Երկիշխանությունը մեծածախ ինտերնետի շուկայում հանգեցրեց նրան, որ Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը տարածաշրջանում ամենացածրն է, իսկ գինը՝ ամենաբարձրը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», այդ մասին ասվում է ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հեռահաղորդակցության վարչության գործունեության մասին՝ Կրթության զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development–AED) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) զեկույցում: Զեկույցը ներկայացվել է հուլիսի 4-5-ին Դիլիջանում կայացած ՀՀ ՏՏ առաջնորդների ֆորումում: Զեկույցի համաձայն, Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 5.8%-ը, մինչդեռ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 12.7%, Վրաստանում՝ 8.9%, Իրանում՝ 34.9%, իսկ Թուրքիայում՝ 36.9%: ADSL տեխնոլոգիայով վայրկյանում 1 մեգաբիտ արագությամբ անսահմանափակ ինտերնետի ամսավճարը Հայաստանում կազմում է $80, Վրաստանում՝ $10, Ադրբեջանում՝ $40, իսկ Թուրքիայում՝ $28:
Զեկույցի հեղինակներն առաջարկում են, որպեսզի սակագները կարգավորի ՀԾԿՀ-ն՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հետ համատեղ: «Բացի այդ, պրովայդերները պետք է հնարավորություն ստանան վարձակալել «ԱրմենՏելի» ռեսուրսները ինքնարժեքով հիմնավորված գներով եւ այդպիսով կազմակերպեն իրենց ելքը դեպի միջազգային կապուղիներ»,- նշվում է զեկույցում: Զեկույցի հեղինակները մատնանշում են նաեւ այն, որ ՀԾԿՀ-ի կիրառած պատժամիջոցները կախված չեն օպերատորների եկամուտներից եւ խախտումների շտկման ժամկետներից՝ խորհուրդ տալով կատարել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի տուգանված լինելու վտանգը ետ կանգնեցնի օպերատորներին հաճախակի եւ շարունակական խախտումներից:


















































