարվա մայիսին Աշոտ Ոսկանյանը զորակոչվել է ՀՀ ՊՆ զորամաս ժամկետային զինվորական ծառայության՝ «Ծնկոսկրի գերշարժունակություն, խոնդրոմալիացիա ֆունկցիայի աննշան խանգարում» ախտորոշմամբ: Բժիշկ-մասնագետները նշված հիվանդության համար առաջարկել են երկու տեսակի բուժում. ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ բուժական ֆիզկուլտուրա, որը կապահովի ծնկահոդի մկանաջլային ապարատի պնդացումը, վիրահատական ջլամկանային պլաստիկա:
Ա. Սաքունցը տեղեկացնում է, որ Ա. Ոսկանյանի հարազատները բազմաթիվ նամակներ են հղել՝ զինծառայողի առողջական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար: Սակայն՝ անարդյունք:
Այս տարվա մարտի 26-ին նրան վիրահատում են. ախտորոշվում է ծնկոսկրի խոնդրոմալիացիա: Օրեր առաջ՝ հունիսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Փայտյանը ռուսերեն գրությամբ Աշոտ Ոսկանյանի մորը տեղեկացրել է, որ Ա. Ոսկանյանը հետազոտվել է, ճանաչվել պիտանի ոչ շարային ծառայության համար եւ տեղափոխվել զինվորական ծառայության:
Իրավապաշտպան գրասենյակը նախարարից պահանջում է կամ դադարեցնել նրա ծառայությունը, կամ միջոցներ ձեռնարկել նրա առողջական վիճակը բարելավելու համար:


















































