Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐՆԻՍԱԺ՝ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

Հուլիս 07,2009 00:00 Share

Մինչ Լոռվա մարզի նկարիչները փորձում են ցուցահանդեսներ կազմակերպել ու մշակութային աշխուժություն ապահովել, Նկարիչների միությունը տրտնջում է, թե ցանկություն ունի, հնարավորություն՝ ոչ:

\"\"\"\"
\"\"

ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ հուլիսի 5-ին Ալավերդու քաղաքապետարանը քաղաքի Քարե կամրջի հարեւանությամբ գտնվող «Վանենի» սրճարանում կազմակերպել էր քաղաքի նկարիչների եւ գեղարվեստի դպրոցի աշակերտների նկարների եւ գոբելենների բացօթյա ցուցահանդես՝ վերնիսաժ:

«Միջոցառումը նվիրված է մեր պետության հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը: Մեր քաղաքի գեղեցիկ վայրերից մեկում ենք հավաքվել եւ ես կարծում եմ՝ սա մեր լավագույն միջոցառումներից մեկն է»,- ասաց քաղաքապետարանի մշակութային աշխատանքների գծով առաջին կարգի մասնագետ Սիլվա Դավթյանը: «Գովելի է, որ մարդիկ դուրս են գալիս տնից, տոնում են: Երբ քաղաքին հավատարիմ ես մնում՝ ստեղծագործում ես նրա հոգսերին համահունչ: Ես քաղաքի մշակութային կյանքում աշխուժություն եմ նկատում: Նկարիչների մոտ նաեւ վախ եւ պասիվություն եմ նկատում, բայց որ հաճախակի նման միջոցառումներ կազմակերպեն, պասիվությունը կվերանա: Ներկայացված են քաղաքի 4 նկարիչների աշխատանքներ: Ամեն շաբաթ այս վայրում ներկայացնելու ենք աշխատանքները՝ վերնիսաժի ստեղծման ավանդույթ ենք ստեղծում»,- ասաց Ալավերդու պատկերասրահի տնօրեն Ռաֆիկ Ջավախյանը: Պարոն Ջավախյանին խնդրեցինք նոր տեղեկություններ տալ վերջերս փակման շեմին հայտնված Ալավերդու պատկերասրահի մասին: Այս թեմային «Առավոտը» անդրադարձել է հունիսի 10-ին: «Անցած շաբաթ պետական պատկերասրահի տնօրենը հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարը արդեն հրաման է տվել Ալավերդու պատկերասրահը պահպանելու մասին, նա հայտնեց, որ առաջիկայում կգան Ալավերդի՝ տեղում որոշելու, թե ինչ նկարներ են տրամադրելու մեր պատկերասրահին: Աշխատանքները, մի խոսքով, ընթացքի մեջ են»,- ասաց Ռաֆիկ Ջավախյանը:

Քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանը նկատեց, որ նկարիչների նոր սերունդ է ձեւավորվում, որը, սակայն, Ալավերդի չի վերադառնում. «Մենք արդեն հին սերունդ ենք համարվում: Ողջունելի բան կա, որ հին սերունդը նորից սկսել է նկարել, որովհետեւ մի ժամանակ գրեթե ոչ մեկս չէինք նկարում, հիմա սկսել ենք զբաղվել: Մենք ուզում ենք էստեղ հիմնական վերնիսաժ բացել, որպեսզի ամեն շաբաթ-կիրակի մշակույթի մի կենտրոն էլ սա դառնա»,- ասաց Վարուժան Վարդումյանը:

«Եթե այդպիսի միջոցառումները հաճախ լինեն, բոլորս պարտավորված կզգանք: Կարեւորը հիմքը դնելն է, այսօր երիտասարդները սա տեսնելով՝ կոգեւորվեն, նման միջոցառումը մեր քաղաքի համար անհրաժեշտություն է»,- ասաց նկարիչ Ռաֆիկ Կոնինյանը:

Վերնիսաժի բացմանը հրավիրված էին ՀՀ նկարիչների միության անդամ 10 նկարիչ եւ միության նախագահ Կարեն Աղամյանը: Վերջինս չթաքցրեց իր հիացմունքը Լոռվա անկրկնելի բնաշխարհի եւ անհանգստությունը՝ բնաշխարհին աղետներ պարգեւող բնապահպանական վիճակի առիթով: «Գիտեք, երբ մոտենում էինք այս գեղատեսիլ վայրին, հոգիներս բացվում էր, նկատում էինք էս ծուխը, լացն էր գալիս, ուղղակի տխրության եւ ջղայնության զգացում ենք ապրում, հետո եկանք այս գեղեցիկ միջավայրը, տեսանք այս գեղեցիկ միջոցառումը՝ նորից ուրախացանք: Սա մի վայր է, որտեղ կան մեծ հակասություններ: Ես չգիտեմ, ով պետք է մտածի այն մասին, որ բնությունը եւ մարդը վնասվում են արտադրության հետեւանքով»: Կարեն Աղամյանին խնդրեցինք ներկայացնել իր կարծիքը Ալավերդու՝ փակման վտանգի տակ գտնվող պատկերասրահի մասին: «Մանրամասն չգիտեմ, բայց նոր մի քանի բան լսեցի, շատ զայրացած եմ: Մենք մտածում ենք ավելացնել մշակութային վայրերը, նրանց որակը բարձրացնենք, պարզվում է, մի վայր, որը դեռ խորհրդային ժամանակ կար, խորհրդային իշխանությունները արել են, մենք վերացնում ենք: Չի կարելի»,- հայտարարեց Նկարիչների միության նախագահը:

Իսկ մարզերում եւ մայրաքաղաքից դուրս՝ համայնքներում արվեստը զարգացնելու մասին էլ ասաց՝ «Համայնքների հետ աշխատել մենք շատ ենք ուզում, բայց Նկարիչների միությունը չունի որեւիցե ֆինանսական հնարավորություն: Պետբյուջեից մենք ոչինչ չենք ստանում: Մի կերպ գոյատեւում ենք այսօր: Մենք այս վայրում չունենք նկարիչների խումբ, որը համախմբվի եւ դառնա մեր մասնաճյուղը, չկա այդ բանը: Համայնքներում տաղանդավոր երեխաների հետ զբաղվելու շատ ցանկություն ունենք, բայց հնարավորություններս չի ներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել