Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայկական ջարդեր Մարգանեցում

Հուլիս 07,2009 00:00 Share

\"\"Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ այնտեղ է գտնվում Սերգեյ Մադաթյանը, որն իրեն անվանում է միջազգային հայկական կազակական միավորման ատաման: Նա Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է, որ այս պահին Մարգանեցում գտնվում է ընդամենը 5-6 հայկական ընտանիք, որոնց անվտանգությունն է ապահովում «Բերկուտ» հատուկ ջոկատը: Բոլոր մնացած հայերը դուրս են բերվել քաղաքի սահմաններից, քանի որ նրանց սպառնացել է կոտորածի վտանգը: Մադաթյանը հանդիպել է տարբեր ազգության մարդկանց հետ, որոնք բացատրել են, թե տեղական բնակչությունը վրդովված է այն ապօրինություններից, որոնք իրենց թույլ են տվել որոշ հայեր եւ այն բանից, որ ոստիկանությունը որեւէ կերպ չէր կանխում այդ գործողությունները: Կրիտիկական կետ է դարձել ոստիկանության սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյի սպանությունը, որը կատարվել էր կենցաղային հողի վրա՝ Մարգանեցի հայազգի բնակչի կողմից: Ըստ Մադաթյանի՝ քաղաքում ստեղծված իրավիճակը հիշեցնում էր 1988 թվականի Սումգայիթը: Հայերին ծեծում էին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք դիմում էին հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու համար: Բոնդարենկոյի սպանության հաջորդ օրը նրանց չէր հաջողվում լքել քաղաքը, քանի որ այն շրջափակված էր հատուկ ստորաբաժանումների կողմից:

Տեղացիների խոսքերով՝ իրավիճակը Մարգանեցում սրվել էր այն բանից հետո, երբ Հայաստանի Սեւանի շրջանի նախկին բնակիչ Սամվելը ծանր վնասվածքներ էր հասցրել երեք երիտասարդների եւ ոստիկանության մի սպայի: Ըստ նրանց՝ դա վերջին կաթիլն էր, որը միավորել էր տեղացիներին, որոնք սկսեցին հայազգի բնակչության ջարդերը: Սերգեյ Մադաթյանն իր տարակուսանքն է հայտնել Մարգանեցի հայերին որեւէ ձեւով օգնության չեկած Դնեպրոպետրովսկի հայ համայնքի անգործության առթիվ: Իսկ Դնեպրոպետրովսկի մարզի կազակական ընկերակցության ատաման Գրիդասովի վրդովմունքն էլ հարուցել է Ուկրաինայում ՀՀ դեսպանության անտարբերությունը. «Դեսպանը պիտի Մարգանեցում լիներ դեռ օրեր առաջ: Դեսպանատան անտարբերությունը խոսում է այն մասին, որ իրենց ամենեւին չի հետաքրքրում ազգակիցների ճակատագիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել