Երիտասարդական փորձարարական թատրոնում արդեն հինգ օր է՝ փորձում են լուծել նոր տնօրենի հանելուկը: Մշակույթի նախարարության հրամանով Էդիկ Հակոբյանին այսուհետեւ փոխարինելու է Արթուր Նալբանդյանը: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանն ասաց, որ նախկին տնօրենը հեռացվել է առանց պատճառաբանության, շնորհակալություն են հայտնել լավ աշխատանքի համար եւ առաջարկել փոխտնօրենի պաշտոնը՝ նույն թատրոնում: Այս մասին ոչ միայն թատրոնում, այլեւ Թատերական գործիչների միությունում ոչ ոք ոչ մեկին չի տեղեկացրել: Հ. Վահանյանը հավաստիացրեց, որ Ռուսաստանից վերջերս ժամանած նոր տնօրենն էլ դեռեւս անտեղյակ է անելիքներից. «Նրա խոսքն եմ ձեզ փոխանցում՝ երբ ինքնաթիռից վայր իջա, ինձ միանգամից ոսկե սկուտեղով մատուցեցին թատրոնի տնօրենի պաշտոնը»: Երիտասարդական պետական թատրոնում այս խնդրի շուրջ պարզաբանումներ են պահանջել մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանից, որն էլ թատրոնի ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանի խոսքով պատասխանել է. «Առաջիկայում նախատեսվում է ձեր թատրոնի միավորումը մեկ այլ թատրոնի»: Երիտասարդական փորձարարական թատրոնում համոզված են՝ միավորումը հենց «Գոյ» թատրոնի հետ է լինելու: Երիտասարդ դերասաններն էլ փորձում են գուշակել միավորման հնարավոր պատճառները:
«Բոլորը գիտեն «Գոյ» թատրոնի տնօրեն Մազմանյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մտերմության մասին, բայց չի կարելի սուրճի սեղանի շուրջ նման որոշումներ ընդունել: Ինչ խոսք, պետական կարգավիճակ չունեցող «Գոյ» թատրոնի համար սա հիանալի հնարավորություն է, իսկ մեզ համար՝ եղեռնագործության նման մի բան»,- ասաց թատրոնի դերասան Գոռ Գինոսյանը: Երիտասարդական փորձարարական թատրոնի արտիստները վստահեցնում են՝ մինչեւ վերջ կպայքարեն իրենց թատրոնում չհիմնավորված փոփոխությունների դեմ: Երիտասարդական թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանը հայտնի ասույթը՝ Հայաստանը պետք է առանց հայերի, հարմարեցրեց իրենց թատրոնում տիրող վիճակի հետ. «Փաստորեն, մեր թատրոնը պետք է՝ առանց մեր աշխատակազմի»:
Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով կապվեցինք նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի հետ: Նրա խոսքով, Երիտասարդական փորձարարկան թատրոնի հնարավոր միավորումը այլ թատրոնի հետ՝ դեռեւս գաղափար է. նախարարությունում քննարկման փուլում է ու շատ հնարավոր է նման որոշում երբեւէ չընդունվի: Հին տնօրենին նորով փոխարինելու մասին էլ ասաց, որ պարզապես ավարտվել էր պաշտոնավարման պայմանագրային ժամկետը. «Մենք բարձր ենք գնահատում Էդիկ Հակոբյանի վաստակը եւ նրան առանց աշխատանքի չենք թողնի»,- ասաց փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Երկու թատրոնների հնարավոր միավորումն էլ, փոխնախարարի համոզմամբ, միայն կնպաստի թատրոնների ստեղծագործական հնարավորությունների ընդարձակմանն ու թատրոններին կտա համակարգված աշխատանքային ծրագիր: Վերջնական որոշումը նախարարությունը նախատեսում է նոր թատերաշրջանին:


















































