Ի տարբերություն անցած տարիների, այս տարի Ախալքալաքի կենտրոնական շուկայի վաճառասեղանները ծանրաբեռնված չեն հայկական պտուղբանջարեղենի բազմազան տեսականիով: Հայաստանաբնակ վաճառականների այցն Ախալքալաք՝ համեմատաբար նվազել է: Այս առթիվ «Ա-Ինֆո» գործակալությունը խոսել է տեղացիների հետ: Ոմանց կարծիքով, ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը մեկն է. հայ-վրացական սահմանակետում բեռնափոխադրման թույլտվություն ձեռք բերելու համար վաճառականը շատ ավելի մեծ գումար պետք է վճարի, ինչը, սակայն, օրվա ապրուստը հազիվ հայթայթող ոչ բոլոր վաճառականներին է հարմար:
Հայաստանից Վրաստան մեկ տոննա միրգ փոխադրելու համար պետականորեն գանձվում է մոտ 300 լարի, բայց բանջարեղենի դեպքում վճարը երկու անգամ ավելի նվազ է: Վաճառականների մեկնաբանմամբ, հենց սա է բուն պատճառը, որ հայկական միրգը համեմատաբար թանկ գնով են վաճառում, քան բանջարեղենը: Ստեղծված իրադրությունից դժգոհ է նաեւ սպառողը: Տեղաբնակ գնորդները թեեւ հասկանում են այն դժվարությունները, որոնց մասին ասում են հայաստանաբնակ վաճառականները, բայց ցածր աշխատավարձի հանգամանքը ստիպում է դժգոհություն հայտնել շուկայական բարձր գներից: Արդյունքում՝ վրացահայը իր զամբյուղից «ջնջել» է հայկական ծիրանը, դեղձը եւ բալը:
Ախալքալաքցիները առաջարկում են որոշակիորեն ցածրացնել վաճառվող հայկական պտուղ-բանջարեղենի արժեքը, որպեսզի սպառողների մեծամասնությունը կարողանա օգտվել: Սակայն հայաստանցի վաճառականները չեն կարող վնասով աշխատել ու հաճախ ստիպված են մերժել ախալքալաքցիներին: Մնում է հարցը տեղափոխել Հայաստան-Վրաստան պետական հարաբերությունների մակարդակ:


















































