Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահական ֆակուլտետ՝ ֆրանսիական ծրագրերով

Հուլիս 07,2009 00:00 Share

Aix-Marseille II համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համագործակցությունը

\"\"Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) երեկ բացվեց նոր՝ առողջապահության ֆակուլտետ: Այն կիրականացնի մագիստրոսական կրթություն՝ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Ուսումնական ծրագիրը կազմված է Ֆրանսիայի Aix-Marseille II համալսարանի բժշկական ֆակուլտետի կրթական ծրագրի համաձայն: Շրջանավարտները կստանան առողջապահության կառավարման մագիստրոսի որակավորում, Եվրոպական եւ Ֆրանսիայի նշված համալսարանի դիպլոմներ:

Երեկ հրավիրված ասուլիսին հայկական եւ ֆրանսիական կողմի ներկայացուցիչները խոսեցին ծրագրի բովանդակության մասին: ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը խոսեց Ֆրանսիայի Aix-Marseille II համալսարանի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ այն եվրոպական համալսարանի երկարամյա գործընկերներից է. «Մագիստրոսական ծրագրով կրթություն ստանալու հնարավորություն կտրվի ընդամենը 20 անձի: Կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ հարակից մասնագիտություններ ունեցող մարդիկ: Ուսման վարձը առաջին տարվա համար նախատեսված է 500 հազար դրամ, սակայն անելու ենք այնպես, որ այն մյուս տարիներին էլ փոփոխություն չկրի»:

Ռեկտորը նաեւ նշեց. «Եվրոպական եւ Ֆրանսիայի Aix-Marseille II համալսարանների միջեւ համագործակցության շնորհիվ մեր ուսանողները կրթությունը 2-րդ կուրսից կարող են շարունակել Aix-Marseille II համալսարանում: Գործում են նաեւ փոխանակման ծրագրեր: Լավագույն ուսանողները նախադիպլոմային պրակտիկա են անցնում Ֆրանսիայում»: Ասուլիսին հրավիրված էր նաեւ Aix-Marseille II համալսարանի խորհրդի նախագահի գլխավոր խորհրդական, դոկտոր, պրոֆեսոր Միշել Գասպարյանը: Նա իր խոսքում նշեց. «Առաջին ծրագիրը «Տասիսի» հետ համատեղ անցկացրել ենք Երեւանի բժշկական համալսարանի հետ, քանի որ Հայաստանում բժշկական այլ բուհ կամ ֆակուլտետ, որպես այդպիսին, գոյություն չուներ»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ այժմ բժշկական համալսարանի հետ չկա համագործակցություն: Մինչ պարոն Գասպարյանի պատասխանելը՝ ԵԿՏԱ ռեկտորը նշեց. «Մենք հանդիպել ենք ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ: Մեր իրականացրածը մի ծրագիր է, որը յուրաքանչյուր առողջապահական հիմնարկ պիտի որ ողջունի: Կարծում եմ՝ խնդիրներ չեն առաջանա, քանի որ նորաբաց ֆակուլտետում դասավանդելու են նաեւ ազգային ինստիտուտի մասնագետները: Բացի այդ, վիդեոկոնֆերանսների, գործուղումների միջոցով դասավանդման ոլորտում համագործակցություն կլինի նաեւ ֆրանսիացի գործընկերների հետ»:

Իսկ մեր բարձրացրած հարցի կապակցությամբ պարոն Գասպարյանն ասաց. «Բժշկական համալսարանում մենք աշխատել ենք դեղագործական եւ ատամնաբուժական ֆակուլտետների դասախոսների հետ: Մեր համալսարանը պատրաստ է համագործակցել, մենք բազում նամակներ ենք ուղարկել Բժշկական համալսարանին, սակայն նոր ռեկտորի օրոք նրանք ակտիվություն չցուցաբերեցին»: Ասուլիսի ավարտին պարոն Գասպարյանը պարգեւատրվեց Եվրոպական համալսարանի հուշամեդալով:

Իսկ «Առավոտը» ԵԿՏԱ ռեկտորից հետաքրքրվեց՝ արդյո՞ք լուծվեցին համալսարանի այն խնդիրները, որոնք կապված էին բուհի լիցենզիայի հարցերի հետ: Պարոն Ավետիսյանն ասաց. «Ես արդեն 1.5 տարի ռեկտոր եմ, ու այժմ նման խնդիրներ չկան: Մենք միջպետական բուհ ենք, որի հիմնադիր կողմերից մեկը ՀՀ կառավարությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել