ՁԿՆՈՐՍԸ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Լոռու մարզի Տաշիր գետում ձուկ որսալիս բարձր լարման (10000 Վ) էլեկտրասյան վրա է բարձրացել ու հոսանքահարվել Տաշիրի Գետափնյա փողոցի թիվ 8 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Սահակյանը: Ա. Սահակյանը տեղում մահացել է:
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՍՆԿԻ «ՍԵԶՈՆԸ» ԲԱՑՎԵՑ
Սնկային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Լանջյան փողոցի թիվ 9 տան բնակիչներ՝ 73-ամյա Անդրուշ, 47-ամյա Ալվինա, 49-ամյա Ալվարդ, 73-ամյա Վարդուշ Մխիթարյանները, ինչպես նաեւ 28-ամյա Կարեն Կարապետյանը, 50-ամյա Սամվել Փառոյանը եւ Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/3 շենքի 32-րդ բնակարանի բնակիչ՝ 53-ամյա Արամ Մելքոնյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը ծանր է:
Մեկ այլ թաղամասից՝ Գայի փողոցի 23 տան բնակիչներն են տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Սնկից թունավորվել էին 50-ամյա Օքսաննա, 21-ամյա Արարատ եւ 19-ամյա Անահիտ Դանիելյանները: Սուխումի փողոցի թիվ 1 շենքի 46-րդ բնակարանի բնակչուհի՝ 61-ամյա Մարգարիտ Պապոյանը երեկ նույնպես թունավորվել էր սնկից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Վանաձորում ամենաշատ դեպքերը գրանցվել են սնկային թունավորումից:
Ա. Գ.
ԾԱՆՐ ՎԹԱՐ՝ ԱՂՎԵՐԱՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՄՈՏ
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ՌԱՖ» մակնիշի 3919 Տ պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Երեւանի բնակիչ, 35-ամյա Սամվել Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը: Պատահարի հետեւանքով ուղեւորներից երկուսը՝ Երեւանի բնակիչներ՝ 37-ամյա Աստղիկ Խաչատրյանը եւ 12-ամյա Անդրանիկ Բրսոյանը տեղում մահացել են, իսկ Մարինե Հակոբյանը, Ռուզաննա Ալեքսանյանը, Լուսինե Հարությունյանը, Մարիամ Ղարիբյանը, Աննա Գալստյանը, Ռուզաննա Հարությունյանը, Տիգրան Հարությունյանը, Կարեն Մելիքսեթյանը, Լուսինե Մելիքսեթյանը, Տաթեւիկ Մարգարյանը եւ Գրիգոր Բրսոյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Չարենցավանի հիվանդանոց, այնտեղից էլ՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:
Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը միջին ծանրության է:
ՄԵՔԵՆԱՆ՝ ԱՌՎՈՒՄ
Կոտայքի ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն՝ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 17 ՏՕ 406 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից եւ ընկել առուն:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մարզի «ՍՈՍ» մանկական գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արման Պետրոսյանի դին: Նույն գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Պետրոսյանը, Երեւանի Նար-Դոսի փողոցի թիվ 34 տան բնակիչ՝ 21-ամյա Սաթենիկ Պետրոսյանը եւ Երեւանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի 2-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ՝ 21-ամյա Ստեփան Հովակիմյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց:


















































